Արդի աշխարհում տեխնիկայի եւ կրթության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դրել կրթության առջեւ։ Խնդիրների լուծման նպատակով, ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկմանն է ներկայացրել «Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների» նոր նախագիծ։
Քննարկման շրջանակներում լայն արձագանք է ստացել «Գրականության չափորոշիչներ» ծրագրի նախատիպը։ Քննադատվում է բարձր դասարաններում «հայ» բառը առարկայի անունից հանելու, ինչպես նաեւ համաշխարհային գրականության եւ հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները գրականության դասագրքերում ներառելու հանգամանքը։
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետն էլ նշում է՝ չափորոշիչները կազմված են անորոշ ու ճապաղ՝ դասարանից դասարան կրկնվող սահմանումներով, ձախողված է ոճագիտության մատուցումը, շեշտադրվում է գործնական աշխատանքների կարևորությունը և դերը, սփյուռքահայ գրականությունն էլ ներկայացված է չնչին չափով ։
Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի տիկին Արմինե Ոսկանյանը մեզ հետ զրույցում պնդեց՝ փոփոխությունները տեղին են․ «Այս մեթոդը թույլ կտա աշակերտներին ձեւավորել սեփական հայացքների նկատմամբ կայուն համոզմունքներ։ Ուսուցիչներից շատերը վաղուց արդեն օգտվում են այս մեթոդներից, եւ կարող եմ սեփական փորձից ասել՝ աշակերտների հետաքրքրությունը գրականության հանդեպ մեծանում է։ Անշու՛շտ, փոփոխությունները բոլորիս համար էլ հետաքրքիր կլինեն, հատկապես այս դեպքում, երբ սովորողներին հնարավորություն կընձեռվի ազատ լինել խոսքի մեջ, ուսուցչին՝ թեմայի ընտրության։ Թյուր կարծիք է, որ կընտրվի արտասահմանյան գրականությունը, եւ հայ գրականության ցանկը դուրս կմնա։ Կարծում եմ՝ հիմնական բոյկոտ կազմակերպողները շտեմարանային հեղինակներն են, որոնք տարիներ շարունակ չեն թողնում աշակերտներին ձեւավորել սեփական մտածողություն։ Ժամանակակից գրողներն էլ են հետաքրքիր․ աշակերտներին կենդանի գրականությանը կապելու հրաշալի միջոց է»։
Գրադարանավարուհի Աննա Մարտիրոսյանն էլ ողջունեց ժամանակակից գրողներին դասացանկում ներգրավելը․ «Դպրոցահասակ երեխաներին պետք է ծանոթացնել Ժամանակակից գրողների հետ։ Գրադարանը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում «Գրքի քննարկում հեղինակի հետ» թեմայով։ Երեխաների հետաքրքրությունը մեծ է․ խոսում են, հարցեր տալիս, կիսվում կարծիքներով։ Ի վերջո` ժամանակակիցը մի օր դառնալու է դասական»։
Քննարկումներից մեկի մասնակից 11-րդ դասարացի Մերի Մինասյանը ծանոթ չէր նոր չափորոշիչներին, տեղեկանալուց հետո ասաց․ «Դասագրքի նոր տարբերակը շատ ավելի դյուրըմբռնելի է։ Լավ է, որ արտասահմանյան գրականությունը ավելանալու է՝ կծանոթանանք տարբեր մշակույթների հետ, եւ ժամանակակից գրականությունն էլ։ Կարեւոր է, որ այսուհետեւ թեմաները կվերարտադրենք մեր մտքերով եւ մեր շարադրանքով։ Շատ ուսուցիչներ, վերջապես, կհասկանան, որ աշակերտն էլ սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունի»։
Էլիզաբեթ Թովմասյան