Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային ռեցեսիան թվում է անխուսափելի. Արման Գյուլգազյան

Օգոստոս 04,2020 17:01

 Covid-19 համավարակի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա

 Սույն հոդվածն անդրադառնում է արդյունաբերությունների և պետությունների վրա COVID-19 համավարակի տնտեսական ազդեցությանը: Այն քննարկում է տնտեսական ուղիները, որոնք ազդեցություն կունենան տնտեսական գործունեության, ինչպես նաև պետությունների և արդյունաբերությունների վրա ունեցած անհամաչափ արդյունքների վրա: Կատարվում է նաև COVID-19-ի պոտենցիալ համաշխարհային տնտեսական կորուստների մոտավոր գնահատում տարբեր դիպաշարերի պարագայում:

COVID-19 համավարակը բռնկվեց 2019թ. դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում: Այն շարունակում է տարածվել ամբողջ աշխարհով մեկ: Ներկա պահի դրությամբ կա ընդհանուր թվով 10 միլիոն հաստատված դեպք, որից մոտ 500.000-ը՝ մահվան ելքով: Մինչ որոշ երկրներ ի վիճակի եղան արդյունավետորեն հաղթահարել գրանցված դեպքերը, դեռևս անհայտ է, թե որտեղ և երբ նոր դեպքեր կգրանցվեն: Ամեն օր վարակակիրների թիվն ավելանում է, և նոր երկրներ են ներառվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) այն տարածաշրջանների ցանկում, որտեղ գրանցվել են համավարակի դեպքեր: Այնուամենայնիվ, թվում է, թե Չինաստանում գրանցված դեպքերն աճեցին, և այժմ նահանջում են: Հակառակ միտումն է նկատվում Եվրոպայում և ԱՄՆ-ում: Հանրային առողջության վտանգավորությամբ պայմանավորված՝ ԱՀԿ-ը հայտարարեց միջազգային արտակարգ իրավիճակ:

Խիստ փոխկապակցված և ինտեգրված աշխարհում հիվանդության հետևանքները գերազանցում են մահացության մակարդակը: Որպես այդպիսին աշխարհի բոլոր կառավարություններն իրենց տնտեսությունը պահպանելու համար կազմում են արտակարգ իրավիճակի պլան և օգնության փաթեթներ: Չինաստանում ականատես եղանք բազմաթիվ խիստ սահմանափակումների: Սա իր հերթին հանգեցրեց սպառման նվազման և արտադրական դադարների: Ընդհանուր առմամբ, խափանվել է մատակարարման համաշխարհային ցանցերի գործունեությունը՝ իր ազդեցությունը թողնելով ամբողջ աշխարհի ընկերությունների վրա: Միլիոնավոր մարդիկ մոտակա ամիսներին կարող են գործազուրկ մնալ: Բացի այդ ամեն օր մտահոգիչ լուրեր ենք լսում ավելի շատ ընկերությունների մասին, որոնք դադարեցնում են գործառնությունները, վերանայում են գնահատումները կամ հայտարարում ժամանակավոր անաշխատունակ լինելու մասին: Սպառողները ևս փոփոխել են իրենց սպառման ձևերը, ինչը հանգեցրել է ամբողջ աշխարհով մեկ սուպերմարկետներում շատ ապրանքների պակասի: Համաշխարհային ֆինանսական շուկաներն արձանագրել են կտրուկ անկում, և անկայունությունը նույն մակարդակի վրա է կամ ավելի բարձր, որքան 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամը:

