«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» հրապարակել է «Մասնավորեցումը եւ օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին» հետազոտությունը: Այն վերաբերում է վերջին 20 տարիներին կատարված խոշոր եւ խնդրահարույց գործարքներին՝ մոտ երեք տասնյակ ընկերություններին՝ էներգակիր եւ այլ ռազմավարական նշականակություն ունեցող օբյեկտներին:
Ծավալուն զեկույցից ներկայացնում ենք Հայաստանի գազամատակարարման օբյեկտի մասնավորեցման ուսումնասիրության արդյունքները:
«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն, որը 2013թ.-ին վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա»-ի, ստեղծվել է 1997թ.-ին որպես ՀՀ կառավարության՝45%, Գազպրոմի`45% եւ «Իտերա» Միջազգային էներգետիկ ընկերություն ՍՊԸ-ի՝ 10% համատեղ ձեռնարկություն: 1998թ.-ին ՀՀ կառավարությունը գործող «Հայգազարդ» ՓԲԸ-ին հանձնարարեց Հայաստանի 270 մլն ԱՄՆ դոլար գումար արժեքով գազատրանսպորտային համակարգը ներդնել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում եւ 148.5 մլն ԱՄՆ դոլար վճարումը ստանալ գազի տեսքով:
Զեւկույցում մեջբերվում է 2007-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հիմնադիր փաստաթղթերի համաձայն, ռուսական կողմը ստանձնել էր 55 տոկոս բաժնեմասի դիմաց Հայաստանին չորս տարի անվճար գազ մատակարարել: Ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանի իշխանություններն այդ գազը սպառեցին երկու տարվա ընթացքում՝ 1998-1999թթ.-ին, «իսկ նրա վաճառքի դիմաց գոյացած 148 միլիոն դոլարը, նախագահ Քոչարյանի վկայությամբ, պարզապես անհետացավ»:
Կարդացեք նաև
Ուսումնասիրության հեղինակը հիշեցնում է՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ձեռքբերումը ֆինանսավորելու նպատակով «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն 2007թ.-ին 118 մլն ԱՄՆ դոլար արժեքով բաժնետոմսեր թողարկեց, որոնք ամբողջությամբ ձեռք բերեց «Գազպրոմ»-ը: Արդյունքում, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալում «Գազպրոմ»-ի բաժնետոմսերի տեսակարար կշիռը հասավ 57.59%-ի, ՀՀ կառավարության եւ «Իտերա»-ի բաժնեմասերը կազմեցին համապատասխանաբար 34.7% եւ 7.71%: 2011թ.-ի փետրվարի 28-ին «Հայռուսգազարդ»-ը հայտարարեց, որ փետրվարի 25-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը պայմանավորվել են, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը չի բարձրանա: Երկու տարի անց «Հայռուսգազարդ»-ը սպառողներին մատակարարվող գազի գինը բարձրացնելու խնդրանքով հայտ ներկայացրեց ՀԾԿՀ: ՀՀ վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել գազի գինը եւ գրություն ուղարկեց ՀԾԿՀ-ին: Առանց փաստարկ ներկայացնելու, ՀՀ վարչապետը ՀԾԿՀ նախագահին առաջարկում էր՝ ՀՀ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման ժամանակ հանրապետություն ներկրվող բնական գազի՝ պայմանագրով նախատեսված հազար խորանարդ մետրի դիմաց 270 ԱՄՆ դոլար ձեռքբերման գնի փոխարեն հաշվարկներում հիմք ընդունել 30 %-ով ցածր գին: ՀՀ վարչապետը խոստանում էր, որ ՀՀ կառավարությունը կփոխհատուցի տարբերությունը, եւ որ փոխհատուցման մեխանիզմները քննարկվում են ՌԴ կառավարության եւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հետ:
2013թ.-ի մայիսի 23-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը դեռեւս պնդում էր, որ բանակցությունները շարունակվում են, եւ հազար խորանարդ մետրի դիմաց 180 դոլար սակագինը կիրառվելու է մինչեւ բանակցությունների ավարտը: Սակայն հետագայում պարզվեց, որ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի ավելացում նախատեսված էր դեռես ռուսական «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի («Գազպրոմը» «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատերն է) եւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ միջեւ 2008թ.-ի սեպտեմբերի 12-ի պայմանագրով:
2011-2013թթ.-ին մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ կողմերը ստորագրել են 3 լրացուցիչ համաձայնագիր, տե՛ս աղյուսակը։
Ուսումնասիրության հեղինակը նշում է. «Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը հանդիսացել է «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոսի բաժնետեր, անհնար է, որպեսզի նա տեղյակ չլիներ նշված լրացուցիչ համաձայնագրերի առկայությունից: «Հայռուսգազարդ»-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթարկվել են աուդիտի»:
Ռուսաստանի հետ գազային երեք համաձայնագրերը ստորագրվեցին 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան կատարած այցի ժամանակ: Դրանք վավերացվեցին ՀՀ ազգային ժողովի կողմից 2013թ.-ի դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստին։
