Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք էլի կպաշտպանենք, բայց ես չեմ ստորագրել թղթի տակ, որ մինչև կյանքիս վերջ պետք է Մաշտոցի պուրակը պաշտպանեմ». Անի Խաչատրյան

Օգոստոս 04,2020 14:18

Մաշտոցի պուրակի համար 2012-ին պայքարող բնապահպան ակտիվիստները Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրին, որ հիմա ավելի կարևոր խնդիրներ կան Ամուլսարում. իրենք Ջերմուկում են, դրա համար Երևանում չեն պայքարում Մաշտոցի պուրակի համար:

Trees are cut down due to a new construction in Mashtots Park of Yerevan, Armenia

Trees are cut down due to a new construction in Mashtots Park of Yerevan, Armenia

Պուրակում ծառեր են հատվել, տարածքը բետոնապատվում է, որ սրճարան կամ այլ տնտեսական գործունեության կառույց կառուցվի։ Նշենք, որ ըստ «Փաստինֆո»-ի՝ Մաշտոցի պուրակում ծառերի հատման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում նշված հանգամանքների կապակցությամբ Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել:

Հիշեցնենք՝ 2012-ին տասնյակ բնապահպան-ակտիվիստները պայքարում էին Մաշտոցի պուրակի համար:

Aravot.am-ը ի պաշտպանության Մաշտոցի պուրակի բնապահպանական նախաձեռնության ակտիվիստներից Անի Խաչատրյանից հետաքրքրվեց՝ հիմա որևէ նախաձեռնություն ունե՞ն ի պաշտպանության Մաշտոցի պուրակի: Նա պատասխանեց. «Ես այս պահին Ջերմուկում եմ, որտեղ իրավիճակը շատ ավելի լարված է, քան Մաշտոցի պուրակում: Այստեղ խնդիրն ավելի լուրջ է. չեմ կարող այս պահին ասել, թե հաջորդն ինչ ենք անելու, բայց կարծում եմ բավականին շատ մարդիկ կան հետաքրքրված Մաշտոցի պուրակի հարցով ու ինչ-որ մի բան կանեն, մի քանի տեղ տեսել եմ: Երեկ էլ էի Ջերմուկում, այսօր էլ եկանք, որովհետև հիմա իրավիճակն այստեղ լարված է, ու այս պահին, ճիշտն ասած, այս ճակատն է կարևոր, հետո կհասկանանք՝ էլ ինչ ենք անում»:

Մեր հստակեցմանը՝ այնուամենայնիվ, Մաշտոցի պուրակի հետ կապված ունե՞ք մտահոգություն, նա պատասխանեց. «Ոչ միայն Մաշտոցի պուրակի, այլև բոլոր պուրակների, տեղերի հետ կապված էլ մտահոգություն կա: Մյուս կողմից էլ այնպես չէ, որ եթե Մաշտոցի պուրակը մենք ենք փրկել, դա միայն մեզ պետք է հետաքրքրի. բոլոր տեղերի համար էլ միշտ էլ խոսել, բարձրաձայնել ենք»:

Դիտարկմանը՝ այս օրերին կարծիքներ են հնչում՝ ո՞ւր են Մաշտոցի պուրակի պահապանները, ինչո՞ւ են լռում, Անի Խաչատրյանն արձագանքեց. «Այդ մարդիկ թող իրենք իրենց հարց տան՝ բա իրե՞նք ուր են: Այսինքն՝ տանը նստած ուրիշներից սպասել, որ ինչ-որ հարց պիտի լուծեն, ազնիվ չէ: Մաշտոցի պուրակի պահապանները տարբեր մարդիկ են, իրենք իրենց վրա չեն վերցրել ամբողջ կյանքի համար պատասխանատվություն, որ մինչև կյանքի վերջ պիտի այս պուրակը պահպանեն: Կարող է ուրիշ մարդիկ են գալիս այդ պուրակը պահպանելու, մենք բոլորս էլ կամավորներ ենք, ոչ մի պարտավորություն չունենք, կուզենք` կանենք, կուզենք` չենք անի: Այսինքն՝ ես չեմ ստորագրել թղթի տակ, որ մինչև կյանքիս վերջ պետք է Մաշտոցի պուրակը պաշտպանեմ, մենք էլի կպաշտպանենք, բայց ոչ մեկ որևէ իրավունք չունի մեզնից բան պահանջել, մանավանդ այդ մարդիկ, որ որևէ բան չեն անում, քանի որ անողը երբեք չի ասում»:

Անի Խաչատրյանին հիշեցրինք, որ իրենց հասցեին մեղադրանքներ են հնչում, թե պաշտոններ են ստացել, դրա համար հիմա չեն պայքարում, նա արձագանքեց. «Դու կարող եք ուսումնասիրել ու տեսնել, թե ովքեր են պաշտոններ ստացել: Դե, հո բոլորը պաշտոն չե՞ն ստացել»:

Trees are cut down due to a new construction in Mashtots Park of Yerevan, Armenia

Բնապահպան ակտիվիստ Գեղամ Օհանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հենց այս պահին դեպի Ջերմուկ ճանապարհին է: Հետաքրքրվեցինք՝ նախաձեռնություն կա՞ ի պաշտպանություն Մաշտոցի պուրակի, նա պատասխանեց. «Մտահղացում կա, ուղղակի հիմա Ամուլսարի հետ կապված արագ Ջերմուկ ենք գնում, ու ավելի առաջնային խնդիր է սա»:

Հարցին՝ ասում են, որ բնապահպանների շրջանում պառակտում կա, ի՞նչն է խնդիրը, նա արձագանքեց. «Կեղծ լուրեր են տարածում: Մեզ մոտ նման խնդիր չկա»:

Հստակեցմանը՝ այդ դեպքում Մաշտոցի պուրակի հարցը ո՞նց պետք է բարձրացվի, նա պատասխանեց. «Մենք պահանջել էինք քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը: Ես իմ էջում եմ գրառում արել. պաշտոնական պահանջ չի եղել, բավական մարդիկ տարածել էին գրառումը: Ուղղակի հիմա Ջերմուկի հարցով շատ խառն ենք, Մաշտոցի պուրակի հետ կապված դեռ չգիտենք՝ ինչ ենք անելու»:

Trees are cut down due to a new construction in Mashtots Park of Yerevan, Armenia

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31