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF)՝ COVID-19 համավարակը հանգեցնում է բարձր և աճող մարդկային ծախսերի ամբողջ աշխարհով մեկ, և անհրաժեշտ պաշտպանական միջոցները խիստ ազդեցություն են թողնում տնտեսական գործունեության վրա: Համավարակի արդյունքում համաշխարհային տնտեսությունը 2020թ. կտրուկ կնվազի 3%-ով, ինչն առավել վատ է, քան 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ԱՄՀ-ը կանխատեսում է 1.5% տնտեսական աճ: Ի հավելումն, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD)՝ ՀՆԱ-ի փոփոխության վերաբերյալ կանխատեսումը (2020թ.) կենտրոնանում է հավասարապես երկու դիպաշարերի վրա․ առաջինի դեպքում վարակի երկրորդ ալիք՝ թարմացված սահմանափակումներով մինչև 2020թ. վերջ, իսկ մյուսի դեպքում կանխվում է մեկ այլ խոշոր բռնկում: Առաջինի պարագայում համաշխարհային տնտեսության պրոյեկտումը -6% է, մինչդեռ երկրորդի դեպքում այն կազմում է -7.2%:

ԵՐԿՐՈՐԴԸ ԿԻՍՈՎ ՉԱՓ ԱՎԵԼԻ ՎԱՏ Է, ՔԱՆ ԱՌԱՋԻՆԸ

Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Չինաստանի ՀՆԱ-ն 2020թ. առաջին եռամսյակում անկում է գրանցել: Քանի որ Չինաստանի տնտեսության մասնաբաժինը կազմում է համաշխարհային տնտեսության մոտ 16%-ը, ապա սա լավ լուր չէ աշխարհի համար: Ճգնաժամից առաջ Չինաստանի ակնկալվող ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակի համար կազմում էր 6%: Այսօրվա դրությամբ մտնում ենք գլոբալ համավարակի սցենարի մեջ:

Նախորդ ամսվա ընթացքում ամբողջ աշխարհով մեկ հանրային կյանքի վրա սահմանափակումներ դրվեցին: Երկրները հետևեցին Չինաստանի օրինակին. տեղաշարժման սահմանափակումներ, զանգվածային կարանտինային հիվանդանոցներ, հանրային առողջապահական միջոցառումների ավելացում, մեծահասակների նկատմամբ հոգատարություն և այլն: Կան նաև սահմանափակումներ ճանապարհորդության վրա. ընկերություններն իրենց աշխատողներին ուղարկում են տուն, թռիչքներ չեն իրականացվում և այլն:

Իրականությունն այն է, որ արևմտյան երկրների մեծ մասը բռնկման առումով հետ է մնում Չինաստանից 1.5-2.5 ամսով: Նրանք նաև հետ են ուղղիչ միջոցառումների իրականացման առումով, և կասկածելի է, որ սահմանափակումները կլինեն նույնքան արդյունավետ, որքան դրանք Չինաստանում էին: Այդուհանդերձ, երաշխավորվում է, որ երկրների մեծ մասի մոտ երկրորդ կեսն առաջինից էլ ավելի վատ է լինելու: Առաջին կեսի ավարտը հենց սրա մասին է վկայում: ԱՄՆ-ում ավելի շատ աշխատատեղեր են կրճատվել (ավելի քան 10 միլիոն) մարտի վերջին երկու շաբաթների ընթացքում, քան 2008-2010թթ. ճգնաժամի ժամանակ: Մարտի վերջին շաբաթում ԱՄՆ-ում 6.7 միլիոն աշխատող գործազրկության հայտ ներկայացրեց. նախորդ առավելագույնը 700.000-ից պակաս էր:

ԱՐԴՅՈւՆԱԲԵՐԱԿԱՆ ՏԱՏԱՆՈւՄՆԵՐ. ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆ ԱՄԵՆԱՇԱՏՆ Է ՏՈւԺՈւՄ 

          Որոշ երկրներ անհայտ ժամանակով լոքդաուն ռեժիմ են սահմանել: Մարդիկ աշխատում են հեռավար եղանակով կամ ուղղակի չեն աշխատում: Մենք առերեսվում ենք ճանապարհորդական սահմանափակումներին, մարզական միջոցառումների չեղարկումներին, ինչպես նաև հավաքների սահմանափակումներին: Մարդիկ Եվրոպայում չեն օգտվել (նրանց մեծ մասը դեռ չի օգտվում) հանրային տրանսպորտից և խուսափում են հանրային վայրեր այցելելուց, ինչպիսիք են ռեստորանները, առևտրի կենտրոնները և թանգարանները:

