ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը (ԿԳՄՍ) հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագիծը, որտեղ «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների նախագծում, ի թիվս այլ փոփոխությունների, հանվել է «Հայ Գրականություն» առարկայի «հայ» բառը: Այս փոփոխությունները բանավեճերի և քննարկումների առարկա են դարձել հատկապես սոցիալական ցանցերում:
Ուսուցիչներից շատերը կտրականապես դեմ են նախագծին, նրանք չեն ցանկանում, որ Նարեկացուն և Խորենացուն փոխարինելու գան արտասահմանյան գրողներն ու նրանց ստեղծագործությունները, բայց գտնվեցին նաև նրանք, ովքեր կողմ են և արդեն ծանոթանում են գրականության ցանկին:
«Համաձայն եմ, որ մենք՝ ուսուցիչներս ինչ-որ չափով պատրաստ չէինք այս փոփոխություններին, բացի այդ՝ պարզ էր, որ նմանատիպ նորարարությունը այսպես կընկալվի, քանի որ շատ ուսուցիչներ ուղղակի սովոր են տեղում դոփել, առաջնորդվել հին սկզբունքներով և միայն բողոքել: Ինչ վերաբերում է գրականության ցանկին, պետք է նշեմ, որ այն գրականությունը, որը պետք է ներառվի դասագրքերում այնքան էլ հեշտ չի լինի գտնել: Ինքս փորձում էի որոշ ստեղծագործություններ գտնել, բայց նույնիսկ համացանցում չկային: Դրա համար պետությունը պետք է գրադարաններին ապահովի այդ գրքերը, որ երեխան կարողանա կարդալ: Ընդհանուր առմամբ, ցանկում շատ լավ հեղինակներ և ստեղծագործություններ կան, որոնք կնպաստեն աշակերտների մտահորիզոնի ընդլայնմանը: Երեխաներին ազատություն տալուն՝ հատկապես 9-12-րդ դասարաններում, լիովին կողմ եմ, աշակերտին թույլ տալ, որ ինքը ընտրի իրեն հոգեհարազատ գրքերն ու թեմաները շատ ավելի ճիշտ է, քան պարտադրել այն, ինչին ուղղակի սովոր ենք բոլորս»,-մեզ հետ զրույցում ասաց ավագ դպրոցներից մեկի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարգարիտա Սարգսյանը:
Ծնողները նույնպես մասնակցում են քննարկումներին և, ինչպես իրենք են նշում, նույնիսկ նամակներ են գրում նախարարություն:
Կարդացեք նաև
«Իմ երեխաները արդեն ավարտել են և հիմա թոռներիս եմ դպրոց ուղարկում և չեմ ուզում, որ նրանք անհաղորդ լինեն հայ գրականությանը: Այսօր մենք հավանություն կտանք այս նախագծին ու մեր երեխաները հայ գրականությունից կանցնեն արտասահմանյանի, իսկ հետո ի՞նչ…մի քանի տարի հետո էլ տարրական դասարաններում Թումանյան չեն անցնի երևի:
Մեր մշակույթի պահողը մենք ենք, եթե մենք ենք հրաժարվում կարդալ հայ գրողների երկրները, էլ ո՞վ կկարդա: Այս հարցը մի քանի անգամ հղել եմ նախարարներին, անընդհատ նամակներ եմ գրում: Ճիշտ է պատասխան չեմ ստացել, բայց չեմ հանձնվի: Մենք պետք է պայքարենք հայ գրականության համար»,-նշեց Թերեզա Գալուստյանը:
Ջուլետտա Հովսեփյան