Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարօրինակ թույլտվություն (պատմվածք)

Օգոստոս 02,2020 14:38

Փայլակը, իր սովորության համաձայն, հեռախոսին միացրած ականջակալներով երաժշտություն լսելով, քայլում էր այգու ծառուղով: Երաժշտությունը հասավ ավարտին և սկսվեց լուրերի հաղորդումը:

Դե՛, լուրերը, ինչպես միշտ, կարճ էին տևում, մոտավորապես հինգ-վեց րոպեների սահմաններում: Սովորական լուրեր էին, բայց նրանց մեջ մեկը հետաքրքրեց նրան, որը նոր թագավարկին էր վերաբերում: Ռադիոհաղորդավարը  հայտնում էր, որ պարետի որոշմամբ բաց տարածքներում կարող են դիմակ չկրել այն անձինք, ովքեր շնչառական խնդիրներ հաստատող փաստաթուղթ կներկայացնեն:

Իսկ քանի որ Փայլակը տարիներ առաջ վերին շնչառական ուղիների (քթի) վիրահատման էր ենթարկվել, որոշեց օգտվել այդ հանգամանքից և դիմել պոլիկլինիկա, որպեսզի այդպիսի փաստաթուղթ ստանա:

Հաջորդ օրը առավոտյան մարզվելուց, լվացվելուց և նախաճաշելուց հետո, Փայլակը դեմքին հարմարեցրեց համապատասխան դիմակը, տանից դուրս եկավ և քայլերն ուղղեց դեպի իրենց թաղամասի բնակիչներին սպասարկող մոտակա պոլիկլինիկա: Պոլիկլինիկայում բազմամարդ էր, որը նրան հուշեց, որ պետք է առաջին հերթին պահպանի սոցիալական հեռավորությունը և շարժվի  նոր թագավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին համապատասխան:

Վաղուց պոլիկլինիկա չէր հաճախել և իրեն հետաքրքրեց անկետաների սպասարկման նոր ձևավորումը: Մոտեցավ համապատասխան պատուհանին, հերթ կանգնեց: Անկետա ստանալու հերթը արագորեն իրեն հասավ, աշխատակցուհուց պահանջեց և ստացավ համապատասխան անկետան, ապա քայլերն ուղղեց դեպի իրենց թաղամասի բնակչությանը սպասարկող թերապևտիկ բժշկի աշխատասենյակ, որտեղ երկար ժամանակ չէր եղել:

Թերապևտ բժշկի աշխատասենյակի դռան մոտ հերթի էին սպասում ևս երկու հոգի, որի հետևանքով պետք է որոշակի ժամանակ սպասեր:

Ընտրելով միջանցքի պատի տակ դրված նստարանը, քայլերն ուղղեց դեպի այն և պահպանելով սոցիալական հեռավորությունը, նստեց ու սպասեց այնքան, մինչև որ հերթը իրեն հասավ:

Մոտենալով բժշկի աշխատասենյակին, բացեց դուռը, քաղաքավարի հարցրեց, թե կարելի է, որ ներս մտնի և ստանալով դրական պատասխան ներս մտավ, սիրալիր բարևեց  բժշկուհուն, ապա նստեց նրա առաջարկած աթոռակին: Երբ նա արդեն հարմարավետ տեղավորվել էր աթոռակին, բժշկուհին դիմելով նրան հարցրեց.

-Ի՞նչ  գանգատներ ունեք, լսում եմ ձեզ:

-Բժշկուհի ջան, երեկ ռադիոյով լսեցի, որ այս զազրելի թագավարակի պատճառով գործող կանոններում փոփոխություն է կատարվել և թույլատրվել է նրանց, ովքեր շնչառական խնդիրներ ունեն, բաց տարածքներում կարող են դիմակ չկրել, եկել եմ, որ ինձ համապատասխան տեղեկանք տաք:

-Իսկ ինչո՞վ եք հիմնավորում, որ ձեզ այդպիսի տեղեկանք կարող ենք տալ,-հարցրեց բժշկուհին,-ձեր անկետայում այդ մասին  գրառում կա՞:

-Գիտեք ինչ, բանը նրանում է, որ քառասուն տարի առաջ, երբ երիտասարդ էի, գրիպով հաճախ էի հիվանդանում, այն ժամանակ ապրում էի քաղաքի այլ թաղամասում և այդ թաղամասի պոլիկլինիկայի բժշկի խորհրդով դիմեցի այնտեղ գործող հիվանդանոցի ղեկավարությանը և այնտեղ կատարեցին վերին շնչառական ուղիների, կարճ ասած՝ քթի միջնապատի համապատասխան վիրահատություն:

-Իսկ ինչո՞ւ չեք դիմում այդ հիվանդանոցին,-հարցրեց բժշկուհին:

-Այդ հիվանդանոցի տեղը մոռացել եմ և չեմ հիշում, թե որտեղ էր այն գտնվում, երկար տարիներ են անցել, մի քանի հիվանդանոց կային իրար մոտ: Ու գիտեք ի՞նչն էր հետաքրքիր:

-Իսկ ի՞նչը,-հետաքրքրվեց բժշկուհին:

-Ինձ մի քանի օր պահեցին հիվանդանոցում ու երբ եկավ վիրահատության օը և ինձ պառկեցրին վիրահատական սեղանին, աչքերս կապեցին, տեղային անզգայացում կատարեցին, իսկ վերջում վիրահատարան ներխուժեցին երկու տասնյակ ուսանողներ և իմ վիրահատությունը կատարեցին նրանց ներկայությամբ: Ես դա տեսնում էի վիրակապի նեղ ճեղքից: Կարծում եմ, որ վիրահատող բժիշկը այդ վիրահատությունը երևի վստահել էր կա՛մ իր օգնականին, կա՛մ էլ ուսանողներից մեկին:

-Իսկ ինչու՞ եք այդպես կարծում,-հետաքրքրվեց բժշկուհին:

-Երբ որոշ ժամանակ անցավ, ես լսեցի վիրաբույժի արտասանած նախադասությունը, «տուր այստեղ գործիքը» և սկսվեց հարվածների շարանը իմ քթի միջնապատին, որը ես զգում էի երևի թույլ ցավազրկման պատճառով, իսկ արդեն ամիսներ անց, ես պարզեցի, որ ուժեղ հարվածներից վնասվել էր քթիս միջնապատը և անցք էր առաջացել, ոը միչև հիմա էլ խանգարում է իմ շնչառությանը:

-Դե, քանի որ երկար տարիներ են անցել և չես հիշում որտեղ և ով է կատարել այդ վիրահատությունը, ուրեմն պետք է մանրամասն հետազոտություն անցնես: Առաջին հերթին պետք է այցելես մեր քիթ-կոկորդի բաժին, գուցե և թոքաբանին դիմես, գուցե և ռենտգեն արվի, որպեսզի պարզենք, արդյոք այդ վիրահատության պատճառով իրականում առաջացել է շնչառական ուղիների խանգարում, որից հետո նոր կարող ենք որոշում կայացնել: Հիմա ես անկետայում կավելացնեմ, որ անպայման այցելեք համապատասխան բաժիններ,- ասաց բժշկուհին և անկետայում երկար-բարակ սկսեց գրել, թե ինչպիսի բաժիններ պետք է այցելեմ և հետազոտություններ անցնեմ:

Այդ ընթացքում, երբ Փայլակը երկար-բարակ պատմում էր վիրահատության մանրամասները և սպասում բժշկուհու գրություններին, արդեն շնչահեղձ էր լինում:

Բժշկուհին վերջապես ավարտեց անկետայի մեջ կատարվող գրառումները, անկետան պարզեց Փայլակին և խորհուրդ տվեց անպայման կատարել բոլոր այցելությունները և վերջում ներկայացնել իրեն, որի հիման վրա էլ նա զեկույց կպատրաստի և կներակայցնի գլխավոր բժշկին՝ համապատասխան որոշում կայացնելու համար:

Փայլակը վերցրեց բժշկական անկետան, ցտեսություն ասաց թերապևտ բժշկուհուն և դուրս եկավ նրա աշխատասենյակից, միջանցքում անմիջապես հանեց դիմակը, թաշկինակով սրբեց ամբողջովին քրտինքով պատած դեմքը և արագ քայլերով դուրս եկավ պոլիկլինիկայի շենքից:

«Ավելի լավ է դիմակ կրեմ բաց տարածքներում, քան սրան-նրան դիմեմ ու վերջում էլ վարակվեմ այդ Կովիդ 19 կոչվածով»,-մտքում որոշեց Փայլակը ու շտապեց տուն, իսկ  ճանապարհին նրա գլխում մի պայծառ միտք փայլատակեց:

Երբ տուն հասավ, օճառով լվաց ձեռքերը, ալկոգելով էլ ախտահանեց դրանք, ապա մոտեցավ ննջարանում դրված համակարգչին ու հարմարավետ տեղավորվեց բազկաթոռին, միացրեց համակարգիչը, սպասեց այնքան, որ նա պատրաստ լինի աշխատանքի, ապա անցավ գործի: Որոշ ժամանակ անց նա ստեղծեց հետևյալ բովանդակության տեղեկանքը:

ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ԾԵՐ ԱՅԾԵՐԻ  ՄԻՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ԾԵՐ ԱՅԾԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

Տրվում է սույն տեղեկանքը քաղաքացի ՓԱՅԼԱԿ ՓԱՆՈՍԻ ՓԱՅԱՍԼՅԱՆԻՆ այն մասին,  որ նա 1980 թվականին ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ԾԵՐ ԱՅԾԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ենթարկվել է վերին շնչառական ուղիների (այսինքն՝ քթի միջնապատի) վիրահատության և ներկայումս ունի շնչառության հետ կապված խնդիրներ, որը հակացուցված է դիմակ կրելուն:

Միևնույն ժամանակ նրա մոտ հայտնաբերված է  նաև արյան բարձր ճնշման հետ կապված հիպերտոնիկ հիվանդություն, որը նույնպես կարող է շնչառական ուղիների և սրտամկանի ոչ բավարար աշխատանքի  խնդիրներ առաջացնել դիմակ կրելու դեպքում:

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները, խնդրվում է համապատասխան մարմիններին բաց տարածքներում քայլելիս կամ մարզվելիս թույլատրել քաղաքացի ՓԱՅԼԱԿ ՓԱՆՈՍԻ ՓԱՅԱՍԼՅԱՆԻՆ դիմակ չկրել:

Հասկանալի է, որ վերոհիշյալ անձը պետք է նկատի ունենա նաև այն հանգամանքը, որ մնացած դեպքերում պետք է դիմակ կրի և պահպանի սահմանված անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը:

«Համայն աշխարհի Ծեր այծերի միության»

բժշկական կենտրոնի Պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ՝                  Կոզալյան Վ.Գ.                         (ստորագրություն)

Հ.Գ. Ավարտելով տեղեկանքը, Փայլակը ինքն իրեն ժպտաց ու բարձրաձայն արտասանեց. «Երբ ոստիկանները ինձ հարցնեն, թե ինչու դիմակ չեմ կրում, անմիջապես ցույց կտամ այս տեղեկանքը ու երբ կարդան ու հումորը ընդունեն, ապա կծիծաղեն ու ինձ բաց կթողեն, իսկ եթե ոչ, թող մի անգամ էլ ինձ տուգանեն»:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31