Հարազատ եղբոր կողմից օգոստոսի 1-ին գլխատված կինը երկու աղջիկ ուներ, որոնք արտասահմանում են ապրում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Բերդի նախկին դատաբժիշկ Դավիթ Հարությունյանը, որը տարիներ շարունակ աշխատել է գլխատված կնոջ եղբոր՝ Վահրամ Մեժլումյանի հետ:
«Չգիտեմ՝ այդ կնոջ ամուսինը կա, թե՝ ոչ, բայց այդ կինն ամուսնացած էր, երեխաները դրսում էին: Ինքը եղբոր հետ շատ լավ է եղել, չորս երեխա են եղել, չորսից ամենամտերիմը հենց իրենք են եղել, քույրը Բերդ է եկել, գնացել, եղբայրն էլ քրոջ տուն՝ Երեւան: Մնացել ենք ապշած, թե ինչու է նման քայլի գնացել: Ինձ հետ աշխատելու ժամանակ նորմալ, խելքը գլխին, հանգիստ տղա է եղել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ արդեն չորս տարի է, ինչ Մեժլումյանն աշխատանքից ազատվել է աշխատանքում թերանալու համար: Ըստ նրա՝ այս տարիների ընթացքում գործազուրկ էր ու ապրում էր քրոջ տանը՝ Երեւանում: Նրա խոսքով, Վահրամ Մեժլումյանի մոր մահից հետո նրան հազվադեպ էին տեսնում Բերդի իրենց տանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