Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Լապշին. «Ալիեւ, ձեռքերդ հեռու եկեղեցուց»

Օգոստոս 02,2020 18:06

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգում է Իսրայելում հայկական եկեղեցիների առջեւ Բաքվի, անձամբ Իլհամ Ալիեւի կողմից հրահրվելիք սադրանքների եւ կրոնական ատելության հողի վրա բախումների մասին:

«Սադրանքի ահա այսպիսի հրավերներ են տարածվում 09.08.2020-ին Թել-Ավիվ-Յաֆֆոյի  հայկական եկեղեցու առջեւ Իսրայելի ադրբեջանական համայնքում: Ամենայն հավանականությամբ, ինչպես Մոսկվայում եղավ, անկարգություններ տարածելու, հայկական տաճարների, խանութների, պարզապես, էթնիկ հայերի վրա հարձակվելու ցուցում է ստացվել Բաքվից:

Անձամբ ես գտնում եմ, որ ժողովրդավարական երկրում յուրաքանչյուր համայնք սեփական կարծիք ունենալու, խաղաղ ցույցերում իր պահանջներն արտահայտելու իրավունք ունի: Բայց երբ ցույցեր անցկացնելու վայր ընտրված է ոչ թե քաղաքի կենտրոնը, ինչ-որ հրապարակ, այլ հատուկ հայկական եկեղեցին, դա սադրանքի ուղիղ ճանապարհն է: Ստացվում է, որ բազմաթիվ ադրբեջանցի մուսուլմաններ միտինգի համար հավաքվելու, գնալու են հայկական տաճար, որը պաշտպանելու համար դուրս կելնեն քրիստոնյաները: Տաք գլուխներ կան բարիկադի երկու կողմում էլ, եւ Բաքվից էլ նրանց դրդում են: Մտածում եմ՝ դա ճիշտ չէ: Չի կարելի դիպչել հավատքին, չի կարելի եկեղեցիները, մզկիթները կամ սինագոգները հարաբերություններ պարզելու, սադրանքների վայր դարձնել:

Իսրայելի հայ համայնքի տեղը ես կդիմեի Իսրայելի ոստիկանություն՝ խնդրելով կրոնական անհանդուրժողականության հողի վրա բռնության բռնկումից խուսափելու համար արգելել ցույցի անցկացումը հայկական եկեղեցու առջեւ: Քրիստոնյաները եւ մուսուլմանները չպետք է դեմ-դիմաց հայտնվեն հարաբերություններ պարզելու համար, դա արդեն ժողովրդավարություն չէ, այլ քաոսի անմիջական ճանապարհ:

 

Կարծում եմ՝ Իսրայելում կրոնական գործիչները պետք է դատապարտեն ցույցի վայրի ընտրությունը: Եթե, օրինակ, ներգրավեն Թել-Ավիվ-Յաֆֆոյի կենտրոնական մզկիթի մուֆտիին, լավ կլինի: Նա տրամաբանող մարդ է ու թեեւ ներկայացնում է արաբ-սուննիթներին, իսկ ցուցարարները ադրբեջանցի-շիաթների ինչ-որ խառնուրդ է սարեցի հրեաների հետ, այդուհանդերձ, նրա խոսքը կարող էր կշիռ ու հարգանք ունենալ: Առավել եւս, որ Թել-Ավիվ-Յաֆֆոն  միշտ էլ եղել է  հրեաների, մուսուլմանների եւ քիրստոնյաների խաղաղ համակեցության խորևհրդանիշ: Չի կարելի թույլ տալ, որ Բաքվի ակտիվիստները խախտեն հավասարակշռությունը եւ քաղաք բերեն կրոնական ատելություն:

Իսրայելի հայերին խորհուրդ կտայի բարոյապես պատրաստ լինել հարձակումների, վանդալիզմի ակտերի, եկեղեցիները սվաստիկայով կամ ջիհադի կոչերով խզբզելուն, Խոջալուի եւ Ղարաբաղի թեմաներով գրառումներին: Նաեւ համայնքի ակտիվիստների վրա էլ հարձակումներ կարող են լինել: Մասնակիցների մեջ հեշտությամբ կարող են հայտնվել թմրամոլներ եւ մարգինալներ: Իմաստ կա՝ այս ամենը հասցնել Թել-Ավիվի ոստիկանության կոմիսարիատ: Ու նաեւ, եթե դեռ չի արվել, Իսրայելի բոլոր հայկական օբյեկտներում, որտեղ կարող են վանդալիզմի ակտեր տեղի ունենալ՝ եկեղեցիներ, համայնքային կենտրոններ, արձաններ, գերեզմաններ,  տեսախցիկներ տեղադրել:

Ի դեպ, ադրբեջանցիները որոշել են Իսրայելում ցույց կազմակերպել օգոստոսի 9-ին, այն օրը, երբ Ալիեւի եղբայրական Բելառուսում նախագահի ընտրություններ են անցկացվելու, եւ մենք գիտենք, որ բելառուս ժողովուրդը չի ընդունի կեղծված արդյունքներ: Թեժ է լինելու եւ Մինսկում, եւ Թել-Ավիվում»,-ահազանգել է Լապշինը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31