Սեպուհն իմ տարիքին էր: Երբ գնում էինք նանիենց տուն, Սեպուհը հրում էր չափարի շարժվող փայտը, առանց կռանալու, դիք-դիք քայլում էր անցքի միջով ու ափսեն ձեռքը՝ գալիս մեզ մոտ:
– Հոր պես մի թիզ է,- նանին խնդմնդում էր քթի տակ: Նանին մեր ազգականն էր: Նրա միակ որդին, ռուս հարսն ու ռուսախոս թոռները ամեն ամառ պարտաճանաչ 10 օրով գալիս էին գյուղ, որ Նանին կարոտն առնի թոռներից, թոռներն էլ սիրեն նանիին: Թոռները օրը երկու անգամ նույն ժամին սիրում էին Նանիին՝ առավոտյան, մեկ էլ քնելուց առաջ:
-Доброе утро, бабушка, я люблю тебя.
-Спокойной ночи, бабушка, я люблю тебя.
Կարդացեք նաև
երբ Նանիի թոռները գալիս էին Ռուսաստանից, Սեպուհը կրկին հայտնվում էր չափարի անցքում: Ափսեն դնում էր սեղանին, վերցնում կարկանդակները ծածկող յուղոտ անձեռոցիկն ու ասում.
– էս կողմինները մսով են, սրանք ՝ կարտոֆիլով:
Մենք միշտ քաղցրեղեն էինք բերում Սեպուհի համար՝ մարմելադ, լոխում կամ շոկոլադ: Սեպուհը կարկանդակները դնում էր սեղանին ու սպասողական հայացքով նայում մորս: Երբ մամաս բերում էր քաղցրեղենի տոպրակը, Սեպուհը ժպտում էր գոհ ու բերանն էնքան լիքն էր լցնում, որ կեսը թափվում էր շապիկին:
Մամաս սիրում էր Սեպուհին: Շոյում էր նրա կլորիկ թշերն ու բիզ-բիզ մազերը:
-Մի բան արտասանիր, բոքոնիկ ջան- ասում էր: Ամեն անգամ Սեպուհը նույն ոտանավորն էր արտասանում.
– Ծիտիկ,ծիտիկ, մոտ արի,
Քեզ տամ ցորեն ու գարի…
-Ուրիշ ոտանավոր չգիտե՞ս,-հարցնում էի ես զարմացած:
Սեպուհը թափահարում էր գլուխը.
– Պապաս մենակ էս մի ոտանավորն է սովորեցրել:
-Սրա համար իրենց կրակին էին տվել,- Նանին չանչում էր Սեպուհի հետևից:-Դանդալոշ հորեղբորն է քաշել՝ չարչի Սիմոնին: Գիտե՞ք, սրա պատճառով քանի կնիկ փոխեց Մաքսիմը:
Մաքսիմ քեռին Սեպուհի հայրն էր: Նա նման էր մեր գյուղի Ցմփոր Զավենին. չաղլիկ էր, մեծ փոր ուներ ու բարի, ժպտուն դեմք: Մաքսիմ քեռին միշտ ժպտում էր:
-Առանց էդ էլ ուշ ամուսնացավ: Եղբոր ընտանիքի հետ իրենց երկու սենյականոց հողե տանն էին ապրում, ո՞նց ամուսնանար: Մինչև եղբայրը տնատեղ ստացավ, տուն շինեց- գնաց, Մաքսիմը դարձավ 35 տարեկան: Հետո հիվանդ մորը պահեց: Հետո հերը անկողին ընկավ: Եղբոր կինը ոչ կեսուրին տիրություն արեց, ոչ կեսրարին: Մաքսիմը, հոգի ունեմ տալու, ծառայեց հորն ու մորը՝ մինչև վերջին շունչը: Հոր քառսունքը նոր էին տվել, գնաց սուսուփուս չոլախ Թևանի աղջկան տուն բերեց՝ Լուսիկին: Երեք տարի մարդուկնիկ եղան, բայց Լուսիկի փորը մնաց մեջքին կպած: Մի օր էլ Մաքսիմը կնոջն ասաց՝ խաթրդ շատ է, բայց ինձ ժառանգ է պետք: Լուսիկը փասափուսան հավաքեց ու լացելով գնաց հոր տուն: Մի տարի անց Մաքսիմը կողքի գյուղից մեկի հետ կարգվեց: Մաքուր, անող-դնող, բերանը փակ կին էր: Անուն էլ՝ Արև: Էնքան սիրուն էր տնաշենը, մի հուրի-փերի: Թե թիզուկես Մաքսիմի ինչը հավանեց, չհասկացա: Բայց սա էլ Մաքսիմին ժառանգ չտվեց; Սեպուհի մերը՝ Զոյան, Երևանից եկավ: Երկու ամսվա հարս էր, մեկ էլ լուրը գյուղն