Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդուրժող եւ անհանդուրժող հայաստանցիները

Օգոստոս 03,2020 14:30

Հայաստանցիների 82%-ը ընդունելի չի համարում որեւէ տարիքի կնոջ մինչամուսնական սեռական հարաբերությունները: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը հրապարակել է Կովկասյան բարոմետր-2019-ը հետազոտության արդյունքները: Հարցմանը մասնակցել է 1491 քաղաքացի, այս թիվը միանգամայն բավարար է, հասկանալու հայաստանցիների ընդհանրացված կարծիքը որեւէ հարցի վերաբերյալ: Հետազոտության դաշտային աշխատանքներն իրականացվել են 2020 թվականի փետրվարի 21-ից մինչեւ մարտի 15-ը:

Այն ըստ էության. արտացոլում է հանրային վերաբերմունքը մեր կյանքի տարբեր ոլորտներին, երեւույթներին եւ իրավիճակին: Սակայն առավել ուշագրավ են հարցվածների պատասխանները գենդերային զգայուն թեմաներին եւ հասարակության վերաբերմունքն ասենք՝  կանանց ամուսնություններին:

Ո՞ր տարիքից է ընդունելի, որ կինը մինչամուսնական սեռական հարաբերություններ ունենա: Այս հարցին 11%-ը պատասխանել է՝  18-25 տարեկանում,  26 տարեկանից բարձր՝ 3%-ը, որեւէ տարիքում ընդունելի չէ՝ 82%-ը:

Ո՞ր տարիքից է ընդունելի, որ կինն ամուսնանա։ Հայաստանցիների 91%-ը բավականին երիտասարդ տարիք է նշել՝ 18-25 տարեկան,  26-ից բարձր՝ 4%: Զավեշտալի է, բայց 2%-ը նշել է որեւէ տարիքում ընդունելի չէ:

Ո՞ր տարիքից է ընդունելի, որ կինն ապրի տղամարդու հետ, առանց նրա հետ ամուսնանալու։ Հարցված հայաստանցիների համար թերեւս սա ցավոտ հարց է, մեծամասնությունն այս երեւույթին ընդհանրապես դեմ է, 75%-ի համար որեւէ տարիքում ընդունելի չէ, որ կինն ապրի տղամարդու հետ՝ առանց ամուսնանալու, 12%-ի համար ընդունելի է 18-25 տարեկանը,  26+ տարեկանում՝ 9%-ի համար:

Ո՞ր տարիքից է ընդունելի, որ կինը դադարի բնակվել ծնողների հետ։ Այս հարցին էլ ի պատասխան հայստանցիների 66%-ը նշել է՝ որեւէ տարիքում ընդունելի չէ, 23%-ը գտնում է 18-25 տարեկանը, 26 տարեկանից բարձրերի դեպքում ծնողներից առանձին ապրելուն կողմ են 6%-ը:

Պարզվում է հայաստանցիների մեծ մասը դեմ է, որ կինը թունդ ալկոհոլային խմիչք օգտագործի: Հարցին՝  ո՞ր տարիքից է ընդունելի, որ կինը թունդ ալկոհոլ (օղի, կոնյակ) օգտագործի, հարցվածների  1%-ը գտնում է՝ մինչեւ 18 տարեկան, 21%-ը՝ 18-25 տարեկան, 6%-ը՝ 26 տարեկանից բարձր, 69%-ը գտնում է՝ որեւէ տարիքում ընդունելի չէ: Կանանց ծխելու հարցում հայերն ավելի խիստ են՝ 91%-ը գտնում է, որ որեւէ տարիքում կնոջ ծխելն անընդունելի է,  5%-ը՝ նշել է՝ 18-25 տարեկան, 2%-ը՝ 26-ից բարձր:

Ընտանիքում ո՞վ պետք է լինի հիմնական գումար վաստակողը: Հարցվածներից որեւէ մեկը չի նշել՝ կինը, հետեւաբար՝ 0%, իսկ 60%-ը գտնում է, որ հիմնականում տղամարդը պետք է գումար վաստակի, 39%-ը գտնում է ընտանիքում գումար պետք է վաստակեն հավասարապես ե՛ւ կինը, ե՛ւ տղամարդը:

Հայաստանում ընտանիքների մեծամասնությունում ո՞վ է հիմնական գումար վաստակողը՝ տղամարդը, թե՞ կինը։ Այս հարցին էլ  53%-ը պատասխանել է՝ տղամարդիկ, 16%-ը կանայք, 28%-ը՝ հավասար:

