Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մկրտչյանը չի պատրաստվում արդարանալ եւ չի հերքում թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի մասնակցությունն ու այլ փաստեր

Օգոստոս 04,2020 15:25

«Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Հայոց պատմությունը» ՝ հայոց հարց» թեմայով առցանց քննարկման ժամանակ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային թիմի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Լիլիթ Մկրտչյանը, որի անունն այս օրերին քննադատությունների առանցքում է, քանի որ թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի է մասնակցել, եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ օրինակ, Հայկական լեռնաշխարհը Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս է անվանվում՝ հաստատեց, որ իսկապես թուրք պատմաբանների հետ մի ծրագրի մասնակից է եղել: Ասաց, դա տեղի է ունեցել 2016-17 թթ. «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին ու նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե, երբ 2019 թ, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացները իրար հետ ամենեւին չխառնեն, որովհետեւ իրար հետ կապ չունեն»:

Պատասխանելով հարցերին, որ պատմաբանները քննադատում էին փաստը, որ իր անունն ու ստորագրությունն է թողել մի գրքի տակ, որտեղ Հայկական լեռնաշխարհը Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս է նշված, խոսքը թուրք պատմագետների հետ համատեղ 2017 թ համահեղինակած ձեռնարկի մասին է, եւ ինչպես կբացատրի փաստը, որ հայագիտական առարկաների չափորոշիչները կոշտ գնահատականների են արժանացել, եւ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենն անգամ պատրաստվում է այս հարցով ԱԱԾ դիմել, Լիլիթ Մկրտչյանը նշեց, որ չի ուզում արդարանալ, նաեւ կոչ արեց չափորոշիչների թեման եւ ծրագրին իր մասնակցությունը միմյանց հետ չկապել:

«Հնարավոր է՝ մարդը չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց դրա համար ընտրվում է երկխոսության այլ ճանապարհ»,-ասաց նա:

Հարցին՝ գուցե հնարավո՞ր էր այս ամենից խուսափել, եթե ավելի բաց լիներ ամեն ինչ, Լիլիթ Մկրտչյանն այսպես արձագանքեց. «Փակ ասելը հարաբերական է, ի՞նչ ասել է փակ, երբ աշխատանքային խումը բաղկացած է յոթանասուն հոգուց»:

Աշխատանքային խմբի անդամներից Կարինե Հարությունյանը տրամաբանությունից հեռու որակեց առցանց հանդիպումը վարողի այդ հարցը. «Մարդիկ բաց մրցույթով ընտրվել են, խումբ են կազմել, աշխատել են, քննարկել են, ավարտել են, հիմա դրել են հանրային քննարկման: Մեկ տարի դպրոցում պետք է այդ ամենը փորձարկվի՝ ուսուցչի, սովորողի, ծնողի մասնակցությամբ, նորից դրանից հետո վերանայվի, փոփոխություններ կատարվեն՝ գործնականների շատ ու քիչը, թեմաների բարդ ու դժվար լինելը, վերջնարդյունքները… Այս ամենը փորձարկվելու է, եւ դա մեկ տարի առջեւում ունի, պարզապես հասկանալի չի, թե ինչպես կարելի է այս փուլում ներսի աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակից դարձնել հանրությանը»:

Լիլիթ Մկրտչյանն էլ հավելեց, որ պետք է ստեղծվի մի փաստաթուղթ, որի շուրջ տեղի ունենա երկխոսությունը. «Եթե ոչինչ չկա, ինչի՞ մասին պետք է խոսենք: Առաջին անգամ հայոց պատմության մեջ հանրությանը հարցնում են, թե ինչ ծրագիր, ինչ դասագիրք, ինչ մոտեցումներ է ուզում ունենալ, չի պարտադրվում ոչինչ, մի բան, ինչը եղել է մինչեւ հիմա»:

Նրա ձեւակերպմամբ, դեռ վաղ է ստացված կամ չստացված լինելու առումով իրենց արած գործին մասնագիտական գնահատական տալը, որովհետեւ այն դեռ պետք է կիրառելիության դաշտ գնա: Ասաց, որ կարեւորում են հետազոտելու, վերլուծելու, ստեղծագործելու հմտությունները, շեշտադրում են գործնական մասի կարեւորումը, ինչ վերաբերում է ավագ դպրոցին, այնտեղ խնդիրների վրա հիմնված ուսումնառության մոտեցում է :

Aravot.am-ի հարցերը՝ ճի՞շտ է, որ փորձագիտական խմբի անդամները տեղյակ չեն եղել, որ Լիլիթ Մկրտչյանը թուրք պատմաբանների հետ ծրագրի մասնակից է եղել, եւ միայն վերջին իրադարձությունների հետեւանքով են տեղեկացել, եւ որքա՞ն է աշխատանքային խմբի ղեկավարի վարձատրությունը չափորոշիչաստեղծ աշխատանքի համար, զայրացրին աշխատանքային խմբի անդամներին:

Նրանցից մեկը դժգոհեց, որ հայրենասիրությունից անցում է կատարվում մարդու գրպանին, իրենք խոսում են ազգային արժեքներից, ազգասիրությունից, բայց նման հարցով իրենց գրպանը պրպտելու փորձ է արվում:

Լիլիթ Մկրտչյանն էլ պատասխանեց, որ հունվարից մինչեւ հիմա ստացել է ուսուցչի մեկ ամսվա աշխատավարձի չափով գումար, ապա հավելեց. «Իսկ հարց տվողներն իմացել ե՞ն, որ Լիլիթ Մկրտչյանն իրականացնում է «Ինքնության պահպանումը ավանդական տոների միջոցով» միջոցառումների շարք, իսկ իրենք իրենց կյանքի, կենսագրության յուրաքանչյուր դրվագ պատմո՞ւմ են բոլորին»:

