Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամ Թոքմաջյան. «Մի հատ հայ բառն ես ասում, մի հատ թուրք ու մի հատ Սորոս, աջաբսանդալը պատրաստ է»

Օգոստոս 03,2020 15:57

«Կա երկու աղմուկ` իրական եւ ձեւական: Այն ինչ կատարվում է առարկայական չափորոշիչների շուրջ, դա ձեւական աղմուկ է, ինչ-որ տեղ սերնդային պայքար եւ այլն… Բայց սա գալիս է լեգիտիմացնելու մի բան, որը ոչ լեգիտիմ է, այսինքն չափորոշչաստեղծ գործընթացը ոչ լեգիտիմ է դրա իրավական հիմքերի բացակայության պատճառով, ինչի մասին բազմիցս խոսել եմ, ինչպես նաեւ այն միջոցների ոչ թափանցիկության, ոչ հաշվետվողականության հետ կապված, որով պետք է առնչություններ ունենային համապատասխան մարմինները»,- «Արարատ» մամուլի ակումբում ասաց ուսուցիչ, պատմաբան, Կրթություն և համերաշխություն արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը։

Նրա ձեւակերպմամբ, գործընթացը սկսվել է շատ վաղուց` դեռեւս նախորդ իշխանության օրոք, երբ Համաշխարհային բանկից վարկ էինք վերցրել նոր չափորոշիչներ ստեղծելու համար. «Ինչ-ինչ պատճառներով ծրագիրը չիրականացվեց, որեւէ մեկը, սակայն, հարց չտվեց` որ մեր պետությունը վարկի տոկոս է վճարում, ո՞ւմ հաշվին է վճարում, անհասկանալի գործընթաց սկսվեց, որը չունեցավ կարիքի գնահատում, հետազոտություն, այլ պարզապես մի բան անելու սկզբունքով բերեցին այս փաստաթուղթը, որը չի բավարարելու մեր հանրակրթության պահանջմունքը, եթե անգամ ունենար լեգիտիմ հիմքեր: Այսինքն` այն չի սպասարկելու սովորողին, ուսուցչին, չի սպասարկելու կրթության գործի անմիջական շահառուներին:

Ես չեմ ասում` դրանք լավն են, թե վատն են, ունեն եւ լավ, եւ վատ կետեր, չեմ ուզում խճճվենք բովանդակության մեջ… Կարծում եմ, որ գործընթացն այս փուլում պետք է կասեցնել, պատշաճ գնահատական տալ 2014, 15, 16 թվականներից սկսված ֆինանսական միջոցների հոսքերին, բոլոր ապօրինություններին, որոնք տեղի են ունեցել չափարոշչաստեղծ գործընթացի նախնական փուլում` սկսած առանց մրցույթի մասնագետների ընտրությունից, վերջացրած միջոցների ներգրավվածությամբ»:

Վահրամ Թոքմաջյանը հիշեցրեց, որ երկու ծրագիր կա` մեկը Համաշխարհային բանկի վարկով է, մյուսը ԵՄ-ից դրամաշնորհ է, որի միայն մի մասն է ծառայելու չափարոշչաստեղ գործընթացին, մյուս մասը, ըստ նրա, տրվելու է մի կենտրոնի, որը պետք է ներդրում աներ դրամաշնորհը վերցնելու համար. «Իսկ որպես ներդրում այդ կենտրոնը ցույց է տվել այն հողը, որը պետությունն է իրեն տվել: Այստեղ էլ մեկ ուրիշ մարազմատիկ պատմություն կա, ընդ որում` խոսքը տասը միլիոն եվրոյի մասին է»:

Վահրամ Թոքմաջյանը կարծում է, որ երբ այս ամենը կպարզվի, թափանցիկություն կմտցվի գործընթացներում, նոր հարկ կլինի իրականացնել նորմալ հետազոտություն, թե ինչ է պետք մեր հանրակրթությանը. «Նաեւ պետք է պարզել, թե ով է իրականացնելու ծրագիրը, որովհետեւ առանքային է, թե ով է իրականացնողը, կարող ես չափորոշիչ չունենալ, բայց ունենալ փոքրիկ հայեցակարգ եւ լավ կրթական համակարգ: Մնացած մասով, պարզապես աղմուկ է` տարբեր ուժերի կողմից սպասարկվող, փոքր մասը անկեղծ նպատակներով, մեծ մասը` ոչ անկեղծ, շահերի բախում կա, ռեսուրսների վերաբաշխման հարց, եւ այդ ամենը ի վերջո գալու է հատվելու է մի տեղ, որը ամենահեշտ մանիպուլացվողն է` կրթությունը… մի հատ հայ բառն ես ասում, մի հատ թուրք ես ասում, մի հատ Սորոս ես ասում, եւ աջաբսանդալը պատրաստ է»:

Ինչ վերաբերում է պատմության շուրջ աղմուկին, ուսուցիչն ասաց, որ թեմայի մեջ չի ցանկանա մտնել համայնքային կոռեկտության առումով, բայց ընդգծեց, որ ճիշտ չէ շահարկելը զգայական թեմաները եւ բովանդակության վրա դրանք փաթաթելը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31