Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կրկին կարող է մնալ իր իսկ կառուցած «սառցահատի» տակ. իսկ մե՞նք

Օգոստոս 04,2020 22:00

Ս. թ. օգոստոսի 1-ը՝ պատմական օր էր արաբական աշխարհի համար։ Աբու-Դաբիից ոչ հեռու շահագործման հանձնվեց առաջին ատոմակայանն ահռելի հզորությամբ՝ 5600 ՄՎտ, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքտումն ասաց, որ այս ԱԷԿ-ը, ինչպես նաեւ տիեզերքի հետազոտումը, որով եւս զբաղվում է ԱՄԷ-ն՝ «ուղերձ է աշխարհին, որ արաբներն ունակ են վերսկսելու իրենց ուղին գիտության մեջ եւ մրցելու այլ մեծ ազգերի հետ»։

Իսկ դրանից մի-քանի օր առաջ Էմիրությունների ԱԳ նախարար, դոկտոր Անվար Գարգաշը խստորեն զգուշացրեց Թուքիային՝ հեռու մնալ արաբական գործերից։ Այս ամենը եւս մի դրսեւորումն է այն արդիականացման եւ բարդ վերափոխման գործընթացի, որը տեղի է ունենում արաբական վերնախավերում եւ հասարակություններում, եւ որում արաբական ազգայնականության աճի չափաբաժինը նշանակալի է եւ մեծացման միտում է դրսեւորում։ Սա նաեւ պատասխան է այն մարտահրավերի, որը Թուրքիան նետում է արաբներին՝ ոչ միայն որպես սուննի մուսուլմանների մի ինքնակոչ առաջնորդ, ինչպես Օսմանյան կայսրության վերջին չորս դարերի ընթացքում, այլեւ ուղղակի միջամտելով արաբական երկրների խնդիրների մեջ՝ Սիրիա, Լիբիա, Իրաք, Լիբանան։

Եվ այսօր արաբ առաջնորդների մոտ հարց է առաջանում, թե՝ իսկ արդյոք ունե՞ն նրանք թուրքական առաջնորդության կարիք։ Ավելին, նրանք տեսնում են, որ Եվրամիության անտարբերության ֆոնին Էրդողանի ահագնացող լկտիությունը կարող է ինքնահաստատվել նախեւառաջ արաբների շահերի եւ արժանապատվության հաշվին։ Այս ամենի մասին բաց տեքստով խոսում են Եգիպտոսում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, թեկուզ ավելի զգուշավոր, բայց խոսում են Հորդանանում, Իրաքում, իսկ Սիրիայում ուղղակի կռվում են թուրքական բանակի դեմ։

Այս տարածաշրջանում հիշողությունը շա՜տ երկար է. ոչ թե տարիների եւ տասնամյակների, այլ դարերի, ապա հիշում են նաեւ, թե ինչ տեղի ունեցավ հարյուր տարուց քիչ ավել ժամանակ առաջ։ Արաբներն ապստամբեցին Օսմանյան կայսրության դեմ եւ հաղթեցին մարտի դաշտում, սակայն դաժանորեն խաբվեցին քաղաքական-դիվանագիտական դաշտում, եւ այդ բարդույթը զգացնել է տալիս մինչ օրս։

