Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգում չկա «ԼՂՀ» եւ «ԼՂՀ ժողովուրդ», բայց կա «Արցախ» եւ «Արցախի ժողովուրդ»

Օգոստոս 02,2020 10:00

«Ես հասկանում եմ, թե ինչու դրա հետ կարող են խնդիր ունենալ, ասենք, Ադրբեջանում, բայց ես չեմ կարող պատկերացնել, թե ինչու որեւէ մեկը Հայաստանում պետք է այդ բառի հետ խնդիր ունենա»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգի առիթով քննադատություններին՝ ասաց ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։

– Պարոն Զոլյան, 2018-ին հեղափոխություն-իշխանափոխությունից հետո շատերի համար է անհասկանալի այն արտաքին քաղաքականությունը, որը վարում է Հայաստանը: Կարո՞ղ եք հստակ ներկայացնել մեր երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականության բնութագրիչները: Ի դեպ, այդ առիթով օրերս, երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում իր անհանգստություններն էր ներկայացրել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով. «Այսօրվա իշխանության մեծ մասը եկել են այն հկ-ներից, որոնք ձեւավորվել են այդ գլոբալիզացման երկրորդ թրեքից եւ այդ քաղաքականությունն են վարում, եւ հիմա ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից հիմա բոլորը փախչում են: Եվ այս վեճերը ազգային արժեքների մասին, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մասին, որոնք տարբեր ազգերի ինքնության չափազանց կարեւոր բաղադրիչներն են, սա են փորձում հանել մեր մշակույթից, մեր կրթական ծրագրերից։ Նույնիսկ եվրոպական բոլոր ընտրությունների արդյունքներով տեսնում ենք, որ ազգային ուժերը բարելավում են իրենց դիրքերը։ Կան երկրներ, որտեղ այդ ուժերն արդեն կառավարող ուժեր են»: Այս առումներով շատ է քննադատվում Հայաստանում իշխող ուժի կողմից վարվող քաղաքականությունը: Ինչո՞ւ ենք գնում այնտեղ, որտեղից շատերը փախչում են:

– Նախ ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը չեմ նայել, եւ նրա հայտարարությունները չեմ պատրաստվում մեկնաբանել։ Մի շարք նախկին պաշտոնյաներ, ովքեր այսօր դատական գործընթացների մեջ են, անում են տարբեր հայտարարություններ, որոնք ես չեմ դիտարկում որպես քաղաքական, եւ արձագանքելու կարիք չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է ձեր բուն հարցին, ես համաձայն չեմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատերի համար անհասկանալի է։ Կարծում եմ, նման պնդումները գալիս են շատ որոշակի շրջանակներից՝ մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների եւ նրանց փոքրաթիվ կողմնակիցների։ Բայց դա զարմանալի չէ, այդ մարդիկ շատ բաներ չեն հասկացել՝ օրինակ չեն հասկացել թե ի՞նչ տեղի ունեցավ 2018 թ.-ին եւ, ամենակարեւորը, ինչո՞ւ։ Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ հստակ է։

Չնայած նախկինները լուրջ տապալումներ էին ունեցել արտաքին քաղաքականության ոլորտում եւ ծանր հարվածի տակ էին դրել Հայաստանի ինքնիշխանությունը եւ նվազեցրել էին Հայաստանի դերը, որպես միջազգային գործոն, այսօր իրավիճակը փոխվել է։ Այսօր Հայաստանը վարում է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը հիմնված է ազգային շահերի վրա եւ Հայաստանի ժողովրդի հավաքական քաղաքական կամքի արտահայտությունն է։ Այդ քաղաքականությունը հայաստանակենտրոն է եւ ոչ թե հիմնված է այս կամ այն աշխարհաքաղաքական օրիենտացիայի գաղափարի վրա։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը խնդիր չի դնում դուրս գալ որեւէ դաշինքից կամ միջազգային կազմակերպությունից եւ, ընդհակառակը, ձգտում է խորացնել իր համագործակցությունը իր դաշնակիցների եւ գործընկերների հետ։

– Շատ է քննադատվում նաեւ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգը: Մասնավորաբար, մտահոգություններ է առաջացնում այն, որ ռազմավարության մեջ չկան «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եւ «ԼՂՀ ժողովուրդ» հասկացությունները, փոխարենը շարունակում են առաջ մղվել «բնակչություն» կամ «ազգաբնակչություն» հասկացությունները, որոնք Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի վերակենդանացման, այդ հասարակական կառույցին իմիջ եւ դիրք ապահովելու ֆոնին ոչ միայն հարցեր են առաջացնում, այլ նաեւ մտահոգություններ: Այս մասով կա՞ն բացատրություններ:

– Կարծում եմ, քննադատողներից ոմանք չեն կարդացել ռազմավարությունը, կամ առնվազն ուշադիր չեն կարդացել։ Նախ ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձեւն իրոք չի օգտագործվում, բայց փոխարենը օգտագործվում է «Արցախ» անվանումը։ Ես հասկանում եմ, թե ինչու դրա հետ կարող են խնդիր ունենալ, ասենք, Ադրբեջանում, բայց ես չեմ կարող պատկերացնել, թե ինչու որեւէ մեկը Հայաստանում պետք է այդ բառի հետ խնդիր ունենա։ Ռազմավարությունը բացող վարչապետի ուղերձում եւ բուն ռազմավարությունում օգտագործվում են եւ՛ «Արցախի ժողովուրդ», եւ՛ «Արցախի հայություն» արտահայտությունները։ Օրինակ, խոսվում է «Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության» մասին, մեկ այլ տեղ խոսվում է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը» սատար կանգնելու մասին, եւ այլն։

Ընդհանուր առմամբ, անվտանգության հայեցակարգում օգտագործվում են տարբեր տերմիններ, որոնցից յուրաքանչյուրը իր համատեքստի մեջ պետք է դիտարկել, այդ թվում նաեւ «Արցախի բնակչությունը»։ Առանձին բառերը համատեքստից հանելը եւ դրա վրա հեռու գնացող հետեւություններ անելը, մեղմ ասած, այնքան էլ լուրջ չէ։ Ավելին, նման քննադատությունների առկայությունը, ընդհակառակը, ցույց է տալիս, որ հայեցակարգը բավականին հաջողված է, քանի որ եթե այնտեղ լինեին իրական թերություններ, քննադատները բառախաղերի հույսին չէին մնա։ Եվ իրոք, անվտանգության հայեցակարգը, որի կազմմանը մասնակցել են մի շարք պետական ինստիտուտներ եւ փորձագիտական շրջանակներ, բավականին հաջողված է, եւ դա հատկապես ակնհայտ է, եթե համեմատենք այն նմանատիպ այլ փաստաթղթերի հետ՝ թե Հայաստանի անցյալից, թե այլ երկրներից։

– Նկատի է առնվում, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» դարձվածքում ներառված են նաեւ ազատագրված տարածքները, երբ Արցախ ենք ասում՝ ազատագրված տարածքները նկատի ունենո՞ւմ ենք:

– Պետք է պարզապես ուշադիր կարդալ այդ ռազմավարությունը եւ ամեն ինչ պարզ կդառնա:

– Հետհեղափոխական շրջանում հայտարարվեց Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու Հայաստանի դիրքորոշման մասին: Այն արձագանք չգտավ՝ ոչ համանախագահների, ոչ, բնականաբար, Ադրբեջանի մոտ: Հետո, երկու տարի հանրային, քաղաքական շրջանակների համար ինչ-որ անհասկանալի գործընթացներ էին գնում՝ երկարատեւ հանդիպումներ, քննարկումներ, բանավեճեր, որոնք բանակցություն չորակվեցին, հաճոյախոսություններ՝ Ադրբեջանի ղեկավարի հասցեին, խաղաղության կոչեր եւ այլն, ինչը անհանգստությունների տեղիք տվեց: Հիմա, տավուշյան դեպքերից հետո, երբ, կարծում եմ, առավել հստակ դարձավ «կիրթ» Ալիեւի կերպարը, ի՞նչ տրանսֆորմացիաների պետք է ենթարկվի հայկական կողմերի մոտեցումները: Մենք հիմա ունե՞նք պատկերացում՝ ո՞րն է զրոյական կետը, որից վարելու ենք մեր քաղաքականությունը։