Ընտանիքում երեխաների իդեալական թիվը: 46%-ի համար իդեալական է երեք երեխան, 25%-ի համար՝ չորս երեխան, հինգ եւ ավելի երեխան որպես իդեալական, համարում է հարցվածների 6%-ը,  մեկ երեխա՝ 1%, որքան Աստված մեզ պարգեւի՝ 6%:

Տղա՞, թե՞ աղջիկ. երեխայի նախընտրելի սեռը. Հարցվածների 9%-ը գերադասում է աղջիկ ունենալ, տղա՝ 34%-ը, եւ 55%-ը երեխայի սեռին կարեւորություն չի տալիս:

Կանանց՝ այլ ազգերի ներկայացուցիչների հետ ամուսնության հարցում էլ հայաստանցիները հանդուրժող չեն, որոշ վերապահումներ ունեն, եթե ամուսնանան ռուսի հետ: Օրինակ՝ հարցվածների 59%-ը հավանություն չի տալիս հայ կանանց՝ ամերիկացիների հետ ամուսնությանը, 39%-ը՝ հավանություն տալիս է: Իսկ ահա հայերի հետ ամուսնությանը  98%-ն է հավանություն տալիս, եւ միայն 2%-ն է, որ հավանություն չի տալիս:

Հայ կանանց ադրբեջանցի տղամարդկանց հետ ամուսնությանը հայաստանցիների 96%-ը հավանություն չի տալիս, 4%-ը՝ տալիս է հավանություն: Թուրքերի հետ էլ  ամուսնությունը չեն ողջունում, հայաստանցիների  94%-ը հավանություն չի տալիս, 5%-ը՝ դրական պատասխան է տվել:

Հայ կանանց՝ իտալացիների հետ ամուսնությանը մի քիչ հանդուրժող են, 40%-ը դրական պատասխան է տվել, 58%-ը՝ հակառակը՝ հավանություն չի տալիս, ռուսների հետ ամուսնությանն էլ 45%-ն է հավանություն տալիս, 54%-ը՝ ոչ, իսկ վրացիների հետ՝ 33%-ն է հավանություն տալիս, 65%-ը՝ ոչ:

Այլ կրոնի ներկայացուցիչների հետ ամուսնությունը հայաստանցիների մեծամասնության համար ընդունելի չէ, արաբների հետ ամուսնության դեպքում 13%-ն է հանդուրժող, 86%-ը  հավանություն չի տալիս, իրանցիների դեպքում՝ հավանություն է տալիս 13%-ը, 85%-ը՝ ոչ, հրեաների հետ ամուսնությանը դրական է վերաբերվում հայստանցիների 22%-ը, 76%-ը՝ հավանություն չի տալիս, քրդերի, եզդիներ հետ ամուսնանալուն հայաստանցիների 14%-ը հավանություն է տալիս, 84%-ը՝ ոչ:

Հնդիկների հետ ամուսնությանն էլ շատ հայեր այնքան էլ չեն ողջունում, միայն 18%-ն է հավանություն տալիս, 81%-ը՝ ոչ:

Հարցված հայաստանցիների մեծ մասը անհանդուրժող են նաեւ Եհովայի վկաների հետ ամուսնության հարցում, հարցվածների միայն  9%-ն է հավանություն տալիս, 87%-ը՝ ոչ:

Ուշագրավ է նաեւ հայաստանցիների նախընտրությունը հարեւանների հարցում:

Հարցման հեղինակներն առանձնացրել են հասարակության տարբեր խմբերի, ազգերի ներկայացուցիչների: Պարզվում է հարցված  հայաստանցիների մեծ մասը գերադասում է ունենալ թմրամոլ հարեւան, քան ասենք՝ նույնասեռական:

Նշված մարդկանցից ո՞ւմ ամենաշատը չէիք ուզենա տեսնել որպես ձեր հարեւան։

Պատասխանները՝ նույնասեռականի՝ 24%, թմրամոլների՝ 22%, հանցագործների՝ 19%, մարդկանց, ովքեր չեն դավանում ձեր կրոնը՝  3%, սեւամորթների՝ 0%, եվրոպացիների, ովքեր գալիս են Հայաստան եւ որոշում են մնալ՝ 0%, նույնը՝ ասիացիների դեպքում,  կարեւոր չէ, թե ով է իմ հարեւանը հարցմանը դրական են պատասխանել 29%-ը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31