ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(Ներկայացված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին)
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր ազգային առաքելությունից բխող հանձնառությամբ ուշադրությամբ հետևում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախաձեռնված Հայաստանի հանրակրթության համակարգում որակական փոփոխություններ իրականացնելու գործընթացին։ Մեր ազգային ինքնության, հոգևոր և մշակութային արժեքների ու պատմական ժառանգության վերաբերյալ այս ծրագրային փոփոխություններն իրենց լրջագույն հետևանքները կարող են ունենալ ինչպես հայրենի, նույնպես սփյուռքի հայության համար։
Համոզված ենք, որ այդ աշխատանքներն ուղղված են հաջորդ սերունդներին ինքնության գիտակցությամբ, ազգային, մարդկային, հասարակական, հոգևոր և մշակութային արժեքների ու ավանդույթների ընկալումով դաստիարակելու նպատակին։ Միաժամանակ նրանց մոտ պետք է մշակվեն անհրաժեշտ հմտություններ և կարողություններ, որպեսզի նրանք հաջողությամբ հասնեն իրենց անհատական նպատակներին` իրենց ներդրումը բերելով ազգի ու հայրենիքի սոցիալական, տնտեսական, քաղաքական զարգացմանն ու բարգավաճմանը: Հայրենիքի բոլոր բնագավառների զարգացման ու բարգավաճմանն ուղղված ազգային կրթության արդյունավետության համար այս փոխլրացնող երկու նպատակների անքակտելի համատեղումը հիմք նկատելով ենք մենք ուսումնասիրել առաջադրված չափորոշիչներն ու ուսումնական տարբեր փուլերի շրջանավարտներից ակնկալվող ուսումնառության վերջնարդյունքները:
Կարդացեք նաև
Համոզված ենք նաև, որ ծրագրային փուլում գտնվող այս աշխատանքը կարիքն ունի երկարաշունչ ուսումնասիրության ու մասնագիտական խմբերի համադրված ներդրման, որոնք բնականաբար պետք է ներառեն մեր ազգային հարուստ ժառանգությունը կազմող պատմական, հոգևոր ու մշակութային դարավոր հարստությունն ու մանկավարժական փորձառությունը, որոնք դարեր շարունակ հանդիսացել են մեր ազգային կրթության հիմնատարրերը:
Հետևաբար` ցանկանում ենք ներկայացնել մեր առաջարկությունն ու մտքերը առաջադրված չափորոշիչներին առնչվող ուսումնական ծրագրերի մշակման մասին` ընդգծելով հատկապես մեզ համար առաջնահերթ ազգային ինքնության գիտակցության, հայրենասիրության և հոգևոր ու բարոյական արժեքների մշակման համար անհրաժեշտ նախադրյալները:
Մասնավորաբար նկատի ունենք հայրենի պետության դերի առնչությամբ, ընդհանուր առմամբ, հայ ժողովրդի և, ի մասնավորի, սփյուռքահայ համայնքների ընկալումն ու անկախ հայրենիքի իրականությունից բխող կրթական համակարգից ակնկալվող արդյունքների կարևորությունը, որպես սփյուռքահայության ազգապահպանման երաշխիք ու հայրենադարձության գործոն:
Չափորոշիչների և ուսումնառության վերջնարդյունքների վերաբերյալ առաջադրված ծրագրային փոփոխությունների շրջանակում նախատեսվում են առարկաների կրճատում ու վերադասավորումներ, որոնք հանրային քննարկումների առարկա են դարձել, արծարծելով նաև տարբեր մտահոգություններ այդ փոփոխությունների համար հիմք ծառայող տրամաբանության, կրթական մոտեցումների ու համաշխարհայնացման դրսևորումների շուրջ: Այս երևույթն, առավել ևս շեշտում է մեր այն համոզումը, որ անհրաժեշտ է առարկաների ընտրության, համապատասխան տարիքային փուլերի ու դասաժամերի բաշխման և ուսուցման միջոցառումների որդեգրման ու վերապատրաստման աշխատանքները կատարվեն մասնագետների լայն ներգրավվածությամբ և համագործակցությամբ` ավելի երկար ժամանակ հատկացնելով ուսումնասիրության ու քննարկումների համար:
Հարցը վերաբերում է հանրակրթական հաստատություններում առանձին դասավանդվող առարկաներին, այդ թվում Հայ եկեղեցու պատմության, հայրենագիտություն և հասարակական գիտությունների մյուս բնագավառներին, որով նոր չափորոշիչների համաձայն հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, կրոնը, աշխարհագրությունն ու հասարակական կյանքի ոլորտները կրտսեր դասարանների փուլում ներկայացվելու են մեկ առարկայով, իսկ ավագ դասարանների փուլում՝ առանձին առարկաներով:
Հատկապես սփյուռքում մեր տասնամյակների կրթական գործունեության փորձառությամբ խորապես համոզված ենք, որ առաջնահերթություն պետք է ունենան հայրենագիտական նյութերը: Կրթական համակարգը կառուցված պետք է լինի մատաղ սերնդին ազգասիրության, հայրենասիրության, ավանդապահության ու հոգևոր ու բարոյական արժեքների ըմբռնմամբ դաստիարակելու տեսլականով: Դպրոցը հետևողական ջանքերով ու համապատասխան ծրագրով աշակերտների մտքերում և հոգիներում պետք է դրոշմի մեր պետականության, ազգային պատկանելիության, հողի ու հայրենիքի սրբության խորագույն հասկացությունները։ Այդպիսով նրանք քաջածանոթ կլինեն մեր պատմությանը, կունենան քաղաքացիական պարտականության գիտակցություն և հայրենիքի հանդեպ նվիրումի հզոր զգացմունքներ, պատրաստ ու ինքնության գիտակցությամբ, որպես հայության ինքնուրույն մշակույթի և պատմական ժառանգության կրողներ հպարտությամբ իրենց արժանավոր տեղը գրավելու աշխարհում:
Երկրորդը վերաբերում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկային: Որոշ առարկաների պարագայում համադրված դասավանդման մեթոդն, անշուշտ, ունի իր կրթական առավելությունները, առարկաների համակարգված, համապարփակ ու միահյուսված դասավանդման առումով, ինչ-որ առավել ճկունություն ու ստեղծարար մոտեցումների հնարավորություն է ընձեռում դպրոցներին ու ուսուցիչներին, ուսանողներին առիթ տալով նաև կողմնորոշվելու իրենց հետաքրքրությունների գծով:
Բայց և այնպես մենք համոզված ենք, որ նկատի պետք է ունենալ Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատկությունը իբրև հայ ժողովրդի ազգային եկեղեցի` մանավանդ հայ ժողովրդի հոգևոր կյանքում մեր ազգային մշակույթի ու ինքնության պահպանման գծով Հայ եկեղեցու ազգային բացառիկ առաքելությունը հստակորեն ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում:
Գնահատելով նաև հայ ժողովրդի ինքնագիտակցության մեջ որպես ազգային եկեղեցի ու առանցքային բաղադրիչ նրա առկայությունը, ինչպես նաև ավելի քան 1700 տարիների պատմական դերը հայ ժողովրդի կյանքում, Հայ եկեղեցու պատմության դասավանդումը, որպես առանձին առարկա, հոգեբանական ու խորհրդանշական հատուկ կշիռ է ստացել: Ընդգծում ենք, որ խոսքը չի վերաբերում կրոնի դասավանդմանը, այլ Հայ եկեղեցու պատմական դերին, որի դասավանդումը հանրային դպրոցներում, համոզված ենք, մեծապես նպաստել է հայ աշակերտների ինքնության գիտակցության մշակմանը:
Ցանկանում ենք մատնանշել, որ մենք հստակորեն զատորոշում ենք Հայ Առաքելական Եկեղեցու դերը իբրև ազգային կառույց և հայ ինքնության բաղադրիչ հանրային կյանքում նրա հոգևոր դերի և հավատքի քարոզչության հասկացությունից: Մենք կողմնակից ենք մեր անկախ պետականության իրականությունում կրոնի ու պետության տարանջատման սկզբունքին: Նախանձախնդիր ենք նաև, որ Հայ Եկեղեցին իր հոգևոր գործունեությունն իրականացնի առավելագույն արդյունավետությամբ, քայլ պահելով ժամանակի ու սերունդների փոփոխվող կարիքների ու ակնկալությունների հետ:
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, ներկայիս, բոլոր քրիստոնյա եկեղեցիների ու կրոնական կառույցների նման, կանգնած է ժողովրդի կյանքում իր ներկայության և հոգևոր դերի արդյունավետության հետ կապված մարտահրավերների առջև: Ինչպես բազմամիլիոն հետևորդներ ունեցող համաշխարհային մյուս եկեղեցիները, մեր եկեղեցին նույնպես հետամուտ պետք է լինի այդ ուղղությամբ անհրաժեշտ բարեկարգումների իրականացմանը: Նույն այդ հանգամանքով եկեղեցին պետք է վայելի նաև հատուկ առանձնաշնորհումներ:
Որդեգրված չափորոշիչերը կարող են փորձարկված ու կատարելագործված լինել մի շարք երկրների կրթական կառույցների երկարամյա փորձով ու շարունակական բարեփոխումներով, սակայն իրենց ընդհանրական յուրահատկություններով տարբեր են մեր ժողովրդի պատմական դարավոր փորձառությամբ կազմավորված ազգային արժեքներից ու ժառանգությունից:
Հետևաբար, այդ չափորոշիչներն ու կրթական ծրագրերը մշակման ընթացքում կարիքն ունեն հավելյալ քննության ու խորը վերլուծության, որպեսզի համահունչ լինեն մեր ժողովրդի ազգային ու կրոնական ավանդույթներին ու ընդհանրական կենսափորձով կազմավորված աշխարհայացքներին: Նամանավանդ անհրաժեշտ է, որ դրանք պատշաճեցված լինեն մեր ժողովրդի ու հայրենիքի հատուկ կարիքներին, անցած պատմական ուղուն և սփյուռքում ու հայրենիքում մեր ժողովրդի դիմագրաված մարտահրավերներին:
Մեր ակնկալությունն է, որ անկախ Հայաստանն իր պետական համալրված և ուժեղացված կառույցներով ու մեր ազգային եկեղեցին ժողովրդի կյանքում իր հոգևոր դերի բարձրությամբ, որպես մեր ազգային ինքնության երկու հիմնասյուներ, անջատաբար, բայց և համախորհուրդ ու ներդաշնակ գործակցությամբ հանդես գան իբրև մեր ժառանգության, մշակույթի, պատմության և ազգային ինքնության պահպանության երաշխավորներ:
Սփյուռքի համայնքներում ու հայրենիքում իր ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում կրթությունն իբրև ինքնության գիտակցության մշակման, բարեկեցության ու ազգապահպանման միջոց, եղել և մնում է ՀԲԸ Միության առաքելության հիմնասյուներից մեկը:
Ցեղասպանությունից առաջ ու մանավանդ հաջորդ տասնամյակներին վերապրած հայ ժողովրդի գոյապայքարում ՀԲԸ Միության ազգանվեր ծառայությունները քաջածանոթ են բոլորին՝ սեփական դպրոցների լայնատարած ցանցով, մշակութային, մարզական, արվեստների, մարդասիրական նախաձեռնությունների ու համայնքային կենտրոնների աշխույժ գործունեություններով, որոնք հանդիսացել են Արևմտյան սփյուռքի համայնքային կյանքի կազմակերպման հիմնաքարերը:
Միությունն իր ազգաշեն գործունեության ընթացքում խորապես ըմբռնած լինելով Հայ Առաքելական Եկեղեցու դերի կարևորությունը, հայ ժողովրդի ինքնության, հայ ազգի գոյապահպանման, դաստիարակության, հոգևոր ու բարոյական արժեքների մշակման ու համայնքային կյանքին ու հոգեմտավոր կազմավորման գործում միշտ գործակից ու աջակից է եղել նրան:
Անցնող տասնամյակներին մեր աշխարհասփյուռ համայնքներն իրենց առօրյա կյանքում, ինչպես նաև ազգապահպանման պայքարում, քաղաքական, սոցիալական ու տնտեսական զարգացումների պատճառով տարբեր բնույթի ծանր մարտահրավերներ են դիմագրավել ու դեռևս շարունակում են դիմագրավել: Միությունը, միշտ հավատարիմ իր առաքելությանը, քայլ է պահել սփյուռքի հայ համայնքների շարժերի, փոփոխվող պայմանների ու կարիքների հետ, մշակելով նոր միջոցառումներ, նախաձեռնություններ ու կրթական ծրագրեր, որոնք կազմավորվող նոր սերնդին ուղղակիորեն կապում են հայրենիքին:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր հիմնադրության առաջին իսկ օրվանից պայքարել է հանուն հայրենիքի հզորացման ու հայրենի պետականության ամրապնդման, անկախ տիրող համակարգերից: Այդ պայքարը հաճախ եղել է ծանր զոհողությունների գնով, քաղաքական ու անվտանգության ծանր պայմանների տակ, հավատալով, որ հզոր հայրենիքն ու ուժեղ պետականությունը մեր ազգի գոյատևման գրավականներն են ու սփյուռքի հայության ազգապահպանման հիմնական հենարանը:
Հատկապես անկախությունից հետո շեշտվող ներկայությամբ, ՀԲԸՄ-ն գործունեությունների ծիրն ընդլայնել է Հայաստանում և Արցախում, իրականացնելով բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահական և սոցիալ-տնտեսական ոլորտներում:
Տասնամյակներ շարունակ տարբեր բնագավառներում շարունակվող օժանդակությունների կողքին, կրթական բնագավառում ՀԲԸ Միության նորագույն ու ամենածավալուն ծրագրերից կնշենք նրա դերը Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրության ու զարգացման գործում, որի արդյունավետությունը տարածաշրջանում այսօր հայտնի է բոլորին:
Մայր Աթոռի հետ գործակցությամբ ու հովանավորությամբ մեր մասնակցությունը Հայորդյայց տների նախաձեռնությանը: Այս ծրագիրը նպաստում է հազարավոր պատանիների դաստիարակությանն ու տաղանդների մշակմանը՝ ավելի քան քսանհինգ տարի շարունակվող գործունեությամբ, որն ինքնին կրթական ոլորտի հիմնարար ներդրում է:
Նշում ենք նաև Հայկական վիրտուալ համալսարանը, որը հիմնվել է ՀԲԸՄ-ի հարյուրամյակի նախօրյակին և որն առցանց մուլտիմեդիա ուսուցման զարգացման գործում տեխնոլոգիական նորարարության առաջնորդող նախաձեռնություն է։ Համալսարանն իր կրթական ծրագրերի մշակման տասնհինգ տարիների փորձառությամբ, հնարավորություններով ու աշխարհատարած հասանելիությամբ այսօր դարձել է Հայաստանի կրթության նախարարության կարևոր գործընկերներից մեկը:
Միության կարևոր ներդրումներից է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը ցուցաբերած աջակցությունը, հատկապես Գյումրու և Ստեփանակերտի մասնաճյուղերի հիմնադրմանը:
Վերոհիշյալների շարքին կարևոր գործունեություններ են նաև նախաձեռնողական-գործարարական կարողությունների մշակման, համայնքային կյանքում կանանց դերի հզորացման ու քաղաքացիական հասարակության զարգացման տարաբնույթ ծրագրերը: Միության շարունակվող ներդրումներից են նաև բարձրագույն կրթության հաստատություններին` Երևանի պետական համալսարանին, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին և այլ ազգային կառույցներին տրամադրված մշտական աջակցությունները, Ֆրանսիական համալսարանին, Մատենադարանի հրատարակություններին ու երիտասարդ գիտնականներին տրամադրված աջակցությունը, երիտասարդ հոգևորականների արտասահմանյան կրթության տրամադրվող և այլ բարձրագույն ուսման կրթաթոշակները:
Հետևաբար, ՀԲԸՄ-ն, որպես գլոբալ ազգային կազմակերպություն, ով հաղորդ է սփյուռքի համայնքների կյանքին ու քաջածանոթ է հայրենի իրականությանը, գործուն մասնակցություն է բերում Սփյուռք-Հայրենիք սերտ համագործակցության սատարող աշխատանքներին, քաջատեղյակ է նրանց փոխադարձ ակնկալություններին ու կարիքներին և ինչպես միշտ պատրաստ է այս փուլում իր մասնակցությունը բերելու հայրենի կառավարության ծրագրերին, ինչպես նաև կրթության նախարարության կողմից առաջարկության առկայության պարագայում, մասնակցել կրթական ծրագրերի մշակման աշխատանքներին։
Մեր թելադրությունն է նաև, որ նախարարությունը շարունակի գործել առանց շտապողականության, շրջահայացությամբ, չափորոշիչներից բխող ծրագրերի մշակման, ուսուցման որակի ապահովման ու առարկաների ընտրության աշխատանքներին մասնակից դարձնելով ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների ու պատմության ու մշակույթի տարբեր բնագավառների, ինչպես նաև Հայ եկեղեցու պատմության ծրագրին առնչված Մայր Աթոռի կրթական ենթախմբի մասնագետների:
Կարևոր է նաև շարունակաբար իրազեկել հանրությանը, գիտակցելով փոփոխության ու նորարարության նկատմամբ նրա զգուշավորության, զգայնություններին ու մտահոգություններին:
Մեր անկեղծ ցանկությունն է նաև, որ Հայաստանի կրթական բարեփոխմանն ու արդիականացմանը լծված կրթության նախարարության ջանքերը հաջողությամբ պսակվեն, ի շահ մեր հավաքական նպատակների իրականացմանը:
ՀԲԸՄ-Ի ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