ընկավ, թե՝ թուրք Սայիդի տղան Մաքսիմի երկրորդ կնոջը բերել է տուն: Սայիդի տղան չորս անմեր երեխա ուներ, Արևին, որպես չբերի, առել էր, որ իր երեխաներին մայրություն անի: Էն էլ հինգ ամիս անց Արևի փորը դնչին դեմ ընկավ, իսկ Զոյան հակառակի պես չէր հղիանում: Ու Մաքսիմը գնաց բժշկի: Սկզբում չեմուչում արեց, բայց գնաց: Ախպերն ասել էր՝ թե ժառանգ ես ուզում, գնա, բուժվի: Չբերը դու ես, կնանիքին ես անուն դնում: Մաքսիմը Երևանից վերադարձավ՝ մի տոպրակ դեղ գրպանում: Կես տարի անց Զոյան հղիացավ, ու ծնվեց Սեպուհը: Մաքսիմը հոր անունը դրեց որդու վրա:
Աստված էդ մի տղան տվեց, հետո ինչքան էլ դեղ խմեցին, սրբերի դռներն ընկան, աղաչանք-պաղատանք արին, Զոյայի փորը տեղից չշարժվեց…
Նանին սխալվում էր. Սեպուհը հորը չքաշեց: Յոթերորդ դասարանում արդեն մի գլուխ բոյով էր ինձնից: Սիրուն, բարեկիրթ տղա էր: Գիտեր իրեն սիրել տալու ձևը:
-Բոլոր դասատուները խելոքության համար 5 են նշանակում, սկի 4-ի չի ձգում,- ասում էր նանին,- առավոտից իրիկուն կարդում է: Բոլոր դասատուների ծննդյան օրերը գիտի, մեծ բան չի անում՝ մի բացիկ է նվիրում ծայրից ծայր գրոտած: Լեզվից ճարտար է, օձը բնից կհանի:
Սեպուհը ութերորդ դասարանում ինձ նամակ գրեց: Մենակ ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ նախադասությունը հասկացա, մնացածը բառարանով վերծանեցի: Իսկ անագորույն բառը թարգմանելու համար նույնիսկ պետք եղավ հայերենի դասատուիս զանգել: Հաջորդ օրը նանիենց բաղից ձեռքով արեցի Սեպուհին: Դեմքը լարված էր, բայց ժպտում էր:
-Ես իմ սոլֆեջիոյի դասատուին եմ սիրում,- ասացի:
-Քո սոլֆեջիոյի դասատուն կին չէ՞ր,- հարցրեց զարմացած,- քո պատմելուց հասկացել էի, որ կին է:
– Հա, կին է, բայց ֆիզարձակուրդ է գնացել, հիմա նրան ամուսինն է փոխարինում…
-Կատա՞կ ես անում, թե խելքդ գցել ես,- հետաքրքվեց Սեպուհը ամենայն անկեղծությամբ: Ես ուսերս թոթվեցի ու ծիծաղեցի:
-Նամակս հետ տուր,- ասաց: Ես շալվարիս հետևի գրպանց հանեցի ճմռթված թուղթն ու նույն պահին հիշեցի, որ երեք կետադրական ու երկու ուղղագրական սխալ եմ ուղղել կարմիր գրիչով:
-Որ չտամ, ի՞նչ կլինի:
-Չի լինի:
Ես ստիպված մեկնեցի նամակը, վերցրեց ու գնաց:
Երեսուն տարեկանում ես հոդվածներ էի գրում բանակի մասին, Սեպուհը բարձր պաշտոն ուներ ներքին գործերի համակարգում: Ես երթուղայինների մեջ ճխլտվելով՝ գնում էի աշխատանքի, Սեպուհը Իրենց բակի ծայրին երեք հարկանի առանձնատուն էր կառուցել, բակում՝ լողավազան; Գյուղ էր գալիս ծառայողական շքեղ մեքենայով ու մեծահոգաբար, դեմքին հոլիվուդյան ժպիտ նկարած՝ ձեռքով բարևում էր Նանիենց դռան փայտին նստոտած նարդի խաղացող պապիկներին: Մաքսիմ քեռին մեքենայի ձայնը լսելուն պես դուրս էր գալիս փողոց ու դիտում Սեպուհի՝ հարևաններին բարևելու արարողությունը: Նայում էր՝ հայացքի մեջ մի այնպիսի հրճվանք ու հպարտություն, որ բառերով չես նկարագրի: Հետո վարորդը հոգնում էր նայելուց (առաջին անգամ չէր տեսնում) ու ասում էր.
