«Տեղական արտադրանք» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամների ջանքերով մեկնարկել է «Հայկական կերպար՝ #ArmenianLook» նախագիծը։
Նախագծի նպատակն է խթանել հայկական արտադրանքի սպառումը, ներկայացնել Հայաստանում գործող այն ընկերությունները, որոնց արտադրանքը որակով ու ոճով չի զիջում օտարերկրյա հայտնի ապրանքանիշներին, սակայն հայ սպառողը դրանց մասին հաճախ պատկերացում էլ չունի։ «Հայկական կերպար» նախագծի շրջանակներում առաջին անգամ ստեղծվում է կերպար՝ ամբողջովին ձևավորված հայկական արտադրության հագուստով, կոշիկով և աքսեսուարներով։
Նախագծի գաղափարին՝ խթանել հայկական արտադրությունը, միացել են Աժ պատգամավոր Աննա Կոստանյանը, DJ Vakcina-ն և Հանրային հեռուստաընկերության լուրերի հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը։
Արշավին միացած ընկերությունների ապրանքատեսակների համադրությամբ հնարավոր եղավ ստեղծել ազատ ոճի կերպար, ինչը ցույց տվեց, որ Հայաստանում վաղուց արդեն հնարավոր է կրել տեղական արտադրության որակյալ և ոճային հագուստ, կոշիկ և աքսեսուարներ:
Կարդացեք նաև
«Տեղական արտադրանք» նախաձեռնության անդամները կշարունակեն ֆոտոշարքը՝ «Հայկական կերպարը» ներկայացնելով նաև երեկոյան, դասական և այլ ոճերում։ Այդ նպատակով կոչ ենք անում մեր հայկական ընկերություններին և հանրային դեմքերին միանալ նախաձեռնությանը և նպաստել հայրենական տնտեսության զարգացմանը։ Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հիմա, ավելի քան երբևէ, կարիք կա աջակցելու մեր երկրի տնտեսության զարգացմանը և խթանելու հայկական արտադրանքի սպառումը։
Օգնե՛ք ստեղծելու հայկական կերպար և դարձե՛ք դրա մի մասնիկը:
«Տեղական արտադրանք» նախաձեռնություն