Նախկին իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ 7-րդ գումարման խորհրդարանը 2019-ի առաջին կիսամյակում այնքան է գնացել գործուղման, որ արդեն սպառել է գործուղումների համար բյուջեով հատկացված գումարը եւ կառավարությունը նոր հատկացումներ է արել: Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասաց. «Մենք գործուղումների մասով կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ գումար ենք ստացել, չնայած տարվա վերջին 290 մլն -ի կարգի մենք վերադարձրել ենք գործուղումների հոդվածով բյուջե: Ինչով է պայմանավորված եղել ավելացումը. Ինչպես գիտեք, պատգամավորների թվաքանակի ավելացում է եղել եւ, հետեւաբար, համապատասխան խորհրդարանական խմբերի, գործուղումների խմբերի քանակի ավելացում է եղել: Դրան համապատասխան, համարժեք մենք պլանավորում ենք իրականացրել եւ կառավարությունից ստացել ենք անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու արդեն լրացուցիչ հնարավորությունները գործուղումների: Չնայած, էլի եմ ասում, բավականին մեծ գումար՝ 290 մլն-ի կարգի վերադարձրել ենք պետբյուջե հենց գործուղումների հոդվածի մասով»:
Գալստյանը պարզաբանեց, որ 2019-ի բյուջեն հաստատվել է 2018-ի հոկտեմբերին, իսկ ընտրությունները եղել են դեկտեմբերին, ուստի պատգամավորների թվաքանակն այդ ժամանակ պարզ չէր:
Բացի այդ, Տիգրան Գալստյանն ասաց. «Շատ մեծ հետաքրքրություն է եղել խորհրդարանի նկատմամբ եւ շատ ավելի մեծ քանակի հրավերներ են ստացել թե՛ խորհրդարանը, թե՛ նախագահը, հետեւաբար, չնայած մեր խնայողություններին, մենք պլանավորում իրականացրել ենք՝ հաշվի առնելով այս հանգամանքը»:
Մենք նաեւ հարցրեցինք՝ նախորդ գումարման ԱԺ-ում այսպիսի աղմկահարույց դեպք եղավ, պարզվեց, որ պատգամավորներից մեկը գործուղումների ընթացքում բյուջեի հաշվին Չինաստան զանգ էր կատարել որդուն՝ մոտ 2 մլն դրամի, այս տիպի միջադեպեր այս գումարման խորհրդարանում եղե՞լ են եւ գործուղումների ընթացքում պատգամավորների հեռախոսազանգերի փոխհատուցում բյուջեից եղե՞լ է՝ Տիգրան Գալստյանը պատասխանեց. «Ուղղակի ասեմ, որ այս խորհրդարանում դա հնարավոր չի, որովհետեւ ի սկզբանե մենք ամենակարեւոր խնդիրը, որ լուծել ենք, սահմանաչափերի հաստատումն է թե՛ հեռախոսի վճարումների, թե՛ վառելիքի ծախսի մասով: Եթե սահմանաչափերից գերազանցում է՝ կլինի պատգամավոր, կլինի աշխատակազմի աշխատակից, մնացած մասով վճարում է ինքը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