Բոլոր ոլորտները վնասներ կկրեն: Ուսումնասիրություններ կան, որ սպառողների կողմից հայեցողական ծախսերը կրճատվել են: Այնուամենայնիվ, COVID-19-ի հետևանքները տնտեսության մեջ հավասարապես չեն բաշխվի: Իրավիճակն առանձնակի վատ է հյուրընկալությանն առնչվող ոլորտներում: Իսկապես, համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությունը՝ ավիաընկերություններից մինչև շրջագայություններ կազմակերպող ընկերություններ, խաղատներից մինչև հյուրանոցներ, գրանցում են գործունեության կրճատում ավելի քան 90%-ով: Զբոսաշրջային ուղղությունները դատարկ են, ավիաընկերությունները թռիչքներ չեն իրականացնում և աշխատանքից ազատում են իրենց աշխատակիցներին, տոնավաճառներն ու շրջագայությունները չեղարկվում են, հյուրանոցները և խաղատները դադարեցնում են իրենց գործունեությունը…

Բացի այդ կան գործունեության այլ տեսակներ, որոնք հիմնվում են զբոսաշրջության վրա և կտուժեն կողմնակի ազդեցություններից: Ճանապարհորդական սահմանափակումներից և կարանտինից բացի ընկերությունները չեղարկում են ճանապարհորդություններն ու հանդիպումները, իսկ կառավարությունները փակել են սահմանները: Ի հավելումն, հայտնի է, որ Չինաստան այցելող զբոսաշրջիկներն աշխարհի ամենամեծ ծախսողներն են: Ճանապարհորդության զգալի անկումն էականորեն ազդում է աշխարհի շատ ուղղությունների վրա: Ակնհայտորեն Հունաստանի, Պորտուգալիայի, Մեքսիկայի կամ Իսպանիայի նման երկրները, որոնք ավելի շատ են խթանում տուրիզմը (ՀՆԱ-ի ավելի քան 15%), ավելի շատ վնասներ կկրեն այս ճգնաժամից: Չնայած գլոբալիզացիային՝ զբոսաշրջային մեծ ակտիվությունը մնում է տեղական մակարդակում:

Ծառայությունները, որոնցից մենք օգտվում ենք ամեն օր, չեն վաճառվում և մնում են տեղական շուկայում: Այստեղ նույնպես նկատելի բացասական ազդեցություն կա տնտեսության վրա: Մինչ մարդիկ չեղարկում են ատամնաբույժի մոտ այցերը, հետաձգում են սանրվածք անելը, չեն գնում դրսում ճաշելու կամ սպասում են իրենց տունը վաճառքի հանելուն, սա մեծ հարված է հասցնում ծառայությունների վրա հիմնված տնտեսություններին: Իրականում սպասարկման ոլորտներում կորցրած արդյունքների մեծ մասը երբեք չի վերականգնվում: Եթե մտածում եք գնել բջջային հեռախոս կամ միկրոալիքային վառարան, հավանաբար պետք է սպասեք և ավելի ուշ գնում կատարեք (ենթադրաբար այս շոկը ժամանակավոր է, դուք դեռ աշխատանք և հասանելի եկամուտ կունենաք, երբ այս ամենն ավարտվի): Այնուամենայնիվ, եթե այս սահմանափակումների արդյունքում չեք գնում դրսում ճաշելու, շատ քիչ հավանական է, որ COVID-19 ճգնաժամի անհետացումից հետո կգնաք՝ «չգնացած ընթրիքների» փոխարեն, և ոչ էլ շաբաթը երկու անգամ նոր սանրվածք կանեք:

ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԸ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՈւՐԸ ԽԱԹԱՐՎԱԾ ԵՆ

