Բաց նամակ… բայց ո՞ւմ
Որոշեցի դիմել կուրթանեցի Մեխակին: Մեխակ ջան, կներես, հայրանունդ չգիտեմ՝ ոչ էլ «էլեկտրական փոշտդ» ունեմ: Քեզ եմ դիմում թերթի միջոցով, ներող կլինես: Գիտեմ, որ ոնց որ ասել ես՝ «սրտիդ միջին թարախ չկա»: Ազնիվ տղա ես ու իմ նման բիձեքին էլ անպայման կօգնես: Տեսնելով քեզ, լսելով խոսքդ եւ հավատալով ժողովրդի ձայնին՝ համոզված եմ, որ շուտով մի կարգին պաշտոն կամ կստանաս, կամ կընտրվես: Իմ պատկերացմամբ, դու հայ տղամարդու հավաքական կերպար ես: Պատահական չի, որ շատ արագ դարձար ժողովրդի սիրելին՝ ախր շատ նման եք իրար:
Երբ գրում էի գիտության պրոբլեմների եւ նրանց լուծման իմ տեսլականի մասին՝ պարզ էր, թե ում դիմեմ: ԿԳՄՍ նախարարին, ԱԺ գիտության հանձնաժողովին, ԳՊԿ կամ ԲՈԿ: Հասկանալի էր, որ քարտուղարուհիների մակարդակով «մերժում էին» առաջարկներս կամ նամակներս կորցնում: Վերջում բաց նամակով դիմում էի վարչապետին (նախկիններին դիմում էի թերթային հոդվածներով), նամակներս մնում էին անպատասխան: Ինձ ու իմ մտերիմներին էլ ինչքան կարողանում էին՝ վնաս էին տալիս: Հիմա փոխվել է՝ միայն ինձ են փորձում վնասել: Ակնհայտ աննախադեպ նվաճում է, ոչինչ չեմ կարող ասել: Վերջիվերջո, ո՞ւմ դուր կգա, եթե ինչ-որ մեկը անընդհատ պնդի, որ գիտությունն ու կրթությունը եղել եւ մնացել է մտավոր հաշմանդամների ձեռքում: Եթե հանկարծ մեկն էլ փորձում էր վախից գոռալ, «բա դու՞ ով ես, արա»՝ ստանում էր պատասխանը: Անկախ նրանից, թե ով էր՝ ԳՊԿ անկարող ղեկավար, ակադեմիական չինովնիկ կամ էլ մի քանի կոպեկով ծախված «ականավոր» գիտնական:
Հիմա ուրիշ պրոբլեմ է՝ պառավել եմ, այն էլ հայրենիքից հեռու: Շուրջ 1 տարի է՝ եկել է թոշակ ստանալու ժամանակը: Պառավելն ու կորոնավիրուսը ինձ շրջապատեցին միանգամից, այն էլ Թայվանում: Հասկանալի պատճառով Հայաստան վերադառնալը դարձել է անհնար: Մի քանի ամիս նամակներ էի գրում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն (ԱՍՀՆ): Վերջինը գրեցի մայիսի 11-ին: Ուզածս էլ ի՞նչ էր, ընդամենը՝ խնդրում եմ բացատրեք, թե ինչ անեմ: Չպատասխանեցին ոչ մի նամակի, նախարարության կայքի ոչ մի հեռախոս չէր պատասխանում: Հիմա էլ նոր գյուտ են արել, երեւի բարձր տեխնոլոգիաների նախարարն է օգնել: Ստեղծել են Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ: Միասնական մի տեղ են «քցում», խելացի որոշում է: Սկսած գրանցման պրոցեսից, երբ էլեկտրոնային ստորագրության հաստատման հեռավար տարբերակը պարզապես պնդում էր, որ ես ես չեմ: Հետո մի շաբաթ ամեն օր փոխվում էր պատասխանատու անձը, ինչի մասին տեղեկացնում էր այդ «հարթակը»: Պատասխանատուները կամ հեռախոս չունեին, կամ էլ նշված էր գոյություն չունեցող հեռախոսահամար: Դե «էլեկտրական» նամակներին էլ չէին պատասխանում: Վերջը պատասխանատուի անունը ֆիքսվեց՝ ոմն Ռոզա Մ., բնականաբար գոյություն չունեցող հեռախոսահամարով: «Ձեր գրության մուտքագրման ամսաթիվը 2020-07-09 12:28:38», վայրկյանի ճշտությամբ տեղեկացնում է բարձրտեխնոլոգիական կայքը եւ մնացած կապի բոլոր մեթոդները անհասանելի են: Պատահաբար գտա ԱՍՀՆ ինչ-որ ղեկավարի բջջային համար: Զանգահարեցի, ներկայացա՝ ինչը շատ զարմացրեց այդ տիկնոջը: Բացատրեցի պրոբլեմը, կապված թոշակ ձեւակերպելու հետ: Ասաց՝ անհնար է, պետք է անձամբ ներկայանամ: Թե ինչպես ներկայանամ՝ խորհուրդ տվեց դիմել պարետին:
Կարդացեք նաև
Մեխակ ջան, պարետին էլ «դավերյա» չեմ, դժվար թե դա ինձ տուն հասցնի: Համ էլ մի քանի թթու խոսք եմ ասել, դժվար թե ների: Չէ, երեսին չէ՝ թերթերի միջոցով: Հույսս դու ես, քո մեթոդները: Մի ճար արա: Ես էլ պարտքի տակ մնացող չեմ, էդ ինձ հասանելիք, բայց չստացած թոշակը մի լավ բանի վրա իրար հետ կծախսենք: Լավ մնա, առողջ էղի, բալքիմ մի օր կհանդիպենք:
Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՀ քաղաքացի, անթոշակ թոշակառու
«Առավոտ» օրաթերթ
01.08.2020