Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան կատարած չհայտարարված այցի արդյունքներով արձանագրված խնդիրների կապակցությամբ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, որն իրականացնում է գործի նախաքննությունը:
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին կացարանի շահառուներն առանձնազրույցներում տեղեկացրել էին, որ իրենց կամ այլ շահառուների ստացած 25000 ՀՀ դրամի հաշմանդամության թոշակից 15․ 000 դրամը տալիս են կացարանի աշխատակցին իրենց «կացարանում պահելու համար» կամ «հիգիենիկ և կենցաղային պարագաներ տրամադրելու համար»։ Վերոհիշյալ տեղեկությունները և լրացուցիչ այլ տեղեկություններ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուղարկել էր ՀՀ գլխավոր դատախազություն։
Արդյունքում, Ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետի հատկանիշով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարել) հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ:
Անօթևանների ժամանակավոր կացարանում շահառուների իրավունքների վիճակը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին կացարան կատարած այցի արդյունքում արձանագրված խնդիրները և լուծումների առաջարկներն ամփոփվել էին և ուղարկվել ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն և Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրինություն։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրություն