Aravot.am-ի հետ զրույցում Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ բնակավայրի խոշոր ֆերմեր Հովհաննես Գաբոյանը դժգոհեց, որ կառավարությունը գյուղատնտեսությունը, մասնավորապես անասնապահությունը զարգացնելու մասին հնչեցրած խոստումներն իրականություն չի դարձնում։ Ըստ ֆերմերի, գյուղացին անասունի միսը իրացնելու շուկա չունի, մինչդեռ կառավարությունը բանակի, մանկապարտեզների համար միսը ներկրում է արտերկրից։
«Անընդհատ ասում են գյուղատնտեսության զարգացում, անասնապահության զարգացում, դրսից անասուններ են ներկրում՝ լավ ցեղատեսակների, դրանք մեր պայմաններում մի քիչ դժվար է պահելը։ Գյուղացիներն այդպիսի հնարավորություն չունեն, անասնակեր չունեն, մարդուց լավ պիտի կերակրես, որ էդ կաթը տա ինքը, բայց իր սպասարկումն էլ շատ թանկ է՝ անասնաբույժի հետ կապված։ Պիտի պահես, մի 2-3 սերունդ ստանաս, որ տեղայնացվեն, նոր կարողանաս իրենից եկամուտ ստանալ։
Այսօր նաև մեր պահած անասունների միսն է դժվար վաճառվում, օրինակ՝ ես ունեմ հինգ տոննա միս, քաշերը բարձր են ՝ մոտ 450-500 կիլոգրամ միս կա ամեն մեկի վրա, բարձր որակի միս է, չենք կարող վաճառել, անընդհատ լրացուցիչ կերակրում ենք։ Այս սեզոնին գոմը կապած՝ խտացրած կերերով կերակրում ենք։ Կառավարությունը միսը ոչ թե Հնդկաստանից կամ չգիտեմ որտեղից պիտի բերի բանակին, հիվանդանոցին,դպրոցներին, մանկապարտեզներին կերակրի, այլ թող մեզանից վերցնի, կերակրի։ Ավելի լավ՝ որակյալ, մաքուր։
Կարդացեք նաև
Տեսեք մեր ժողովուրդն առողջական խնդիր ունի, մտածում են ՝ սա անենք, որ մարդիկ չհիվանդանան, պատվաստենք, բայց էդ ներկրած միսը իրենով հիվանդություն է, դրանք 10 տարեկան մսեր են՝ եսիմ ինչ դեղերով պահված, բերում, կերակրում են։ Էս խնդիրը կարծում եմ հեշտ լուծվող է։
Օգնություն անասնապահությանը չեմ տեսնում, եթե միսը գնեն նորմալ գներով, գյուղացին անասուն էլ կգտնի, կբերի, ինքը կգնա Ռուսաստանից, Եվրոպայից կբերի, կպահի, մենակ վաճառվի»,- ասաց Հովհաննես Գաբոյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