-Սեպուհ Մաքսիմիչ, ես տոպրակները տանե՞մ տուն:
Դիտման ուղղությունը մեկեն փոխվում էր: Հարևանները սևեռված նայում էին, որ տոպրակների հաշիվը չխառնեն:Նանին ասում էր, որ Սեպուհի կինն ու տղան հազվադեպ են գյուղ գալիս. Մաքսը մեկ կարմրուկ էր վարակված լինում, մեկ՝ ջրծաղիկ, մեկ խոզուկ:
-Դե, գիտեք, վարակիչ հիվանդություններ են, հանկարծ պապային կվարակեն:
Ոչ ոք չէր ասում՝ պապան 72 տարեկանում կարմրո՞ւկ էր ընկնելու, թե՞ խոզուկ: էդ միտքը կորչում էր ծանրաբեռ տոպրակների արանքում: Մարդիկ գլխով էին անում՝ հա բա ո՞նց, հո պապային չէի՞ր վարակելու: երբ Սեպուհը գալիս էր գյուղ, Մաքսիմ քեռու տան դուռը չէր փակվում: Սկզբում հարևան կանայք էին գնում, որ օգնեն, ճաշ պատրաստեն, իսկ երեկոյան գյուղի տղամարդիկ էին խորոված ուտելու հրավեր ստանում: Խմում էին ու գովում Սեպուհին: Գովում էին ու խմում:
– Զոյայի հողը իմ գլխին,- էդ ժամանակ ինքն իրեն չանչում էր Նանիենց հարևան Զարման տատը՝ Մաքսիմ քեռիենց եռահարկ տան լույսերին նայելով, – իմ տղաները խոզ են պահում, կովի թրիք են մաքրում, որ հազիվ հացի փող հասցնեն, Մաքսիմի տղայի առաջ ավտոյի դուռը շոֆերն է բացում…
-Ի՞նչդ է պակաս,- Զարման տատիին սաստում էր Նանին,- Աստծուց կրա՞կ ես ուզում, ուտելու չունե՞ս, թե՞ հագնելու: Տղաներդ արևովդ են երդվում, թոռներդ առաջդ վազվզում են, հարսդ՝ խոնարհ: Մաքսիմի օրն ի՞նչ է՝ առավոտից իրիկուն՝ մենակ…կնկա մահից հետո լրիվ անտեր մնաց:
-Նախ՝ ինչի՞ է անտեր, Սեպուհը բոլ-բոլ փող է տալիս Մեծիկենց հարսին, որ հորը ծառայի: Տունը՝ մաքուր, ճաշն եփած, գրպանը՝ լիքը փող: Հետո էլ՝ որ խելք չունի, ո՞վ է մեղավոր,- իրենն էր քշում Զարման տատը,- իմ աչքով եմ տեսել, իմ ականջով եմ լսել՝ Սեպուհը ոնց է խնդրում հորը, թե՝ արի գնանք Երևան, չորս սենյականոց տուն ունեմ՝ լեն ու բոլ, քեզ համար աղայավայել ապրի…Ասում էր՝ այ հեր, մեջտեղից ճղվում եմ. չգիտեմ՝ շաբաթ -կիրակի օրերը գյուղ գա՞մ, Մաքսին մի տեղ տանե՞մ, թե ընկերներիս հետ քաղաքից դուրս գնամ, մի քիչ հանգստանամ: Ես էլ եմ մարդ էլի, հո մեքենա չե՞մ…
Մի օր էլ Մաքսիմ քեռին գնաց: Նանին այսպես էր պատմում:
-Սեպուհն եկավ՝ գալստուկը կապած, հետն էլ՝ երկու աղջիկ, մի տղա…ծառաներն էլի: Բակն ու դուռը մաքրեցին, Մաքսիմի վեշերը կապեցին: Հեր ու տղա մատը մատին չտվեցին. նոքարները աշխատում էին, իրենք նստել էին ծառի հովին : Հետո Սեպուհը հորը դրեց կողքը, քշեց մեքենան ու գնաց:
Երբ Սեպուհը Մաքսիմ քեռուն գյուղ բերեց, ես նանինենց տանն էի: Էդ գյուղում մի ասորի ընտանիք կար, զինվոր տղա ունեին, հեռուստաակնարկ պիտի պատրաստեի Զինուժի համար:
…Սեպուհն, իրոք, փառահեղ տեսք ուներ: Եկավ չափարի մոտ, ձեռքով բարևեց ինձ, հետո հանկարծ խոնարհվեց ու համբուրեց ձեռքս;
-Զգում էի, որ գյուղում կլինես,- ասաց;
-Ո՞նց ես,- հարցրի: Սեպուհը նայեց քննախույզ.
-Ինչո՞ւ չես ամուսնանում, 30-ը կրիտիկական տարիք է: Հետո ավելի դժվար կլինի: Իմ կինը քեզնից 5 տարով փոքր է, բայց 4 տարեկան տղա ունի:
– Գիտեմ, Նանին ասել է, որ Մխիթար Գոշի անվան համալսարանը հեռակա է ավարտել:
-Երջանկությունը կրթության մեջ չէ:
-Ոնց որ դու էլ էնքան երջանիկ չես:
-Ի՞նչ գիտես:
-Երջանիկ մարդը չի կծում:
-Որ ուզում ես իմանաս՝ երջանկություն չկա, կյանք է, ապրում ենք էլի:
Հետո գրպանից մի ճմռթված թուղթ հանեց ու մեկնեց ինձ:
-Էս էլի սիրային նամա՞կ ես գրել, -կատակեցի ես:
– Թե կուզես, կգրեմ,- ասաց ու գնաց
Ես բացեց թուղթն ու անմիջապես ճանաչեցի ձեռագիրը և իմ ուղղումները՝ կարմիր գրիչով: Սեպուհի՝ ութերորդ դասարանում գրած նամակն էր:
-Խոզի գլուխը դրեցին խալչին, նորից գնաց, ընկավ ցեխերի մեջ,- ասաց Զարման տատը, երբ Մաքսիմ քեռին դուրս եկավ փողոց: Նիհարել էր: Փորն առաջվա պես կլորիկ չէր, ոչ էլ թշերն էին երևում հետևից՝ ոնց որ ասում էր Նանին: Մի տեսակ՝ կոտրված էր:
-Էդ ինչի՞ հետ եկար,- հարցրեց Նանին:
-Այ Նանի ջան, խոսելը մոռացել էի,- փլվեց Մաքսիմ քեռին:- քաղաքում մարդիկ իրար հետ չեն խոսում: Միասին սեղան նստել չկար: Առավոտը Սեպուհն ու հարսս առանց բառ ծպտալու գնում էին գործի: Երեկոյան գալիս էին տուն, սուսուփուս հաց ուտում՝ ամեն մեկն իր համար: Հետո Սեպուհը հեռուստացույց էր նայում, հարսս գործ էր անում: Մաքսն էլ կամ մուլտիկ էր նայում համակարգչով, կամ էլ հեռախոսն էր բզբզում՝ իր սենյակում փակված: Խոսելը մոռացել էի, ականջս մարդու ձայնի կարոտ էր մնացել:
-Իջնեիր բակ, – ասաց նանը,- թայդաշ տղամարդկանց հետ նարդի խաղայիր:
-Դու գիտես՝ էլիտար շենքն ի՞նչ է,- հարցրեց Մաքսիմ քեռին, Նանը գլուխը թափ տվեց:
-Պիտի կոդ հավաքես, որ դուռը բացվի, կարողանաս շենքից դուրս գալ: …Ի՞նչ բակ: Շենքի դիմաց մեծ փողոց էր՝ լիքը ավտոներով:
Մաքսիմ քեռին մահացավ սրտի նոպայից: Նանին ասում էր.
– Մածնաբրդոշ էր ուտում, մեկ էլ սիրտը բռնեց ու դեմքով ընկավ սեղանին վրա:
Զարման տատին պատմում էր ու պատմում.
-Որ տեսնեիր, մեռնելդ կգար: Մեր գյուղը էդպիսի թաղում չէր տեսել: էդ ինչքա՜ն մարդ կար, էդ ի՜նչ մեքենաներ էին եկել Երևանից, էդ ինչքա՜ն պսակ կար: Էդ ի՜նչ հոգեհաց տվին…
Մեկ տարի անց Նանին մահացավ: Արդեն 90-ն անց էր, քնեց ու չզարթնեց: Նանիի հուղարկավորության ժամանակ գերեզմանոցում մի մեծ հուշարձան գրավեց ուշադրությունս: Բարձրում էր ու երևում էր բոլոր կողմերից: Գյուղական գերեզմանոցում՝ հուշարարձա՞ն: Մոտեցա, որ ավելի լավ տեսնեմ:Դեռ հեռվից ճանաչեցի Մաքսիմ քեռուն: Անթերի նման էր, միայն բոյն էր մի քիչ երկար իրականից:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