Արցախի Հանրապետությունում իշխանությունների որոշմամբ օգոստոսի 11-ից արգելափակվել են օնլայն վիճակախաղերը: Որոշումը կայացվել է բնակչության բողոքներից հետո:
Ավելի վաղ՝ հուլիսի 27-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր ուղիղ եթերում հայտարարել էր, որ համաձայն կազինոների եւ խաղատների մասին օրենքի՝ օնլայն խաղերի, վիճակախաղերի եւ տոտալիզատորների կազմակերպումն արգելվելու է:
«Կարծում եմ, որ որոշումն արդարացված է, քանի որ մեր հայրենակիցներից շատերը շարունակում են խաղալ ինտերնետով՝ հաճախ տանուլ տալով ամսական աշխատավարձը, նույնիսկ ավելի: Դա իր հերթին հանգեցնում է անիմաստ պարտքերի կուտակման, ինչը ընտանիքներում անցանկալի սոցիալական խնդիրների է հանգեցնում՝ ներառելով ամուսնալուծությունները եւ ինքնասպանության փորձերը»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