Մատակարարման ցանցերը մեկ այլ խողովակ են, որի միջոցով COVID-19-ը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա: Ինչպես տարբեր շուկաների ցուցանիշներն են ցույց տալիս, համաշխարհային մատակարարման ցանցերը վնասներ են կրել այս ճգնաժամից: Իսկ սա կողմնակի ազդեցություն է թողնում այդ ցանցերի տարբեր մակարդակներով: 2020թ. համաշխարհային առևտուրը բոլոր տարածաշրջաններում անկում կգրանցի տնտեսության բոլոր ոլորտներում: Սա էլ կազդի այն երկրների վրա, որոնք ոչ միայն հզոր արտահանողներ են (իրենց տեղական ընկերությունների համար առանց արտադրողականության), այլ նաև ներկրողներ (հումքի պակաս):

Առևտրի համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ակնկալում է, որ համաշխարհային առևտուրն այս տարի կնվազի 32%-ով: Ավտոմեքենա արտադրող ընկերությունները փակվում են պահեստամասերի պակասի պատճառով: Այսպես լինում է արդյունաբերական շատ ոլորտների պարագայում: Նույնիսկ լյուքս դասի ապրանքների դեպքում, ինչպիսիք են շվեյցարական ժամացույցները, դետալներն ընդհատումներով են մատակարարվում արտադրողներին: Մատակարարման ոլորտի ընդհատումներն արտադրող ընկերությունների համար կավելացնեն արտադրանքի արժեքը: Խաղալիքներ արտադրող Hasbro ընկերության նման ընկերությունները, որն իր հումքի համարյա 70%-ը ստանում է Չինաստանից, վնասներ է կրում: Քանի որ Չինաստանում փակվում են գործարաններ, իսկ տրանսպորտային ուղիները սահմանափակվում են, Hasbro-ի նման ընկերությունների համար արտադրանքը շուկա մտցնելը նկատելիորեն դժվարացել է:

Համաձայն ԱՄՆ Մատակարարումների կառավարման ինստիտուտի՝ ընկերությունների 75%-ն իրենց մատակարարման ցանցերում անկում են գրանցել: Այս ուսումնասիրության համաձայն՝ ԱՄՆ շատ կազմակերպությունների համար պատվերների իրականացման ժամկետները կրկնապատկվել են: Ի հավելումն դրա՝ նկատվել է նաև հումքի և վերջնական արտադրանքի պակաս: Այս ամենն ավելի է սրվում ապրանքներն աշխարհով մեկ տեղափոխելու գործում օդային և օվկիանոսային բեռնափոխադրումների այլընտրանքի պակասի արդյունքում: Այս վնասն իրական է: Իհարկե, սա կասկածի տակ է դնում շատ ընկերությունների՝ ժամկետների մեջ տեղավորվելու ռազմավարությունը, որոնք փորձում են ցանկացած գնով նվազագույնի հասցնել առկա արտադրանքը: Արդյունավետության և ճկունության միջև փոխզիջումն այժմ հասկանալի է շատ ղեկավարների համար: Հասկանալի է, որ որոշ ընկերություններ ցանկանում են ունենալ ներկայացուցչություններ (կամ մատակարարներ) տարբեր երկրներում՝ որպես ռիսկերի նվազեցման ռազմավարություն, նույնիսկ եթե սա փոքր-ինչ ավելի թանկ է, քան իր միջին արժեքը:

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Չինաստանի պաշտոնյաները նշում են, որ համավարակի գագաթնակետն անցել է: Այնուամենայնիվ, շատերը հավատում են, որ ամիսներ կտևի մինչև որ Չինաստանի տնտեսությունը վերադառնա իր նախկին հունին: Աշխարհով մեկ վարակի տարածումը ևս ստեղծում է գլոբալ հետընթացի վախեր, ինչը հետագայում նվազեցնում է չինական ապրանքների պահանջարկը: Ազգային բյուրոյի վերջին տվյալները ցույց տվեցին, թե ինչպես վերլուծաբանների մեծամասնությունը սխալվեց և թերագնահատեց ճգնաժամի ազդեցությունը: Վերջերս հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ արդյունաբերական արտադրանքի անկում է գրանցվել 2020թ. առաջին երկու ամիսների ընթացքում՝ ավելի քան 13.5%-ով: Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանների միջին կանխատեսումը կազմում էր 1.5% աճ:

Նմանապես, հիմնական միջոցների ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազել են 25%-ով: Այստեղ վերլուծաբանները 2020թ. համար կանխատեսում էին 2․8% աճ (2019թ. վերջին կանխատեսված 5.4% աճի համեմատությամբ): Չինացի սպառողներն ընդունում էին լոքդաունները և երկրի ղեկավարության առաջարկությունները: Նրանք վախենում էին վիրուսից, և այդպիսով առևտրի կենտրոնները, ռեստորանները և կինոթատրոնները մնացին լքված: Արդյունքում, մանրածախ վաճառքը նվազեց 20%-ով՝ վերլուծաբանների կողմից կանխորոշված 0.8%-ի համեմատ (ինչը շատ հեռու էր դեկտեմբերի +8% աճից):

2020թ. մարտի 16-ի ցուցանիշները ցույց տվեցին, որ Չինաստանում հունվարին և փետրվարին 5 միլիոն մարդ կորցրել է իր աշխատանքը (CNBC): Սակայն կարծես թե այդ թիվը կաճի՝ հասնելով առավել քան 9 միլիոնի (Economist Intelligence Unit): Ենթակառուցվածքների ներդրումը ևս առաջին երկու ամիսների ընթացքում անկում է ապրել (նախորդ տարվա 30%-ի համեմատ): Եվ սա չնայած նրան, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց պարտատոմսերի միջոցով վճարում են մի շարք նախագծերի համար, որոնք վաճառվել են տարեսկզբից (140 միլիարդ դոլար): Հարկ է իմանալ, որ 2020թ. նաև նշանավորվում է Չինաստանի ընթացիկ 5 տարիների զարգացման պլանի ավարտով: Այս պլանի շրջանակներում նպատակ կար չինական տնտեսության մասշտաբները կրկնապատկելու մինչև 2020թ. (2010թ. համեմատ): Դա անելու համար 2020թ. 6%-ից բարձր աճ էր անհրաժեշտ: Հիմա նաև պարզ է, որ COVID-19-ը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ, ինչը կնվազեցնի համընդհանուր և չինական ապրանքների պահանջարկը:

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՑՈւՑԱՆԻՇՆԵՐ

2020թ. մարտին ֆոնդային բորսաներն անկում գրանցեցին: Ամբողջ աշխարհով մեկ բորսաների ցուցանիշների մեծ մասը մեկ օրվա ընթացքում գրանցեց ամենամեծ ռեկորդային թվով անկումներ: Օրինակ, Դոու Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը մեկ օրվա ընթացքում ռեկորդային անկում գրանցեց (2,977 միավոր 2020թ. մարտի 16-ին): Եվ մի քանի հայտնի ընկերություններ մի քանի օրվա ընթացքում ականատես եղան իրենց բաժնեմասերի արժեքի անկման ավելի քան 80%-ին: Միացյալ Թագավորության և Գերմանիայի ֆոնդային բորսաներն ականատես են եղել նույնիսկ ավելի վատ տեսարանների, քան ԱՄՆ-ը (Միացյալ Թագավորություն՝ 37%, Գերմանիա՝ 33%):

