Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսօր եւս ամեն հայ կերազեր նահատակվել հայրենիքի ազատության համար…

Օգոստոս 03,2020 12:30

Հայ ժողովրդի հազարամյակների հերոսական պատմությանը մենք ծանոթ ենք մեր կարդացածի, լսածի, պատմածի չափով, որն իհարկե ոչ ամբողջական, այլ ընդամենը մոտավոր պատկեր է ուրվագծում դրա վերաբերյալ: Բազմապիսի յուրահատկությունների կողքին, ամեն դեպքում, մենք մշտապես հպարտացել ենք նաեւ դարերի ընթացքում մեր ժողովրդի վարած բազմաթիվ ճակատամարտերով եւ տարած հաղթանակներով:

Բազմիցս ենք կարդացել, թե հայերը անհամեմատ փոքր ուժերով եւ միջոցներով ինչպես են հաղթել թշնամուն՝ լոկ իրենց խելոքության, անձնուրացության, նվիրվածության, հերոսության շնորհիվ: Ես համոզված եմ, որ բոլոր այն հերոսները, ովքեր իրենց կյանքը չեն խնայել այդ ճակատամարտերում, նրանք զոհվել են զուտ ֆիզիկապես եւ այսօր էլ նրանց հոգիները սավառնում են երկնքում՝ Տիրոջ կողքին եւ այնտեղից իրենց հպարտ պատգամն են ուղարկում մեզ՝ ապրողներիս, որպեսզի ցանկացած պարագայում, երբ մեր երկրին վտանգ սպառնա, ոչինչ չխնայենք դրա դեմը պատվով առնելու եւ հաղթելու համար:

Մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք այս ծուռ աշխարհի վրա, Ծովից-Ծով Հայաստանի՝ մոտ 40-ից 50 միլիոն բնակչությունից, փոխանակ աճելու եւ շատանալու, այսօր աշխարհում ունենք մոտ 10 միլիոնի կարգի հայ, ովքեր սփռված են աշխարհով մեկ, սակայն անհրաժեշտության պարագայում նրանք գործում են որպես մեկ մարմին՝ մեկ ազգ, մեկ հայրենիք: Փոքր ազգերն այս մարդակուլ աշխարհում գոյատեւելու, առավել եւս զարգանալու մի ձեւ ունեն. պետք է լինեն եւ գործեն չափազանց խելացի, անհրաժեշտության դեպքում, մշտապես գործեն ուժի եւ խելքի ոսկերչական համադրությամբ, ճակատագրական պահերին փայլեն իրենց հերոսությամբ, որպեսզի դիմակայեն եւ չոչնչանան մեծերի ոտքերի տակ:

Ապրելու եւ գոյատեւելու հնարավորությունը մեկանգամյա է, սխալվեցիր, կվերանաս, ինչպես պատմության ընթացքում այն տեղի է ունեցել բազմաթիվ ազգերի եւ ժողովուրդների հետ, որոնք իսպառ վերացել են ու ընդամենը նրանց անունն է կիսատ-պռատ պահպանվել պատմության որոշ հանրագիտարաններում: Եթե ուրիշ ոչինչ, ապա ամենամեծ եղեռնի ենթարկվել է հենց հայ ժողովուրդը (մարդու լեզուն էլ չի պտտվում, ասի՝ 1,5 միլիոն անմեղ նահատակ) եւ եթե ուրիշ ոչ մի բան, ապա այս իրողությունը մեզ պարտադրում է ոչնչից չվախենալ, կռվել, պայքարել, ապրել եւ մշտապես  խոնարհվել ոչ միան նրանց, այլեւ այն միլիոնավոր չծնված երեխաների շիրիմերի առջեւ, ովքեր պետք է ծնվեին եւ շարունակվեին նրանցից: Եթե որեւէ հայ երբեւէ մոռանա եղեռնի զոհերի մասին, ապա նա անպայման շանթահարվելու է Տիրոջ կողմից:

Մի՞թե կույր ենք կամ բթամիտ, որ չենք տեսնում ու հասկանում, որ վերջին ժամանակներս անգամ ոխակալ  Թուրքիայի տասնյակ հազարավոր առաջադեմ մտավորականներ, իրենց կյանքը վտանգելով, պարզորոշ կերպով եւ անվախ կեցվածքով աշխարհի առջեւ բազմիցս անգամներ բարձրաձայնել ու շարունակում են բարձրաձայնել եւ ընդունել Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Մեծ եղեռնի փաստը: Կարծում եք, նման պետության մեջ ապրող թուրք քաղաքացիներին հե՞շտ է դրա մասին բարձրաձայնելը: Նրանք հստակ  հասկանում են, որ դրանով իրենք ամեն վայրկյան կարող է կնքեն իրենց մահկանացուն եւ պարզորոշ գիտակցում են, որ բարոյականությունը չափազանց մեծ արժեք է եւ գնալով դրան, կարող է կորցնեն ամենաթանկը՝ իրենց կյանքը, սակայն միեւնույն է, այդ արժեքի առկայությունը նրանց ետ չի պահում: Անկեղծ ասած, սա բացառիկ իրողություն է, որի մասին կարելի է անվերջ խոսել…: Բա, եթե թուրքն է պատրաստ (այն էլ տասնյակ հազարներով. վկան Հրանտ Դինքի  թաղման ժամանակ նրանց համարձակ, բարձրաձայն վանկարկումները. մենք Հրանտ Դինք ենք) իր կյանքը զոհել հանուն հայ ժողովրդի հետ կատարվածի, ապա իմաստ ունի՞ այն հայի ապրելը, ով  ցանկացած պահի պատրաստ չէ իր կյանքը զոհել հանուն նույն հայ ժողովրդի, այն էլ այն պարագայում, երբ հայի համար դա անելը անհամեմատ ավելի հեշտ է, քանզի դրանով նա իր  կյանքը զոհում է նաեւ իր երեխայի, ծնողի, եղբոր, քրոջ, հարազատի, բարեկամի,… ներկայի եւ ապագայի համար, ինչը բնականաբար թուրքի համար չի գործում: Ցավոք, սա այնքան ծավալուն թեմա է, որ նրա մասին կարելի է անվերջ խոսել, ուստի այն կանենք մեկ այլ հարմար ժամանակ, իսկ այժմ փորձենք գալ այսօրվա խնդրին:

