Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թեկնածուներից մեկը հանցավոր ռեժիմին ծառայած դատական համակարգի կարկառուն դեմքերից է, իսկ մյուսը՝ նույն համակարգի կարկառուն դեմքերից մեկի զավակը». իրավապաշտպան

Օգոստոս 04,2020 16:46

«Իմ քայլը» խմբակցության հեղինակած՝ սահմանադրական փոփոխությունների օրինագիծն ԱԺ-ում ընդունվելու արդյունքում ՍԴ երեք դատավորի թափուր մնացած պաշտոնում առաջադրված երեք թեկնածուներն արդեն հայտնի են: Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, իսկ նախորդիվ դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի, կառավարությունը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2013թ.-ից ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:

Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը Երվանդ Խունդկարյանի եւ Վահրամ Ավետիսյանի գիտելիքների հետ կապված մասնագիտական առումով որեւէ խնդիր չի տեսնում, թեեւ, օրինակ, Խունդկարյանի դեպքում, ըստ նրա, կան բավականին վիճելի դատական ակտեր:

Երվանդ Խունդկարյանը, Նինա Կարապետյանցի բնորոշմամբ, հանցավոր ռեժիմին ծառայած դատական համակարգի ներկայացուցիչ է: «Ինձ համար նա բացարձակ անընդունելի կերպար է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Գիտելիքների առումով հարցը չէի քննարկի, որովհետեւ խնդիրը բարոյական հարթությունում է՝ երկու թեկնածուի դեպքում էլ: Թեկնածուներից մեկը, իմ խորին համոզմամբ, հանցավոր ռեժիմին ծառայող դատական համակարգի կարկառուն դեմքերից է եղել, իսկ մյուսը՝ նույն հանցավոր համակարգի կարկառուն դեմքերից մեկի զավակը եւ այդ համակարգի մասն է կազմել: Վահրամ Ավետիսյանի մասին է խոսքը: Լինել Սերժ Սարգսյանի ժամանակից նշանակված ամբիոնի վարիչ…պատահական մարդ չի կարող լինել, դա նշանակում է, որ այդ մարդը կիսել է այդ գաղափարներն ու այն ամենը, ինչը դավանել է հանցավոր ռեժիմը»,-շեշտեց տիկին Կարապետյանցը:

Նա վստահ է՝ Վահրամ Ավետիսյանի գրառումը հաստատում է, որ նա իր բարոյական պատկերացումներով չի կարող զբաղեցնել բարձր դատարանի որեւէ պաշտոն, անգամ՝ տեխնիկական պաշտոն. «Ցավում եմ, որ մեզանում այնքան է նսեմացվել բարձր դատարանի գաղափարը, որ պատկերացում կա, թե բարձր դատարանի դատավորի աշխատանքը տեխնիկական է, թուղթ ստորագրողի…այդպես չէ: Բարձր դատարանի գաղափարի բովանդակությունն է, ցավոք, կորել: Վստահ եմ, որ բարձր դատարանի դատավոր կարող են լինել միայն անթերի մարդիկ: Հասկանալի է, որ իրականում անթերի մարդիկ չկան, բայց գրեթե անթերի մարդիկ պետք է լինեն, որոնք պատրաստ կլինեն քննադատության, իրենց անձի շուրջ խոսակցությունների: Նրանք պետք է կարողանան արժանապատիվ արձագանքել նման խոսակցություններին, իսկ Վահրամ Ավետիսյանը դա չկարողացավ: Նա տապալեց առաջին իսկ փորձությունը, որին չկարողացավ դիմանալ: Համոզված եմ, որ նա հետագայում էլ կդրսեւորի այդ վարքագիծը, եթե դառնա դատավոր»:

Հիշեցնենք՝ ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»:

«Մարտի 1»-ի գործով բանտարկվածներն ու զոհերի հարազատներն այս առնչությամբ հայտարարություն էին տարածել՝ շեշտելով, որ Ավետիսյանի գրառումը կատարելու պահին նրա թեկնածության դեմ բողոք միայն իրենք էին հղել, ուստի «նեղ անձնական, հատվածական և խմբային շահերով» արտահայտությունը վիրավորական է եւ վերաբերել է հենց իրենց:

Ավետիսյանն այս հարցը պարզաբանել էր լրագրողների հետ զրույցում: Իսկ իր հոր անվան հետ կապված խոսակցություններին արձագանքելով՝ նա ասել էր, որ նախորդ դատական համակարգի մեղքերի համար չի պատրաստվում դառնալ «քավության նոխազ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31