«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ դատական հայցադիմումներ է ներկայացնելու քաղաքացիներ Լևոն Գալստյանի և Աննա Շահնազարյանի դեմ՝ պահանջելով հերքել հուլիսի 27-ին և հուլիսի 30-ին իրենց կողմից հնչեցված զրպարտությունը «Լիդիան Արմենիայի» հասցեին։ Կանխելով պնդումները, թե «Լիդիանը» փորձում է «լռեցնել» այս «ազնիվ» «բնապահպաններին»` հիշեցնենք, որ տարիներ շարունակ «Լիդիանը» դրսևորել է բացառիկ հանդուրժողականություն` երբևէ չդիմելով դատական լուծման ու փորձելով կեղծիքին հակադարձել փաստերով։ Սակայն վերջին տարիների զարգացումները և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները հիմքեր են տալիս կարծելու կամ ենթադրելու, որ այս մարդկանցից շատերին փաստերը չեն հետաքրքրում և նրանք «Լիդիանի» դեմ կեղծիք են տարածում` ինչ-ինչ մարդկանց ու կազմակերպությունների շահերին ծառայելով։ Հետևաբար, «Լիդիանը» ցանկացած զրպարտչական հայտարարության արձագանքելու է դատական հայցով։
Այսպես, վերը նշված երկու անձնավորությունը տարբեր ձևակերպումներով «Լիդիանին» մեղադրել են քաղաքական ուժերին կաշառելու փորձի, կոռուպցիայի մեջ։ Այս զրպարտության համար դատական կարգով պահանջելու ենք հերքում և գործարար համբավի արատավորման համար վնասի փոխհատուցում։ «Լիդիանը» մշտապես գործել է օրենքի շրջանակներում և երբևէ որևէ կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված չի եղել։ Դրա բացահայտ ապացույցը տարիներ շարունակ «Լիդիանի» հանդեպ ամենատարբեր ճնշումներն են, այդ թվում միտումնավոր տարածվող կեղծիքը։ Իսկ հակառակ կողմը այդպես էլ տարբեր հարթակներում` այդ թվում նաև դատարանում, որևէ ապացույց չներկայացրեց «Լիդիանի» հասցեին հնչեցվող իրենց մեղադրանքները հիմնավորելու համար։
Փոխարենը Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստները հայց էին ներկայացրել ընդդեմ փոխվարչապետի, որովհետև վերջինս հայտարարել էր, որ կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում, որպեսզի Ամուլսարի դեմ արշավը կազմակերպվի: Հայցի վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացրած ակտիվիստները դատարանի վճռի մասին «համեստաբար» լռում են։ Տեղեկացնենք, որ դատարանը մերժել է ակտիվիստների պահանջը, համարելով, որ փոխվարչապետի հայտարարությունը զրպարտություն չի պարունակում։ Եզրակացությունները թողնում ենք հանրությանը։