Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞րն է, ի վերջո, ջրբաժանը. մաս 1-ին

Օգոստոս 04,2020 09:30

Վերջին օրերի բացահայտումները, կապված կրթական չափորոշիչներում առկա հստակ միտումների, դրա հետևում կանգնած ուժերի և ֆինանսական հոսքերի վերաբերյալ նորից այժմեական են դարձնում այն հարցը, թե որտեղո՞վ է անցնում այն գաղափարական ջրբաժանը, որով այսօր Հայաստանի քաղաքական ուժերն իրարից տարանջատվում են։ Այս հարցին պատասխանելու համար ստիպված ենք լինելու շատ հեռվից գալ, անդրադառնալ 20-րդ դարի սկզբներից հայության մեջ գոյություն ունեցող գաղափարախոսական ուղղություններին։

Հայ քաղաքական կուսակցությունների մեծ մասը ստեղծվել են 19-20-րդ դարերի սահմանագծին։ Գաղափարական առումով դրանք հիմնականում կրում էին ռուսական նարոդնիկական շարժման ազդեցությունը մի տարբերությամբ՝ արմենականները, հնչակյանները և դաշնակցականները առաջնահերթություն էին դիտարկում օսմանյան լծի տակ գտնվող Արևմտահայության իրավունքների պաշտպանության, հայության ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման հարցը։ Մնացած գաղափարախոսական տարբերությունները (լիբերալիզմ, Սոցիալ-դեմոկրատիա կամ սոցիալիզմ) մղված էին երկրորդ, երրորդ պլան, այդ պատճառով էլ 1890-ականներին ազատագրական պայքարի շատ նվիրյալները, անդամակցելով մի կուսակցության, հետագայում դառնում էին այլ, հիմնականում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, սակայն դրա շարժառիթը մեկն էր՝ որ կուսակցությունն էր ավելի մեծ ծավալով կատարում ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման իր առաքելությունը։ Իսկ ՀՅԴ-ն իր ստեղծման օրվանից շատ կարճ ժամանակ անց դարձավ հայության ազգային ազատագրական պայքարի հիմնական կազմակերպիչ ուժը և գաղափարական շարժումը։

Սա հիմք է տալիս արձանագրել, որ մինչև 20-րդ դարասկիզբը Հայ ժողովուրդը միասնական՝ ազգային ազատագրական պայքարի գաղափարախոսության շուրջ համախմբված մի հավաքականություն էր, առկա տարաձայնություններն էլ կրում էին զուտ երանգային բնույթ։ Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ մինչև 20-րդ դարի սկիզբը դրվում էր միայն արևմտահայության ազատագրման խնդիրը և այս հարցում հայկական քաղաքական կուսակցությունները կարող էին ապավինել Օսմանյան կայսրության դարավոր հակառակորդ Ռուսական կայսրության եթե ոչ աջակցությանը, ապա գոնե լոյալությանը։

Իրավիճակը արմատապես փոխվում է 20-րդ դարասկզբին, երբ ռուսական իրականության մեջ ստեղծվում է բոլշևիկյան կուսակցությունը։ Այս նորաստեղծ ուժի գաղափարախոսությունը հիմնվում է դասակարգային անհաշտ պայքարի վրա, որը պետք է հանդիսանար համաշխարհային հեղափոխության հիմք։ Ազգային հարցը այս ուժի, բնականաբար նաև նրան մաս կազմող հայ բոլշևիկների համար գոյություն չուներ, այդ պատճառով արևմտահայ իրականության հետ, ինչպես նաև հայության այդ հատվածի իրավունքների պաշտպանության համար պայքարող հայկական կուսակցությունների հետ հակասություններ ու հակադրություններ գործնական գետնի վրա գոյություն չունեին։ Փաստորեն, ռուսական իրականության մեջ ի դեմս բոլշևիկների, ստեղծվում է համաշխարհային պատմության մեջ առաջին գաղափարական-քաղաքական կոսմոպոլիտ (վերազգային) ուժը, որը շատ վերացական համամարդկային երջանկության գաղափարը կտրում է կոնկրետ բռնադատված ազգերի շահերի պաշտպանության խնդրից, մասամբ նաև հակադրելով այս 2 գաղափարախոսական ուղղությունները։

Շարունակելի

Բագրատ ԵՍԱՅԱՆ
ՀՅԴ անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31