– Ցավոք սրտի, նախկին իշխանությունների քաղաքականության պատճառով, 1990-ականների վերջին Արցախը դուրս թողնվեց բանակցություններից, եւ այդ վիճակը տասնամյակներով կոնսերվացվեց։ Նման երեւույթների մասին ֆրանսիացի մեծ դիվանագետ Թալեյրանը ասում էր՝ «սա ավելի վատ է, քան հանցագործությունը, սա սխալ է»։ Այսօր հայկական դիվանագիտությունն ամեն ինչ անում է այդ հանցավոր սխալի հետեւանքները վերացնելու համար, բայց հասկանալի է, որ դա բավականին դժվար գործ է, եւ կարող է տարիներ տեւել։ Ինչ վերաբերում է այս երկու տարվա հայ-ադրբեջանական հանդիպումներին, ապա դրանք, իմ կարծիքով, կարելի է որակել որպես «բանակցություն բանակցության մասին»։ Սա միանգամայն տարածված երեւույթ է դիվանագիտության մեջ եւ հատկապես հակամարտությունների կարգավորման մեջ, եւ սա անհրաժեշտ գործընթաց է։ Միեւնույն ժամանակ, հայ-ադրբեջանական շփումների շուրջ երբեք չի եղել այնքան թափանցիկություն, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում։

Հայաստանի իշխանություններն ապահովել են այնքան թափանցիկություն, որքան դա թույլատրելի է միջազգային դիվանագիտության մեջ։ Կատարվում է նաեւ ակտիվ աշխատանք միջազգային հանրության հետ, մեր գործընկերներին տեղյակ ենք պահում Արցախի շուրջ տեղի ունեցող իրական գործընթացների մասին։ Ցավոք, հեղափոխությանը նախորդող տարիներին, նախկին իշխանության անգործության եւ ցածր կրթական ցենզի պատճառով, Հայաստանը միշտ չէ, որ կարողանում էր հակազդել Ադրբեջանին դիվանագիտական եւ քարոզչական դաշտերում։ Այսօր այդ առումով եւս տեսնում ենք դրական փոփոխություններ, ինչն ակնհայտ դարձավ Տավուշի դեպքերի միջազգային արձագանքներից։

– Որոշ դիտարկումներով՝ միջազգային արձագանքը բավական պասիվ էր:

– Այդ կարծիքի հետ ես նույնպես համամիտ չեմ: Ընդհակառակը, միջազգային արձագանքը՝ համեմատած զուտ ռազմական բախումների տեղային բնույթի հետ, կարելի է ասել՝ աննախադեպ ակտիվ էր: Որովհետեւ այն, ինչ մենք տեսանք վերջին օրերին, համեմատելի է, օրինակ, 2016 թվականի ապրիլյան պատերազմի միջազգային արձագանքի հետ, մինչդեռ, ակնհայտ է, որ ռազմական բախումների մասշտաբը ավելի փոքր էր: Մենք տեսանք, որ թե միջազգային կազմակերպությունները, թե մեր գործընկեր պետությունները, թե առանձին քաղաքական գործիչներ տարբեր երկրներում, թե միջազգային մամուլը, բավական ակտիվ արձագանքեցին: Այլ հարց է, որ, իհարկե, այդ արձագանքների մի զգալի մասը դիվանագիտական լեզվով էր:

– Համամիտ չե՞ք այն տեսակետների հետ, որ եթե չասենք արտաքին քաղաքականության մասով, գոնե Արցախի հարցի կարգավորման մասով, գործող իշխանությունը ձախողել է: Գուցե արժե խոստովանել եւ վերանայել հետագա աշխատաոճը՝ իրավիճակը հօգուտ հայկական կողմերի շտկելու համար:

– Ամենեւին համամիտ չեմ։ Ճիշտն ասած, զարմանում եմ, որ կարող է նման տեսակետ առաջանալ ընդհանրապես։ Կարծում եմ, վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է ոչ միայն ռազմական, այլեւ դիվանագիտական ոլորտում։ Բավական է ասել, որ վերջին օրերին հենց ինքը՝ Ադրբեջանի բռնապետ Ալիեւը ընդունել է, որ ադրբեջանական կողմը դիվանագիտական ճակատում պարտություն է կրում։ Հիշենք, թե ինչպես Ալիեւը շատ կոպիտ ձեւով աշխատանքից հեռացրեց արտգործնախարար Մամեդյարովին, նրան փոխարինեց ոչ դիվանագետ գործչով, եւ խիստ քննադատության ենթարկեց Ադրբեջանի դիվանագիտական կորպուսը։ Այլ հարց է, որ բոլոր այդ դժբախտ մարդիկ ընդամենը քավության նոխազ են, եւ եթե Ալիեւն ինքն իր հետ ազնիվ լիներ, հենց ինքը պետք է հրաժարական տար։ Բայց Հայաստանի նախկին իշխանավորների օրինակով գիտենք, որ որոշակի հոգեբանական խառնվածք ունեցող մարդկանց համար հրաժարական տալն անձնական ողբերգություն է, այնպես որ, կարծում եմ, Ալիեւը կշարունակի ամեն գնով իշխանությանը կառչած մնալ եւ նոր դիվանագիտական ու ռազմական պարտությունների համար կգտնի նոր քավության նոխազների։

– Ի վերջո՝ ի՞նչ է նշանակում՝ Արցախը Հայաստանն է եւ վերջ: Այս կոնցեպտի իրավաքաղաքական կիրառությունը ո՞րն է: Շատերը մտահոգություններ են հնչեցնում, որ սրա տակ, իրականում, ետ է մղվում Արցախի սուբյեկտայնությունը եւ գործարկվում է Արցախը՝ Հայաստանի մարզի կարգավիճակի բերելու գործընթաց: Եթե այդպես չէ՝ ինչո՞ւ Հայաստանի սուվերեն եւ լեգիտիմ իշխանությունը Արցախի համանման իշխանության հետ չի կնքում ռազմաքաղաքական փոխգործակցության համաձայնագիր, ինչի անհրաժեշտության մասին դեռ 2016 թվականից է խոսվում:

– Իմ կարծիքով, սա շատ պարզ եւ հասկանալի պնդում է։ Նախ, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը անվտանգային տեսակետից մեկ միասնական տարածք են, հետեւաբար ցանկացած ոտնձգություն Արցախի հանդեպ, արժանանալու է անհրաժեշտ հակահարվածի։ Սա միանգամայն պարզ է, թե մեր հայրենակիցների, թե միջազգային հանրության, թե հատկապես Ադրբեջանի համար։ Բացի այդ, կարծում եմ, մենք բոլորս կհամաձայնենք, որ աշխարհագրական, պատմական եւ մշակութային առումով Արցախը Հայաստան է, եւ դրա մասին խոսելն անգամ ավելորդ է։ Այլ հարց է, որ ժողովրդավարական սկզբունքները պահանջում են, որ Արցախի Հանրապետությունը ներկայացնեն այն իշխանության մարմինները, որոնք ձեւավորվում են Արցախի ժողովրդի կողմից, եւ սրա մասին մենք միշտ խոսում ենք, եւ հենց սա է Արցախի սուբյեկտայնությունը։ Այդ սկզբունքներից ելնելով է, որ ապահովվում է Արցախի անվտանգությունը եւ չեմ կարծում, որ այս պահին որեւէ լրացուցիչ փաստաթղթի կարիք կա։ Բայց, միեւնույն ժամանակ, նաեւ մեզ որեւէ բան չի կաշկանդում կատարելու ցանկացած քայլ, եթե այն արդյունավետ կարող է լինել։

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31