Նավթ, գազ և ածուխ արդյունահանող ընկերությունները հանգեցնում են եկամտաբերության կորստի (միջինում տարեսկզբին սահմանված գներից 50%-ով ցածր), ինչը հիմնականում պայմանավորված է նավթի գնի կտրուկ անկմամբ և համաշխարհային սպառման նվազմամբ: Ինչպես և ակնկալվում էր, ճանապարհորդության և հանգստի ոլորտը (ներառյալ հյուրանոցներ, ռեստորաններ և այլն),  օդատիեզերքը, հանքարդյունաբերությունը, բանկերը և մեդիան այն ոլորտների օրինակներ են, որոնք գրանցել են առավել քան 30%-ի անկում: Չկա մի ոլորտ, որը ֆոնդային բորսայում վնասներ չի կրել: Նույնիսկ ավանդաբար կայուն ոլորտները (ինչպիսիք են՝ կոմունալ ծառայությունները, ծխախոտագործությունը և դեղագործությունը) գրանցել են 20% կամ ավելի անկում:

 ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

Ներկայիս միջավայրում դժվար է կանխատեսել COVID-19 ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա: Ինչպես արդեն նշվեց, չկա որևէ պատմական նախադեպ, որը կարող ենք ուղղակիորեն օգտագործել: Իրականում նախկինում ոչ մի ճգնաժամ չի սկսվել այս մեկի նման. գործ ունենք համաշխարհային, առողջապահական մի իրադարձության հետ, որն իր ազդեցությունը միաժամանակ թողնում է առաջարկի և պահանջարկի վրա, այն ժամանակահատվածում, երբ կենտրոնական բանկերը ռեզերվային հզորություն չունեն (արդեն իսկ գոյություն ունեցող զրոյական կամ բացասական տոկոսադրույքների պատճառով):

COVID-19 ճգնաժամը վերջին ամիսներին արագորեն տարածվեց ամբողջ աշխարհով մեկ: Ներկա պահին մենք առերեսվում ենք ճգնաժամի միանգամայն նոր տեսակի: Այս դեպքում առողջապահական վտանգը (փաստացի մահացության և վարակակրության ցուցանիշները) պարտադիր կերպով կապված չէ համաշխարհային տնտեսության մաքուր տնտեսական ռիսկի հետ: Այս անգամ պատճառահետևանքային վերոնշյալ խողովակն այդքան էլ օգուտ չի տա: Սա համաշխարհային շոկ է, հատկապես երբ աշխարհը առավել մեծ չափով է ինտեգրված: Տոկոսադրույքները գտնվում են պատմական ցածր մակարդակի վրա, և ներկա ճգնաժամը նույնպես մատակարարման ցանցերի վրա առաջացնում է կողմնակի ազդեցություն:

Ներկայումս համաշխարհային ռեցեսիան թվում է անխուսափելի: Սակայն« թե դա որքան խորը կլինի և որքան երկար կտևի, կախված է COVID-19-ի կանխարգելիչ գործողությունների համար նախաձեռնած միջոցառումների հաջողությունից: Նաև կարևոր է, թե ինչպես ընկերությունները կարձագանքեն և կպատրաստվեն տնտեսական գործունեության վերագործարկմանը: Եվ այս ամենից զատ, կախված է, թե որքան երկար կտևեն ներկայիս արգելափակումները: Այս հոդվածի ներկայացման պահին լոքդաունի տևողությունը, ինչպես նաև, թե ինչ ընթացք կունենա առողջացմանն ուղղված գործընթացը, դեռևս անհայտ է: Ոչ ոք չի կարող ճշգրիտ կերպով կանխատեսել համավարակից կրած վերջնական ֆինանսական կորուստների չափը: Սա ակնհայտորեն կախված է ժամանակից, համավարակի՝ գալիք շաբաթների/ամիսների ընթացքում սրացումից և երկրների քաղաքականությունների արձագանքից: Աճում են նաև կորոնավիրուսի պատվաստանյութի հայտնաբերման սպասելիքները, ինչը հուսադրող կլինի: Եթե ընթացիկ ճգնաժամը տևի մինչև ամառվա վերջ, համաշխարհային տնտեսությունը կառերեսվի վերջին երկու հարյուրամյակի ընթացքում գրանցված ամենալուրջ վտանգին:

Արման ԳՅՈՒԼԳԱԶՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Լոնդոնի Թագավորական համալսարան, Քաղաքական տնտեսագիտություն

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31