Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյան. «Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ»

Օգոստոս 03,2020 12:55

Պատմություն եւ գրականություն առարկաների չափորոշիչների ու ծրագրերի հարցը հանրության ուշադրության առանցքում է: Մասնավորապես ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել չափորոշիչները կազմող աշխատանքային խմբին: Իսկ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը պատրաստվում է դիմել ԱԱԾ:

Օգոստոսի 3-ին «Տեսակետ» մամուլի ակումբում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆ. Արտակ Մովսիսյանը, ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը կրկին անդրադարձան թեմային:

«Ես ենթադրում էի, որ Սեւրի դաշնագրի հարյուրամյակի նախօրյակին պետք է այդ առիթով հավաքվեինք, որովհետեւ դա մեր պատմության մեջ շրջադարձային իրադարձություն է, եւ եթե Սեւրի դաշնագիրը օգոստոսի 10-ին կյանքի կոչվեց, առավել եւս իրավարար վճիռը ԱՄՆ նախագահի Վուդրո Վիլսոնի՝ նոյեմբերի 22-ին եղավ, մենք պետք է տարածաշրջանում լինեինք ուժեղագույն երկրներից մեկը՝ 160 000 քառակուսի կիլոմետր տարածքով, բայց ինչ-ինչ քաղաքական հանգամանքներ խանգարեցին, եւ այդ գործընթացը կիսատ մնաց: Չնայած սրան՝ մենք այդ խնդիրը կարեւորում ենք, եւ օգոստոսի 10-ին նախապատրասվում ենք հարյուրերորդ տարեդարձին:

Հավուր պատշաճի պետք է նշենք, որովհետեւ իրավաքաղաքական առումով այդ կարեւոր փաստաթուղթը շարունակում է մնալ ուժի մեջ, դա մեր խորագույն համոզումն է, բազմաթիվ աշխատություններ են արդեն լույս տեսել այդ կապակցությամբ:

Բայց մի նոր անակնկալ ստիպեց մեզ նորից հավաքվել ՝ Սեւրի դաշնագրի 100-րդ տարեդարձի նախօրյակին: Երբ վերջին 50 տարվա թուրքական պաշտոնական շրջանակների գործունեությունը փորձում ես հասկանալ Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության խնդրում՝ տեսնում ես, որ մեկը մյուսի հետեւից ծուղակների շարան է, ինչպես 1960-ականների կեսերին, երբ նշվեց Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը, թուրքական կողմը պահանջատիրության խնդրից մեզ շեղելու նպատակով օրակարգ մտցրեց ժխտողականության խնդիրը, եւ այդ պարագայում մոռանալով տարածքային հատուցման խնդիրը, որը Սեւրի դաշնագրի հիմքում էր ընկած, սկսեցինք զբաղվել թուրքական մերժողականության դեմ պայքարով»,-նշեց ակադեմիկոսը:

«Անկախության հռչակումից հետո, երբ մեկը մյուսի հետեւից աշխարհի շատ երկրներ սկսեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թուրքական կողմը 90-ականների վերջին օրակարգ բերեց հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովների գործունեությունը, ինչը զոհի եւ ոճրագործի հաշտեցման խնդիր էր, հանձնաժողովի անունն իսկ ամոթալի էր: Մեր իշխանությունները թաքցնում էին, որ իրենք պաշտոնապես մասնակցում են այդ բանակցություններին:

ԱՄՆ-ում այդ բանակցություններն ընթացան 90-ականների վերջից մինչեւ 2003 թվականը, եւ հայկական կողմը ներքաշվեց այդ ծուղակի մեջ՝ ենթադրելով, որ կարող է հավուր պատշաճի թուրքական կողմին ապացուցել Հայոց ցեղասպանության իրողությունը: Դա եղավ 2003-ի աշնանը, բայց թուրքական կողմը նոր ծուղակներ փորձեց հնարել, եւ արդյունքում հայկական կողմը ուշացած դուրս եկավ այդ ծրագրից: Հաջորդ ծուղակը, որ թուրքերը մեզ համար պատրաստեցին՝ հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրություններն էին, բարեբախտաբար այդ չարաբաստիկ արձանագրությունները, որոնք նախաստորագրված էին, դուրս եկան օրակարգից»,-հիշեցրեց Աշոտ Մելքոնյանը:

Ապա հավելեց. «Եվրոպական զանազան կառույցներ տասնամյակներ շարունակ թուրքերի հետ համագործակցելով՝ փորձում են մեզ ներքաշել զանազան ծրագրերի մեջ՝ թշնամու կերպարը մեզանում մեղմելու գուցե եւ վերացնելու համար, զանազան ծրագրերի գործադրմամբ փորձում են հաշտեցնել կողմերին: Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը ոճրագործ: Եթե Գերմանիան իր մեջ ուժ գտավ եւ պաշտոնապես ճանաչեց հրեական Հոլոքոստը, ու 1952 թ հունվարի մեկից հարյուրավոր միլիարդներ է վճարում Իսրայել պետությանն ու հրեական համայնքներին, դեռ հրեական կողմը շարունակում է պնդել, որ դա շատ քիչ է, մեր պարագայում դեռ թուրքական կողմն է մեզ մեղադրում ցեղասպանության մեջ:

Ահա հերթական լարած մի թակարդը, որի մեջ հայտնվեցինք, եւ ցավալի է, որ մեր գործընկերներից մի քանի երիտասարդ պատմաբաններ, որոնք մեր ուսանողներն են եղել, հայտնվեցին այդ ծուղակի մեջ՝ ենթադրելով, որ բարի գործ են անում, թուրքերի հետ փորձում են հաշտեցնել մեզ: Մինչդեռ մենք հաշտվելու խնդիր չունենք, մենք խաղաղասեր ենք եղել, այդպիսին շարունակում ենք մնալ:

Ցավոք հայտնվեցինք հերթական ծուղակում, եւ կրթական ծրագրերի տարբերակով, որը ազգային անվտանգության բաղադրամաս է կազմում՝ ներքաշվեցինք այդ խաղի մեջ: Պարզվեց՝ գաղտնիության պայմաններում մեր գործընկերները կապի մեջ են թուրք պատմաբանների ու քաղաքական գործիչների հետ՝ մեր քաղաքական գործիչների հետ միասին: Արդյունքում՝ մենք ունեցանք 2017-19թթ վերահրատարակված երկու գրքեր, որոնցում խոսվում է Հայաստանում եւ Թուրքիայում պատմության չափորոշիչների մասին: Եվ ամենասարսափելին այն է, որ հայկական կողմը մեզ մեղադրում է ազգայնականության, պացիֆիզմի պակասի, ֆեմինիզմը շրջանցելու, ռազմաշունչ պահվածքի եւ այլ մեղքերի մեջ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31