Այս ամենում չափազանց կարեւորն այն է, որ արաբական ազգայնականության վերելքը կարող է հիմնավորապես ջախջախել Թուրքիայի նեոօսմանյան դիցաբանությունը։ Նույնիսկ թուրք աստվածաբաններից ոմանք են այն կարծիքին, որ Սուրբ Սոֆիայի տաճարի «երկրորդ սպանությունը» դեմ է սրբազան Ղուրանի ոգուն, եւ դա կապ չունի Իսլամի հետ, դա ուղղակի նեոկայսերապաշտական ինքնահաստատման ակտ է։ Իսկ Էրդողանին այլեւս նեոսուլթանի կարգավիճակն էլ բավարար չէ, ինչպես եւ բոլոր թյուրքերի «հոր», նա ուզում է դառնալ բոլոր մուսուլմանների (առնվազն՝ սուննի) առաջնորդ-խալիֆը, ինչը նշանակում է նախեւառաջ գերակայություն արաբական աշխարհի նկատմամբ։ Իսկ դա անհնարին է, եթե քաոս չկա։ Եվ գաղտնիք չէ, որ Էրդողանը հիշում է Թուրքիայի «շահերի» մասին որեւէ արաբական երկրում, երբ այդ երկիրը թաթախվում է քաոսի, կոլապսի, քաղաքացիական պատերազմի մեջ։ Այդտեղ Թուրքիան իր պրոքսիների միջոցով խորացնում է քաոսը եւ սկսում իր առեւտուրն արաբների, Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ միաժամանակ։ Էրդողանը առայժմ հաջողում է իր առաջխաղացման մեջ, քանի արաբներն անմիաբան են կամ անտարբեր, Մոսկվան խրախուսում եւ ուղղորդում է որպես սեփական շահերը սպասարկող մի «սառցահատ», դիմագրավելով միայն այն մասով, որ մասով իր շահերի հետ է հատվում, իսկ Արեւմուտքում շարունակվում է քաղաքական կուրությունը եւ խայտառակ պահվածքը։

Այսօր արաբական վերնախավերը ձեռք են բերել պատշաճ ինքնավստահություն, որպեսզի ծրագրեր կազմեն, թե ինչպես կայունացնեն արաբական աշխարհը եւ դնեն իրական առաջընթացի ուղու վրա, եւ այս մտածողության կրողներն են չափավոր վարչակարգեր ունեցող սուննի պետությունները, կարեւոր չէ՝ հանրապետություն են, թե միապետություն։ Մնացածը համոզվում են եւ համոզվելու են ժամանակի ընթացքում, որ այլ ճանապարհ ուղղակի չկա։ Իսկ դրա համար, նախեւառաջ, անհրաժեշտ է համաարաբական արժանապատվության դիրքերից օտար միջամտություններին վերջ տալ՝ թուրքական եւ ռուսական, արդիականացմանը միտված բարեփոխումներ անցկացնել եւ մեկ լեզվով խոսել աշխարհի տեխնոլոգիական առաջատար Արեւմուտքի հետ։

Արաբներն ունեն դրա երկու վառ օրինակը. ԱՄԷ եւ Եգիպտոս, եւ այստեղ մենք աշխատելու լայն հնարավորություններ ունենք։ Ռուս-թուրքական իբր «հակադիր», բայց ըստ էության համատեղ միջամտությունները` Սիրիա եւ Լիբիա, վերածել են այդ երկրները քաոսի, դժոխքի եւ ավերակի, եւ սպառնում են Եվրոպային՝ այդ քաոսի արտահանմամբ։ Այս վերջնարդյունքի հարցում որեւէ հակադրություն չկա Մոսկվայի եւ Անկարայի միջեւ. նրանք երկուսն էլ ձգտում են աշխարհակարգի վերաձեւմանը հօգուտ իրենց եւ միջոցների մեջ որեւէ խտրականություն չեն դնում։

Ակնհայտ է, որ այս ընթացքը կանգ է առնելու միայն այն ժամանակ, երբ կբախվի կոշտ դիմագրավման պատին կամ այնպիսի ճակատագրական ներքին ֆորս-մաժորի, որն անհնարին կդարձնի որեւէ արտաքին ակտիվություն։ Ռուսաստանը մեզ համընթաց է գործում բացառապես սեփական շահերից դրդված, այլ ոչ մեր «գեղեցիկ աչքերի» համար։ Իսկ ռուս-օսմանյան, ռուս-թուրքական դարավոր դիմակայության պատմության տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած պահի, երբ տեսան, որ մենք «հասունացել ենք» մեր շահերի հաշվին իրենց գործարքի համար՝ աչք անգամ չեն թարթի։

