Շատ հաճախ կառուցապատողները շեղվում են շինթույլտվության նախագծից, նույնը տեղի է ունեցել Մաշտոցի պուրակի կառուցապատողի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մեզ ընդհանրապես չի հետաքրքրում` որ շինությունն ումն է, որ կուսակցությունից է՝ ՀՀԿ-ից է, ՔՊ-ից, թե ԲՀԿ-ից, ինձ բացարձակ չի հետաքրքրում: Ինձ համար կա օրենք, կա քաղաքի շահ, մենակ գնում եմ այդ ուղղությամբ: Եվ շատ հստակ հանձնարարական կա բոլոր ծառայություններին՝ եթե մեկը դուրս է գալիս օրենքների սահմաններից, տեղում պատժել, տուգանել»:
Քաղաքապետն ասաց՝ այս տարվա փետրվարից մինչ օրս արդեն 4 արձանագրություն է կազմվել այդ տարածքի կառուցապատողի վերաբերյալ՝ տուգանքներով. «Վերջին արձանագրությամբ եղել են շեղումներ իր քաղաքաշինական փաստաթղթերից, շինթույլտվությունից, նաեւ ուսումնասիրություն է բացվել՝ ինչ չափի են շեղումները։ Այսօրվանից դադարեցված են աշխատանքները հուլիսի 23-ի արձանագրության հիման վրա: Եվ սա տեղի է ունենում բոլորի հետ՝ կապ չունի Մաշտոցի պուրակում է, թե՝ Մալաթիայում»:
Քաղաքապետն ասաց, որ շատ կառուցապատողներ են գնում նման խախտումներին. «Ինձ համար դա անհասկանալի է: Եղբայր, հարգելի կառուցապատող, ստացել եք շինթույլտվությունը, բարի եղեք, դրանով գնացեք առաջ: Ինչ ուզում էիք ստանալ, դիմելուց գրեիք, եթե դա օրինական է՝ կստանաք շինթույլտվություն: Դա նշանակում է, որ իրենք հասկացել են՝ եթե այդպես դիմեն, նորմերի մեջ չի լինելու, փորձում են իրենց նորմերը փաթաթեն քաղաքի վզին: Ես դա թույլ չեմ տալու»:
Կարդացեք նաև
Հայկ Մարությանն ասաց, որ լավ է, այսօր բոլորն իրենց իրավաբաններն ունեն, անգամ մի փոքրիկ կրպակի սեփականատերը, եթե այդ կրպակը շատ լավ վայրում է՝ հինգ հատ իրավաբան ունի, եւ քանի որ օրենսդրական բացեր կան, այդ իրավաբանները լավ գտնում են այդ բացերն ու օգտվում դրանից ու օգտագործում քաղաքապետարանի դեմ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