Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռախոսային խոսակցությունների համախմբումն ապացուցում է, որ ես որևէ առնչություն չեմ ունեցել «Սասնա ծռեր» խմբի հետ ո′չ այդ գործողություների պլանավորման ժամանակահատվածում, ո′չ իրականացման, ո′չ հետագա ընթացքում». Անդրիաս Ղուկասյան

Օգոստոս 03,2020 16:37

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով օգոստոսի 3-ի դատական նիստին ավարտվեց մեղադրող կողմի ապացույցների ներկայացման գործընթացը: Մյուս դատական նիստին՝ օգոստոսի 10-ին, պաշտպանական կողմը կներկայացնի իր լրացուցիչ ապացույցները, այդ թվում Անդրիաս Ղուկասյանը ցուցմունքը կտա այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 2016-ի հուլիսի 29-ին և դրանից առաջ ընկած ժամանակահատվածում:

Օգոստոսի 3-ի դատական նիստին տեղի ունեցավ ոստիկանության ՝ Սարի թաղում ըստ գործի՝ վնասված գույքի զննությունը:

Ըստ մեղադրանքի՝ «Անդրիաս Ղուկասյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ժամանակն է` մարդիկ համախմբվեն և սկսեն անհնազանդության գործողությունները՝ փակեն ճանապարհները, շրջափակեն վարչական շենքերը, իրագործեն անհնազանդության այլ քայլեր, որոնք անհրաժեշտ կգտնեն. «Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար»: Ըստ մեղադրանքի՝ ոստիկանության գույքը փչացել է նրանից, որ քաղաքացիները քարերով խփել են մահակներին:

Aravot.am-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանն այս առիթով ասաց. «Տարրական ողջամտության տեսակետից ակնհայտ է՝ գույքը, որը ոստիկանությունը փորձում էր ներկայացնել այս գործով որպես Սարի թաղում վնասված, ոչնչացված գույք, իրականում ձեռք էր բերվել 2008-ին Չինաստանից և տարիներ շարունակ օգտագործելու ընթացքում շարքից դուրս էր եկել: Նշված ոստիկանական զորամասն իր՝ կուտակված, դուրսգրմանը ենթակա գույքը փորձեց ներկայացնել որպես հուլիսի 29-ին Սարի թաղում վնասված, ոչնչացված գույք: Դա, ըստ էության, դատարանում այսօր դարձավ ակնհայտ: Ինչպես նաև ակնհայտ դարձավ, որ այդ գույքը չի կարող ծառայել որպես իրեղեն ապացույց, քանի որ չէր պահպանվել օրենքով սահմանված ընթացակարգն առհասարակ»:

Անդրիաս Ղուկասյանի տեղեկացմամբ՝ այս դատական նիստին ևս մեկ «տխուր բացահայտում է» եղել: Նա մանրամասնեց. «Այն վերաբերում է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմանը: Դատարանում հրապարակվեց այն ժամանակ դատավոր Ռուբեն Վարդազարյանի կողմից ընդունված որոշումը՝ 2016-ի հունիսի 20-ին, գաղտնալսել իմ հեռախոսային խոսակցությունները ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի միջնորդության հիման վրա: Այդ միջնորդության բովանդակությունն էր՝ քանի որ 2016-ի դեկտեմբերի 6-ին նախատեսված էր սահմանադրական հանրաքվե, ոստիկանության մոտ առկա են տեղեկություններ, որ ես մտադիր եմ այդ հանրաքվեի ժամանակ, դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածներում զանգվածային կանկարգություններ կազմակերպել: Եվ ինձ այդ հարցում պետք է օժանդակի Պավլիկ Մանուկյանը և ևս մեկ խումբ ազատամարտիկներ: Ակնհայտ է, որ ՀՀ-ում սահմանադրական հանրաքվե եղել է 2015-ի դեկտեմբերի 6-ին, ոչ թե 2016-ին: Այսինքն՝ այսպիսի միջնորդություն առհասարակ չէր կարող գոյություն ունենալ. ակնհայտորեն շինծու դատական ակտ էր, ընդ որում, այդ որոշման առաջին էջում նշված է, որ միջնորդում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու համար Հունան Պողոսյանը, իսկ եզրափակիչ մասում, որտեղ դատարանը որոշում է կայացնում, նա բավարարում է ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Համբարյանի միջնորդությունը: Այսինքն՝ բացի նրանից, որ դա բովանդակային շինծու փաստաթուղթ է, անփութության այն մակարդակի ակնհայտ կեղծ փաստաթուղթ է, որ դրա առաջին և երկրորդ էջում տարբեր անձինք են նշված ՝որպես միջնորդության հեղինակներ: Սա, բնականաբար, հիմք է առհասարակ հեռախոսային խոսակցությունները, որոնք գաղտնալսվել են ոստիկանության կողմից անտեսել և համարել անթույլատրելի, թեպետ պաշտպանական կողմն այդպիսի խնդիր չունի, քանի որ այդ հեռախոսային խոսակցությունների մեջ չկա մեկը, որ հիմք տար ինձ կասկածել որևէ հանցավոր արարքի մեջ: Ընդհակառակը, այդ բոլոր հեռախոսային խոսակցությունների համախմբումը ապացուցում է, որ ես որևէ առնչություն չեմ ունեցել «Սասնա ծռեր» խմբի հետ ո′չ այդ գործողություների պլանավորման ժամանակահատվածում, ո′չ իրականացման, ո′չ հետագա ընթացքում:

Այն փաստը, որ մեր երկրում ԱԱԾ-ն այդ տարիներին գաղտնալսում էր ապօրինի կերպով բոլոր հասարակական և քաղաքական գործիչներին, սա է բացահայտման էությունը, որն այսօր տեղի ունեցավ: Բնական է, որ այդ մեխանիզմը գործում էր հետևյալ կերպ. գաղտնալսում էին բոլորին, իսկ եթե անհրաժեշտ էր լինում որպես ապացույց օգտագործել այդ գաղտնալսումները, հետին թվով կազմում էին համապատասխան որոշումներ, որ այդ գործողություններին փորձեն օրինական տեսք տալ: Եվ իմ դեմ հարուցված քրեական գործում առկա այդպիսի որոշումը պարզապես վառ օրինակ է այդ արատավոր պրակտիկայի, որը տեղի էր ունենում մեր երկրում»:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ իր բնորոշմամբ խաղաղ, թավշյա ոչ բռնի, պայմանագրային հեղափոխության արդյունքում այն անձինք, որոնք մասնակցել են նման գործընթացների, ոչ միայն չեն հեռացվել կառավարման ոլորտից, այլև առաջընթաց են գրանցել: Նա փաստեց. «Հունան Պողոսյանը հիմա աշխատում է որպես մարզպետ. կառավարության անդամ է, իսկ Ռուբեն Վարդազարյանը գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը: Իսկ այն քաղաքացիները, որոնք եղել են օրենքի նկատմամբ պատշաճ և ազնիվ են ապրել ու գործել մեր երկրում, իրենք առաջընթաց չունեն: Մինչդեռ նրանք, որոնք ծառայել են ռեժիմին, ծառայում են և հիմա: Այսինքն՝ այդ տեսակ մարդկանց նկատմամբ պահանջարկ դեռ կա»:

Անդրիաս Ղուկասյանը նշեց՝ մեղադրական կողմը գտնում է, քանի որ ինքը բաց է թողել դատարանի որոշումը բողոքարկելու ժամկետը, ապա այդ ակնհայտ ապօրինի, տգետ, կեղծ փաստաթուղթն անվիճելի է, և ՀՀ –ում չկա որևէ ատյան, մարմին, որն այդ որոշումը կարող է վերացնել կամ կասկածի տակ դնել:

Եզրափակելով Անդրիաս Ղուկասյանն ասաց՝ այս դատական նիստում բացահայտումները ցույց տվեցին, որ շինծու քրեական գործ կազմելու գործընթացում որքան շատ մարդիկ են ընդգրկված եղել՝ դատավորներ, դատախազներ, ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31