Իսկ մինչ այդ, երբ Թուրքիան երեւում է երեւանյան պատշգամբներից, իսկ ռուսական զորախումբը՝ Հայաստանում է, մեզ մնում է գույքագրել առկա միջազգային միտումները, որոնք «համընթաց քամի» են մե՛ր ընթացքի համար։ Դրանք են. Թուրքիայի զսպմանն ուղղված՝ ձեւավորվող ռազմա-քաղաքական մերձեցումները Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, որոնք ներառում են Հունաստանը, Ֆրանսիան, Կիպրոսը, Եգիպտոսը, Իսրայելը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, արաբական ազգայնականության աճը, քրդական ազգայնականությունը, Իրանի մտահոգությունները, Չինաստանի մտահոգությունները, ԵՄ մտահոգությունները եւ վատթարացող հարաբերություններն Անկարայի հետ, ԱՄՆ մտահոգությունները եւ վատթարացող հարաբերություններն Անկարայի հետ։

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա պարզ է, որ Ադրբեջանի հետ դիմակայությանը մենք մնում ենք դեմ առ դեմ՝ առանց դաշնակիցների (բառիս ամբողջական իմաստով), եւ լայնածավալ պատերազմի ներկայիս անհնարինությունը պայմանավորված է, նախ, Ադրբեջանի անկարողությամբ, ինչպես նաեւ՝ նմանատիպ պատերազմի շահառուների բացակայությամբ։

Իսկ վերը նշված այլ գործոնները, կապված Թուրքիայի հետ՝ դեռ «հում» են, շատ դեպքերում հակամետ, ուստի լայն ասպարեզ են բացում հայկական դիվանագիտության առաջ՝ շահերի հետագա ներդաշնակեցման ապահովման համար։

Իսկ մինչ այդ մենք տեսնում ենք, որ Մոսկվան «աջ ձեռքով» Երեւանի հետ միջպետական ձեւաչափով համագործակցում է, իսկ «ձախ ձեռքով»՝ նենգ եւ չարամիտ ապատեղեկատվությամբ, հաստիքային պրոպագանդիստների զազրախոսությամբ ապականում է մթնոլորտը Հայաստանի եւ Ռուսաստանի հայության ներսում։ Սրան դիմակայելու մարտավարության առումով որեւէ նոր բան չկա. շարունակել «աջ ձեռքի» ակտիվ հարաբերությունները, իսկ «ձախ ձեռքին»՝ բացահայտել, տեղը ցույց տալ, պատասխանել, ոմանց էլ՝ բերանը փակել ամենակոշտ ձեւով, միշտ հիշեցնելով, որ Հայաստանը Ռուսաստան չէ եւ չի լինելու։

Ռուսները, Աթաթուրքի հետ, Հիտլերի հետ եղած դառը փորձը չյուրացնելով, չխրատվելով՝ շարունակում են իրենց արատավոր պրակտիկան միջազգային հարաբերություններում. առավել «ցուրտը տարած» դուրսպրծուկներին բուծելով կառուցում են «սառցահատ», որով փորձում են առկա աշխարհակարգը ջարդել եւ նորը ստեղծել, իբր ավելի շահեկան իրենց համար, բայց հետո մնում են այդ «սառցահատի» տակ, դառնում այդ «սառցահատի» հարվածի հիմնական ուղղություն։ Դրանից հետո ռուսները մի կերպ, սեփական ժողովրդի արյան գնով տակից դուրս են գալիս, բայց Հայաստանի եւ հայ ժողովրդի համար նման անբարոյականությունը դառնում է ճակատագրական, իսկ կորուստները՝ անդառնալի։ Ի տարբերություն ռուսների, ներկայիս դրությամբ մենք դա շատ լավ ենք յուրացրել, եւ երկրորդ անգամ այդ կեղտոտ խաղի մեջ մենք չենք ներքաշվելու։ Դուք ինչպես եք ուտելու ձեր պետականության գլուխը՝ բացառապես ձե՛ր գործն է, մենք չկանք, իսկ ձեր գլխակեր արկածախնդրություններում մեզանից եւս չորս մարշալ՝ չորս հարյուր հազար զոհի դիմաց չսպասե՛ք։ Մենք մե՛ր պատերազմին ենք պատրաստվելու, ոչ թե ձեր։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31