Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «Առաջինը ես կնստեմ բուլդոզեր՝ եթե օրենքները փոխվեն»

Օգոստոս 04,2020 14:00

«Իմ՝ քաղաքապետ դարձած օրվանից իմ քայլերն ուղղված են եղել մեր քաղաքն ազատելու տարբեր տիպի անօրինական շինարարություններից եւ ավելի կանաչ դարձնելու: Այդպես հիմա է, այդպես եղել է մինչեւ այս պահը, եւ այդպես շարունակվելու է մինչեւ վերջ, որովհետեւ ես ինքս այդպես եմ մտածում, որովհետեւ ես գտնում եմ, որ Երեւանը շատ ավելի կանաչ պետք է լինի, քան այսօր կա»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ես պայքարել եմ Մաշտոցի պուրակի համար, հիմա էլ եմ պայքարում ու ամեն պուրակի համար: Այն ժամանակ պուրակում, որ տաղավարները պետք է կառուցվեին, հանրային ճնշմամբ ուղղակի չթողեցին, որ պարոն Մարգարյանը թույլ տա այդ ամեն ինչը կառուցվի:
Բայց կա մի սրճարան, որն այնտեղ միշտ կար, որը ուներ 277քմ կադաստրի սեփականության իրավունքով, դա իր սեփականությունն է, այսինքն՝ անձեռնմխելի է, եւ 17 քմ-ն՝ որպես սեփականություն, էլի կադաստրում գրանցված, որպես սեփական տաղավար: Դա իր սեփականությունն է ընդմիշտ եւ մենք դրա հետ ոչինչ չենք կարող անել: Նույն խնդիրը օպերայի հատվածում ունենք»,-ասաց Հայկ Մարությանը:

Ապա մանրամասնեց՝ 2018 թվականի մայիսի 16-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրել է մի որոշում, որով մինչեւ այդ մոտ 386 քմ-ի վարձակալությունը դարձնում է 1048 քմ վարձակալություն եւ այդ վարձակալությունը ֆիքսում է այդ 277 քմ սեփականությունը, այդ վարձակալության հողի մեջ ֆիքսվում էր նաեւ 17քմ սեփականությունը՝ որպես գույք, որպես տաղավար: Վարձակալության ժամկետն էլ մինչեւ 2040 թվականն է:

«Հեղափոխությունից հետո երբ սկսեցինք աշխատել, այդ ամենը դուրս է գալիս: Առաջինը «Ռիչ գարդեն» սրճարանն էր, օպերայի տարածքում, սա Սամվել Ալեքսանյանի հետ էր առնչվում, որը պետք է կադաստրում գրանցվեր: Ես հասցրել եմ կանգնեցնել այդ որոշումը եւ չեղյալ համարել ու համայնքին վերադարձնել տարածքը: Նույնը արել եմ այստեղ՝ Մաշտոցի պուրակում, այս որոշումը չեղյալ եմ համարել, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ 277քմ եւ 17 քմ սեփական գույքը քանդում ենք, վերացնում ենք սեփականությունը եւ նույն տարածքում՝ այն փոքր 386 քմ տարածքում կառուցապատման իրավունքով վարձակալության ենք տալիս: Ինչը նշանակում է, որ այն գույքը, որը կառուցում է վարձակալը, դա համայնքի գույքն է, եւ վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո դա դառնում է Երեւանինը: Հետո քաղաքային իշխանությունը կորոշի, ինչպես վարվել՝ տալ վարձակալության, կքանդեն ու տեղը կկանաչապատեն եւ այլն: Կներեք, բայց սրանից ավելի լավ լուծում համայնքի համար անհնար է անել: Եթե օրենքով են խոսում, եւ եթե չենք խոսում, կներեք բառիս համար, «բեսպրեդել է», եւ մենք բուլդոզերներով մտնում ենք եւ մարդկանց օրինական գույքը սկսում ենք քանդել: Հենց օրենքն այդ իրավունքն ինձ տա՝ առաջինը ես կնստեմ բուլդոզեր: Ես, օրենքի սահմաններում, առավելագույնն եմ քաղելու Երեւան քաղաքի համար»,-ասաց քաղաքապետը:

Նա մի օրինակ բերեց նախկին «Մալիբուի» սրճարանի հատվածում շինաշխատանքներից, որպեսզի ցույց տա, թե որքան մտահոգ է ամեն ծառի համար:

Այդ հատվածում զբոսայգու շինաշխատանքների ժամանակ երբ ճանապարն էր կառուցվում, ինչպես Հայկ Մարությանն ասաց, ճանապարհի մեջտեղում մի ծառ կար, եւ բոլորն ասում էին, թե դա պետք է հատվի, խանգարում է, հետո վթար կարող է լինի եթե պահպանվի եւ այլն. «Ես բոլորին դեմ գնացի, խնդրեցի բոլոր մասնագետներին գնահատեն այդ ծառը; Ասացին, որ յուրահատուկ ծառ է, եւ ապրելու պոտենցիալ ունի: Մենք շրջապատեցինք այն, հատուկ քաղաքային նշան մտածեցինք, փակցրեցինք, որ մեքենաների լուսարձակները ընկնեն ու հետադարձ լույս տա ու բախում չլինի: Մինչ օրս վթար չի եղել ու ծառը կա»:

Պարոն Մարությանն ասաց, որ անցած տարի բնապահպանների մեծ խումբ է հրավիրել եւ խնդրել մայրաքաղաքի ոչ կենսունակ եւ շրջվելու մեծ հավանականություն ունեցող ծառերը գույքագրեն, պարզվել է՝ այդպիսի 500-ից ավելի ծառ կա. «Սկսեցին հատ -հատ հատել ծառերը՝ զգուշացնելով հանրությանը»:

Հայկ Մարությանը օպերայի տարածքի սրճարաններն օրինակ բերեց, նշելով, քանդվել են այն սրճարանները, որոնք ապօրինի էին. «Մեկ հոգուն կպնելով՝ ես վատամարդ եմ դարձել մի հոգուն, լավություն անելով մեկ միլիոն մարդու եմ լավություն արել»: Ըստ քաղաքապետի, այդ սրճարանը կարողացել են ապամոնտածել օրենքի սահմաններում, բայց մնացածը չեն կարողանում. «Հիմա դատարաններում ենք, մեկը՝ պարտվել ենք, երկրորդ ատյան ենք գնում, տեսնենք, ամեն հնարավոր բան անում եմ՝ եղած իրավական ակտերի, օրենքի սահմաններում Եթե կփոխվեն օրենքները, առաջինը ես կնստեմ բուլդոզեր, որովհետեւ ինձ համար գերական քաղաքի բնապահպանությունն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31