Ապա հեղինակը հիշեցնում է, ՀՀ Ազգային ժողովի 2013թ.-ի դեկտեմբերի 23-ի գերլարված նիստը՝ գազային հայտնի պայմանագրի վավերացման մասին, նաեւ, թե ինչպես վավերացվեց պայմանագիրը՝ ԱԺ-ում տեղի ունեցավ բաց քվեարկություն։ Դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեղան, քանի որ ոչ իշխանական՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները քվեարկության ժամանակ լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը: Բացի այդ, տեղի ունեցավ ընթացակարգի խախտում, քանի որ հաշվարկային հանձնաժողովի 7 անդամներից 4-ը չմասնակցեցին ձայների հաշվարկին։ Ընդդիմադիր ուժերը համապատասխանաբար հայտարարեցին, որ համաձայնագիրը չի կարող վավերացված համարվել, քանի որ կոպտորեն խախտվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը:
Ըստ զեկույցի, 2013թ. դեկտեմբերի հայ-ռուսական գազային պայմանագրի կնքումով ոչ միայն «Հայռուսգազարդ»-ն ամբողջությամբ անցավ Ռուսաստանին, այլեւ Հայաստանը պարտավորվեց մինչեւ 2043 թ.-ի վերջը երաշխավորել «Գազպրոմ»-ի իրավունքներն ու շահերը Հայաստանում, իսկ գազի գները ֆիքսվեցին առաջիկա 5 տարիների համար:
Ուսումնասիրության հեղինակը կարծում է. «Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ կնքված՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի վերաբերյալ համաձայնագրից տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը դրա առանձին դրույթների վերաբերյալ չի բանակցել, եւ ռուսական կողմը պայմանագրում դրանք ներառել է այն տեսքով, ինչպես ցանկացել է: Օրինակ, վերը նշված համաձայնագրի համաձայն, հայկական կողմը մինչեւ 2043թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ` երաշխավորել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և դրանց իրավահաջորդների իրավունքներն ու շահերի անձեռնմխելիությունը, ըստ էության, ՀՀ-ին զրկելով մինչեւ 2043թ.-ի ավարտը գազի գնման, տարանցման եւ այլ աշխատանքների հետ կապված ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունից»:
Մինչեւ 20% բաժնետոմսերը Գազպրոմին փոխանցելը ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդ»-ին փոխանցել էր զգալի ծավալով գույք: Զեկույցում նշվում է՝ 2012թ.-ի ՀՀ կառավարությունն ընդունել է երկու որոշում, որոնց համաձայն Շիրակի, Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզպետներին հանձնարարել է, Շիրակի մարզի Ախուրյան, Լոռու մարզի Արծնի, Տավուշի մարզի Թեղուտ, Սյունիքի մարզի Քաջարան, Լեռնաձոր, Կապան, Գորիս համայնքներին առաջարկել համայնքների սեփականությունը հանդիսացող գազաբաշխիչ գազատարները, որոնք կառուցվել են տարբեր ծրագրերով, համայնքների սեփական կամ ներգրավված միջոցներով, նվիրաբերել ՀՀ-ին՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, հետագայում «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալում ՀՀ բաժնեմասն ավելացնելու նպատակով: Հետագայում կառավարությունը նույնատիպ որոշում է ընդունել՝ մի շարք փոխառության միաջազգային համաձայնագրերով ձեռք բերված գույքի կազմից մոտ 1.3 մլրդ դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել մոտ երեք տասնյակ համայնքներին, որից հետո այդ գույքը պետք է նվիրաբերվեր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, որն էլ իր հերթին այդ գույքը պետք է ներդներ «Հայռուսգազարդ»-ում:
2009թ.-ին ՀՀ կառավարությունը ՌԴ-ից ստացած 500 մլն դոլար վարկի միջոցներից 6 ամիս մարման ժամկետով 40 մլն դոլար վարկ է տրամադրել «Հայռուսգազարդ»-ին: Ապա, 2017թ.-ին, եւ վարչապետը «Հայռուսգազարդ»-ի նախկին գործադիր տնօրեն եւ «Գազպրոմբանկ»-ի նախկին առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյաննն էր, «Գազպրոմ Արմենիա»-ին անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով ավելի քան 2.5 մլն դոլար արժեքով գույք փոխանցեց:
Անդրադառնալով Իրան-Հայաստան գազատարին, հեղինակը հիեցնում է՝ 2005-ին Հայաստանը եւ Իրանը նախաձեռնեցին գազատարի շինարարությունը: Գազատարի շինարարությունը ֆինանսավորեց ԲԷՑ-ը, իսկ դրա հետ կապված ծախսերը ներառվեցին ՀԾԿՀ-ի կողմից հաստատվող ծառայությունների սակագնում:
Զեկույցի հեղինակը հիշեցնում է, որ այդ տարիներին Հայաստանի փորձագիտական հանրությունը կարծում էր՝ եթե Ռուսաստանը բարձրացնի մատակարարվող գազի սակագինը, Հայաստանը կարող է անցնել Իրանից մատակարարվող գազի սպառման: Ընդ որում, ակնկալվում էր, որ գազատարը կունենա 1,200 միլիմետր տրամագիծ։
«Ի վերջո, թերեւս «Գազպրոմ»-ի ճնշման ներքո, Իրան-Հայաստան գազատարը ունեցավ 700 միլիմետր տրամագիծ, որը 2015թ.-ին վաճառվեց Գազպրոմին,-ասում է ուսումանսիրության հեղինակը: Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածը 40 մլն դոլարով գնելու պայմանագիրը «Հայռուսգազարդ»-ի ԲԷՑ-ի միջեւ ստորագրվել էր դեռեւս 2007թ.-ին, «Գազպրոմ»-ը նաեւ կատարել էր 30 մլն դոլարի կանխավճար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Այսինքն հենց Լեվոննա սսհմ ից ժառանգություն մնացած գազի համակարգ նվիրել ռուսներին։ էն ժամանալ ժողովուրդը կոմունալի համար չէր վճարում, կորուստները 80 90տոկոս էին կազմում։ լավ իմանալով էտ ամենը լեվոնենք տենց պայմանագիր են կապել ու հիմա հեքիաթ են պատմում կորած 148 միլիոնի մասին։ Լեվոնին հարցրեք ինչիա 45 տոկոս բաժնետոմսերը բնամթերքով վաճառել ոչ թե կոնկրետ 148միլիոն դոլլարով՞