Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդները չեն ունեցել ընդունելության նոր կարգին լիարժեք ծանոթանալու հնարավորություն. ՄԻՊ

Օգոստոս 04,2020 12:25

Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք:

Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև դիմորդների և նրանց ծնողների բողոքների ակցիաների մշտադիտարկում: Պաշտպանը հանդիպում է ունեցել մի խումբ դիմորդների և նրանց ծնողների հետ, քննարկել նրանց մտահոգությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի են ունեցել նաև մասնագիտական քննարկումներ, որոնց արդյունքում մի շարք գրություններ են հասցեագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Ուսումնասիրելով բողոքների բովանդակությունը և ՀՀ վերաբերելի օրենսդրությունը, ինչպես նաև առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով՝ Մարդու իրավունքների պաշտպանը ձեռնպահ է մնում այնպիսի հարցերի մասին գնահատական տալուց, որոնք չեն առնչվում Պաշտպանի իրավասությանը կամ արդեն իսկ դիմողների կողմից ներկայացված են դատարանի քննարկմանը:

Կրթական համակարգի կազմակերպման և իրագործման, այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ընտրության հարցում միջազգային պահանջները պետություններին վերապահում են հայեցողության լայն շրջանակ: Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման առարկա է դարձրել այն, թե արդյոք գործադրված նոր կարգի պայմաններում պետությունը հաշվի է առել բոլոր այն գործոնները, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ դիմորդների կրթության իրավունքի վրա և արդյոք պետությունը ձեռնարկել է բավարար միջոցներ, որոնք կարող էին չեզոքացնել այդ գործոնների բացասական ազդեցությունը:

Այսպես, դիմորդների և նրանց ծնողների՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքները և հրապարակային մտահոգությունները, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պաշտոնական պարզաբանումները հնարավորություն են տվել ձևավորել հետևյալ եզրահանգումները:

1․Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 826-Ն որոշման նախագծին կից ներկայացված հիմնավորումներից պարզ է դառնում, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը փոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ։ Նման դեպքերում պետք է նկատի ունենալ, որ արտակարգ դրության փաստը ավելի է մեծացնում պետության պոզիտիվ պարտավորությունների աստիճանը և իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և համաչափ կոնկրետ իրավիճակին և ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։

2․Նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի վերաբերյալ իրականացվել են իրազեկման աշխատանքներ: Սակայն Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ նախ՝ կարգին վերաբերող Կառավարության որոշման դրույթները մեծածավալ լինելու պատճառով ներկայացված չեն եղել դիմորդների համար նախատեսված մատչելի տարբերակով, և երկրորդ՝ ժամանակային սղությամբ պայմանավորված դիմորդները չեն ունեցել ընդունելության նոր կարգին լիարժեք ծանոթանալու հնարավորություն:

Այս եզրահանգման հիմքում ընկած հիմնական գաղափարն այն է, որ ընդունելության նոր կարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքների համար պետք է սահմանվեր առնվազն ընդհանրական բնույթի ռազմավարություն կամ ժամանակացույց, որի շրջանակում իրավասու մարմինները կապահովեին տեղեկատվության իրական ու թիրախային հասանելիություն հավասարապես բոլոր դիմորդների համար:

Այս տեսանկյունից, պետք է հատուկ ուշադրության առարկա դառնար հատկապես գյուղական վայրերում բնակվող դիմորդների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող  մարդկանց իրազեկվածության ապահովմանը վերաբերող հարցերը։ Իրազեկման աշխատանքների արդյունավետ իրականացման համար կարևոր է նաև դպրոցների ուսուցիչների մասնակցությունն ու ներգրավվածությունը:

Ընդ որում, այս աշխատանքները պետք է իրականացվեին նախապես՝ արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո, երբ ընդունելության կարգի փոփոխության համար առկա էր ողջամիտ կանխատեսելիություն:

3․Հասկանալի է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը կարող է պահանջել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների անցկացման սեղմ ժամկետներ։ Սակայն, նախագծերի ընդունման հրատապությունը չի վերացնում այդ փաստաթղթերի մասին հանրային քննարկումներ անելու անհրաժեշտությունը:

Արդյունքում, պետք է արձանագրել, որ թե՛ Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 826-Ն որոշման, թե՛ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն իրականացվել։

Մարդու իրավունքների պաշտպանին նախագծերը կարծիքի ևս չեն ներկայացվել:

4․Պատշաճ քննարկումներ չանցկացնելն առաջացրել է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության կարգին առնչվող փաստաթղթերի գործնական կիրառելիության խնդիրներ: Ավելին, առաջարկվող լուծումների վերաբերյալ հանրային ոչ բավարար իրազեկվածությունը հանգեցրել է շահագրգիռ կողմերի՝ խնդրո առարկա կարգավորմամբ հետապնդվող նպատակի վերաբերյալ անորոշության ու նույնիսկ կրթության իրավունքի պատշաճ իրացման պայմանների տեսանկյունից անբարենպաստ հետևանքների:

Կառավարության որոշման և օրենքի նախագծերին կից ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանցում առկա չէ այդ փաստաթղթերի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող բավարար տեղեկատվություն: Մասնավորապես, Կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում անհրաժեշտ էր դիտարկել, թե առաջարկվող կարգավորումը գործնականում ինչ հնարավոր ռիսկեր կարող է պարունակել և ինչ ազդեցություն կունենա կրթության իրավունքի իրացման տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև այն, որ 2020-2021 ուսումնական տարվա համար բուհերում ընդունելությունն իրականացվել է մեկ քննության արդյունքների հիման վրա ու այն էլ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի մշակման փուլում հաշվի չի առնվել արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանափակումների պատճառով խնդիրների առաջ կանգնած դիմորդների բուհ ընդունելության հարցը: Օրինակ, դիմորդը չի կարողացել մասնակցել ընդունելության միասնական քննությանը, քանի որ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակակիր լինելու հիմքով գտնվել է ինքնամեկուսացման մեջ: Ավելին, դիմորդն ավարտել է միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ: Արդյունքում, ինքնամեկուսացված և մեկուսացված անձինք չեն կարողացել մասնակցել ընդունելության քննություններին իրենցից անկախ պատճառներով:

Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է բողոքների քննարկումը։  Պաշտպանի իրավական դիրքորոշումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31