Դավիթ Թինոյանն էլ նշեց, որ համացանցում ամեն ինչ բաց դրված է, այլապես շահարկման համար այսքան տեղեկատվություն մարդիկ չէին կարող ունենալ:

Կարինե Հարությունյանն ընդգծեց, որ Լիլիթ Մկրտչյանն ընդամենը համակարգել է իրենց հետ աշխատանքները, ապահովել իրենց եւ ԿԳՄՍ նախարարության հետ կապը, կարգավորել իրենց առաջարկները եւ խնդիրները, իսկ բովանդակային ասելիքով պատասխանատու է փորձագետներից յուրաքանչյուրը:

Քննարկումը վարողի հարցին՝ եթե ուսուցչի մեկ ամսվա աշխատավարձ էր վարձատրության չափը, այդ դեպքում ո՞րն էր շարժառիթը նման աշխատանքի համար մրցույթի դիմելու, Լիլիթ Մկրտչյանը պատասխանեց. «Ցավում եմ, որ հայրենասիրությունը գումարով են չափում, բոլորի համար եմ ցավում, մեր իրականության ու կրթության վիճակի համար…Եթե դու կրթության ոլորտի մարդ ես, ունես որոշակի գաղափարներ, նվիրյալ ես այդ գործին, դու պարտավոր ես այդ ամենն անել:

Ես այն մարդկանց դասին չեմ պատկանում, որ նստում են ու առավոտից իրիկուն դժգոհում, բամբասում, որ ամեն ինչ վատ է: Եթե կա հնարավորություն այդ ամբողջը դեպի լավը փոխելու, ապա ես շատ կարեւոր դերակատարություն եմ ունենում, ոչ թե նստում սպասում եմ ու հետո բողոքում»:

Սերոբ Խաչատրյանի խոսքերով, ընդհանրապես Հայաստանում կրթության ոլորտի մասնագետներին բավական ցածր են վճարում. «Ուսուցիչների ցածր աշխատավարձով նաեւ պայմանավորվում է մեր ցածր աշխատավարձը, եթե համեմատեք իրավագիտության ոլորտում ինչպիսի աշխատավարձեր են ստանում մարդիկ, կամ մնացած ոլորտներում, կտեսնեք, որ կրթության ոլորտում, ցավոք սրտի, ցածր են աշխատավարձերը: Նաեւ միջազգային շատ կազմակերպություններ կրթության ոլորտի մասնագետներին ցածր են վճարում եւ հարաբերությունը տանում են՝ եթե ուսուցչի աշխատավարձը յոթանասուն հազար է, դուք պետք է ուրախ լինեք, որ ձեզ հարյուր հիսուն հազար ենք առաջարկում:

Ես հիշում եմ՝ մի տասհինգ տարի առաջ, երբ էլի չափորոշիչն էր գրվում, փորձում էին իրավաբան գտնել, իրավաբանների մեծ մասը, երբ իմանում էր աշխատավարձն ինչքան է՝ ծիծաղում էր: Ասում էին՝ էդ աշխատավարձը մենք հինգ օրում ենք աշխատում՝ ոնց մեկ ամիս դրա դիմաց աշխատենք: Ցավոք, կրթության ոլորտը գրավիչ չէ: Նայեք ընդունելության քննությունները, տեսեք հայտնի ոլորտներում ինչ մրցակցություն է, եւ կրթություն ոլորտում ինչպիսի թափուր տեղեր են»:

Հարցին ի պատասխան՝ որքանով մասնագիտական եւ տարբեր շահագրգիռ այլ խմբեր վստահ լինեն, որ իրենց առաջարկները տեղ կգտնեն չափորոշիչներում, աշխատանքային խմբի ղեկավարը հայտնեց. «Կրթությունը եւ հանրակրթությունը վեր են ամենքից բոլորից, ժամանակից, պաշտոնից…Թող վստահ լինեն ու հավատան, բոլորը անհատապես ստանալու են վերլուծություններ, նամակներ: Այս պահին ծրագրերը բաց դրված են, հաջորդ փուլում, իրենք արդեն կարող են կողք կողքի դնել ու համոզվել՝ կատարվե՞լ են փոփոխությունները, թե՞ ոչ»:

Լիլիթ Մկրտչյանը կոչ արեց վեր կանգնել անձնական մակարդակ մտնելու դիսկուրսից, քննարկել ամբողջը գիտության, պատմագիտական մտքի ու մեթոդաբանության համատեքստում. «Ոչ մի հարց սվիններով ընդունելու կարիք չկա, կյանքը փոփոխական է, կրթությունը կյանքի արտացոլանքն է: Ցավում եմ, որ որոշ խմբեր փորձում են նսեմացնել գործընկերներիս կատարած աշխատանքը՝ կապելով իմ ինչ-ինչ գործունեության հետ, որն ամենեւին հակահայկական չէ:

Դեռ ավելին, ես շատ ցավում եմ, որ իմ թուրք գործընկերները, որոնք այդ ծրագրերին մասնակցել են ու իրենց պետության ու կառավարության կողմից դատապարտված են, որովհետեւ ընդունում են Հայոց ցեղասպանության իրողությունը, դասավանդում են Թուրքիայում, այդ մտածողության կրողներն են, հիմա նույն բանը մեզ մոտ է կատարվում, փորձում են պիտակավորել՝ մարդու անունը, համբավը, կատարած գործը եւ այլն: Սրանք ամենեւին կապ չունեն իրար հետ՝ եկեք տարանջատենք եւ կառուցողական երկխոսություն ունենանք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31