Աշխարհն է տեղյակ եւ ուշի-ուշով հետեւում է հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Տավուշի  մարզի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ սանձազերծած ռազմական դիվերսիայի մասին եւ ցանկացած պահի Տավուշի սահմանին ստեղծված իրավիճակը կարող է վերածվել լայնածավալ պատերազմական վիճակի: Իհարկե, համոզված եմ, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է դրա դեմն առնելու, այլեւ ամեն ինչ կանի եւ ստեղծված առիթը կօգտագործի մեր կողմից նախկինում տանուլ տված տարածքներից ի հնարավորին շատ ետ բերելու, ինչպես նաեւ նրանց հսկողության տակ գտնվող տարածքներից եւս առավել շատ գրավելու համար /սա հազվադեպ հնարավորություններից մեկն է/: Իհարկե, բազմիցս ենք համոզվել նաեւ, որ նմանատիպ հարցերը լուծելու համար, մենք մեր հույսը հիմնականում պետք է դնենք միմիայն մեզ վրա: Նաեւ հասկանում ենք, որ դա չափազանց բարդ խնդիր է եւ հաջողության հասնելու միակ գրավականը մեր կուռ միասնությունն է՝ բանակի եւ ժողովրդի մի բռունցք դառնալը, որը գեղեցիկ բառերի համադրությունից պետք է արագ վերաճի գործի: Իսկ վերջին ասվածը ոչ այլ ինչ է, քան այն, որ բանակի փայլուն գործողություններին զուգահեռ, անհրաժեշտության դեպքում ոչ մի հայ չպետք է խնայի անգամ իր կյանքը, վերը նշված մեծ նպատակին հասնելու համար:

Եթե մի փոքրիկ պարզագույն թվաբանական գործողություն կատարենք, այն է՝ ամենաերկարակյաց մարդու ապրած տարիների տեւողությունը տեղադրենք ժամանակի անվերջ առանցքի վրա, ապա կունենանք, որ այն անգամ ակնթարթ էլ չէ, ընդամենը մի կետ է, որը չափսեր չունի…: Ուրեմն, մի՞թե կարելի է ափսոսալ այն հանուն հայրենիքի եւ ժողովրդի բարգավաճման զոհաբերելը: Ընդհակառակը. այն մեծ երազանք ու պատիվ պետք է լինի ցանկացած հայի համար, ով իր կյանքը չի խնայի եւ մատաղ կանի այդ սուրբ նպատակի համար: Պետք է ակնթարթ անգամ չմոռանանք, որ հարատեւը միայն հայրենիքն է եւ ժողովուրդը, եթե իհարկե կարողանանք ապահովագրել նրանց վերացման սպառնալիքները, որոնք այսպես, թե այնպես համարյա մշտապես կան, ընդ որում՝ ոչ  այնքան քիչ: Բնավ չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ հենց այսօր առկա է հերթական եւ նմանատիպ սպառնալիքներից մեկը.  հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Տավուշում սանձազերծած ռազմական հարձակումը եւ մենք  պարտավոր ենք մի բռունցք դարձած, պատվով, նույնիսկ ավելին, բառիս լայն իմաստով էական հաղթանակով դուրս գանք ստեղծված իրավիճակից, ասել է թե, մեր տարածքներն էապես ընդլայնելով, որը հնարավոր է, եթե մերոնք աշխատեն խելացի եւ ոչ միայն բանակը, այլեւ ամեն հայ գործի հերոսի կեցվածքով: Ինչպես վերը ասվեց, մեզանից ամեն մեկը պետք է հստակ հասկանա, որ իր ապրելիք կյանքն ընդամենը ակնթարթ է եւ կարիքի դեպքում, այն զոհաբերելը դառնալու է հայրենիքի փրկության եւ նրա հետագա հարատեւման իրական առհավատչյան: Սա է հայրենիքի փրկության, նրա հետագա հզորացման եւ հարատեւման բանաձեւը: Պատրաստ կլինե՞նք դրան, կունենանք հզոր եւ  հարատեւ հայրենիք, եթե ոչ, ապա ամեն ինչ կկորցնենք եւ ժամանակի ընթացքում իսպառ կվերանանք: Ասեմ, որ այս ամենը հասկանալը դժվար չէ, քանզի եւ-եւ-ի տարբերակ չկա: Կամ զոհում ես քո անձը եւ դրանով փրկում հայրենիքը, կամ խնայում ես այն, զոհելով հայրենիքը, որը ոչ թե վերացական գաղափար է, այլ քո թոռների, ծոռների եւ այսպես շարունակ, նրանց հետնորդների օրրանը: Հայրենիք ասածի պարզ ձեւակերպումը հենց սա է…:

Ամենաբախտավորը միայն նրանք են, ովքեր իրենց կյանքը կզոհեն հանուն հայրենիքի… Համոզված եմ, որ այսօր եւս ամեն հայ առաջին հերթին երազում է նահատակվել հայրենիքի փրկության եւ ազատության համար …

Փառք ու պատիվ մեր առյուծ հերոսներին…

Ամենագութ Տերը պահապան բոլորիս…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
01.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել