Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, իրավաբանության մեջ պիտի, չէ՞, լինեն ինչ-որ սահմաններ». Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի գույքը կմնա կալանքի տակ, մինչեւ պարզեն դրանց արժեքը

Օգոստոս 04,2020 16:05

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստն է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում: Նախորդ դատական նիստում ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը Գեւորգյանի ու նրա հարազատների գույքի վրայի կալանքը հանի: Դատավորը պահանջել էր հիմնավորումներ, հորդորել էր հայտնել տեղեկություններ անշարժ գույքի արժեքի վերաբերյալ:

Դատախազներն առարկել էին՝ ասելով, որ այդ գույքի վրա արգելանք դրվել է նաեւ պետությանը հասցված վնասը փոխհատուցելու համար:

Այսօր Էրիկ Ալեքսանյանը, ինչպես նաեւ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հիմնավորումներ ներկայացնելիս ասացին, որ քննչական մարմինը գույքի վրա կալանք դնելիս ինքը պետք է նախ գնահատեր այդ գույքը, իմանար արժեքը, նոր պահանջված չափով արգելանք դներ:

Ալումյանն ասաց, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանի գույքը կալանքի տակ է այն որոշմամբ, որը ճանաչված է անօրինական. «Դատախազները Վերաքննիչում հայտնել են, որ գույքի վրա կալանքը դրվել է քաղաքացիական հայցն ու դատական ծախսերն ապահովելու նպատակով, ոչ թե հնարավոր բռնագանձման կամ բռնագրավման: Իսկ այսօր ասում են՝ եկեք քննիչի որոշմամբ դրված կալանքները պահպանենք, որովհետեւ հնարավոր է բռնագանձում եւ բռնագրավում: Լավ, իրավաբանության մեջ պիտի չէ՞ լինեն ինչ-որ սահմաններ, էն, որ ասում են՝ օրենքը ծռենք եւ այլն, սխալ արտահայտություն է, բայց նույնիսկ դա ասողները նկատի ունեն, որ կարելի է ծռել ինչ-որ մի սահման, բայց այս դեպքում բոլոր սահմաններն անցած իրավիճակ է փորձ արվում ստեղծել»:

Ալումյանը հավելեց, որ քննիչի՝ անօրինական որոշումը չպետք է գործի, իսկ դատախազները, որ նախկինում դա ասել էին «առարկայազուրկ» հարց, հիմա դատավորին փորձում են համոզել հակառակը:

Քոչարյանի մյուս պաշտպանը՝ Արամ Վարդեւանյանն էլ դատավորին ասաց՝ Քոչարյանի իրավունքը խախտվել է, կա դատական ակտ դրա վերաբերյալ, նրա գույքի վրայի արգելանքը խախտումով է եղել ու, ճիշտ է, իրավաբանությունը մաթեմատիկա չի, որ հստակ իմանան՝ 2+2=4, բայց կա իրավաբանության մեջ աքսիոմա՝ խախտված իրավունքը պետք է վերականգնվի:

Դատավորը որոշեց միջնորդության հարցի վերաբերյալ որոշում կայացնել դատավարության ընթացքում: Նա ասաց, որ արգելանք դրված գույքի արժեքը պաշտպանական կողմին հարցրել էր՝ ավելի շուտ հարցը կարգավորելու համար, բայց եթե չեն ուզում ասել՝ իրավունք չունի դա պահանջել. «Կալանքի ենթակա գույքի արժեքը որոշելու պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը: Դատարանը հնարավոր չի գտնում առանց գույքի արժեքը որոշելու լուծել ներկայացված միջնորդությունը, ուստի դատարանն այդ հարցին կանդրադառնա դատաքննության ընթացքում կալանադրված գույքի նյութերը հետազոտելուց հետո: Այն ժամանակ կքննարկվի՝ անհրաժեշտության դեպքում կարող է քննարկման առարկա դառնալ փորձաքննության նշանակումը»:

Ալումյանն արձագանքեց՝ դատարանն ինը իրեն հակասում է, մի անգամ որոշել է, որ դա անօրինական է, հիմա դեռ պետք է գույքի արժեքից կախվա՞ծ որոշի:

Դատավորի որոշումից բողոքեց նաեւ Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավորին ասելով, որ թերի պատճառաբանված որոշում է կայացնում ու կոնվենցիայի խախտում անում:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը դիմել էր դատարանին՝ Քոչարյանի գույքի վրա եղած կալանքը հանելու համար: Դատարանը այս միջնորդության քննությունը նույնպես հետաձգեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31