Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «429 հազար դրամ եմ ստանում, հիմա քեֆ եմ անում»

Օգոստոս 04,2020 16:15

«Իշխանությունն այն ժամանակ ինքն է օրենք խախտել, երբ որոշում էր ընդունել՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը խախտել: Մաշտոցի պուրակում շինարարությունն անօրինական էր, այն մեր ճնշմամբ վերացրել են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով Մաշտոցի պուրակում հատված ծառերին եւ այն մեղադրանքներին, որ ինքը տարիներ առաջ պայքարել է այդ կանաչ գոտու պահպանման համար, իսկ հիմա ծառեր հատելու թույլտվություն է տալիս:

Քաղաքապետն ասաց, որ պուրակում կառուցվող այդ շինությունը լինելու է թեթեւ կոնստրուկցիաներով, այն հետագայում՝ վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո, դառնալու է քաղաքի սեփականությունը. «Բայց, այնուամենայնիվ, ոչ մի թուփ ու ծառ չպետք է տուժի կառուցապատման պատճառով»:

Հայկ Մարությանը վստահեցրեց՝ իր հանձնարարականով մասնագետները գնահատել են պուրակի ծառերը, եւ պարզել՝ դրանք կենսունակ չեն, բայց կարող են փոխարինվել ավելի լավ ծառերով, ինչն ավելի օգուտ կտա շրջակա միջավայրին եւ պուրակին:

Քաղաքապետը մի փոքր նեղսրտեց, որ իրեն մեղադրում են, նա ասաց, որ եթե եկել են ձեւական աշխատելու համար, լավագույն տարբերակն իր համար կլիներ այն, որ ոչ մի բանի ձեռք չտար. «Ասեի՝ ոնց կա, թող մնա, թող մնա իր սեփականությունը: Ծառերը 2002 թվականից փչանում են, ծառի մի մասը դրսում է, մի մասը՝ ներսում ու ձմռանը մի մասը սառում էր: Ծառերն այդպես քիչ-քիչ մահանում էին այդ շինության մեջ: Կարող էի ասել՝ դե, ոչինչ, թող մնա, ոչինչ, որ մեկի գլխին ընկնի, ոչ մի բան չանեի, եւ էլ իմ համար հանգիստ կապրեի»:

Հայկ Մարությանն իր նախկին հանգիստ կյանքից էլ խոսեց, ասաց. «Ես, մինչեւ այստեղ գալը հանգիստ ապրում էի, այնքան հանգիստ… ավելին՝ ես այստեղ ստանում եմ 429 հազար դրամ, սա 5-10%-ն է կազմում իմ առաջվա ստացած եկամուտների: Ես չեմ ստանում պարգեւավճար, ոչ մի բան չեմ ստանում, էն էլ վերջերս եմ այդքան ստանում: 408 հազար էի ստանում, օրենքում չգիտեմ՝ ինչ փոխվեց, ստանում եմ ամսական 429 հազար դրամ, հիմա քեֆ եմ անում: Ես իմ գործարանը չունեմ, որ կոշիկ կարի կամ պանիր արտադրի: Ես եմ իմ գործարանը, ես պետք է աշխատեի, ֆիլմեր, հոլովակներ, այլ ծրագրեր անեի, իմ գումարը աշխատեի: Ես փակել եմ իմ բոլոր եկամուտները, բացի մի քանի հեղինակային բաներից, եկել եմ՝ աշխատում եմ: Եթե եկել եմ, որ ոչինչ չանեմ, կգնամ հետ, ու շատ փող կաշխատեմ, էլի սիրված կլինեմ ժողովրդի կողմից, հաճույքով կանեմ իմ աշխատանքը. որովհետեւ եւս միայն ժպիտ եւ ուրախություն եմ պարգեւել»:

Հայկ Մարությանն ասաց, որ այն ժամանակ, երբ Մաշտոցի պուրակում հանրությունն իր պայքարով հաղթեց, եւ կրպակներ չտեղադրվեցին, այդ հաղթանակը կիսատ էր մնացել. «Որովհետեւ այդ սրճարանը դեռ այնտեղ է ու ինչ-որ մեկինն է»:

Պարոն Մարությանն ասաց, ի վերջո կարող էին այդ ծառերին ձեռք չտալ, թողնեին մի հինգ տարի հետո ընկնեին, քաղաքային իշխանությունն էլ կասեր՝ տեսեք, ընկան. «Բայց ես ազնիվ եղա, երբ մասնագետներին հանձնարարական տվեցի, իրենք էլ ասացին՝ կենսունակ չեն, հնարավոր է փոխարինել այլ ծառերով: Հիմա փորձում եմ լուծել, չեմ թողնում, ասում՝ թողեմ էս գլխացավանքը մյուս քաղաքապետին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31