ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես չի կարելի չափորոշիչ սահմանել.
Կրթության մասին ՀՀ գործող օրենքի 4-րդ հոդվածն հետևյալ հաստատումներն ունի՝ «Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է:
ՀՀ կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:
Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը»։ Ըստ էության, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ կարևորագույն՝ օրենքին համազոր այն փաստաթուղթն է, որը սահմանում է կրթության ոլորտում պետության պատասխանատվությունների և հանձնառությունների սահմանը, անձի, հասարակության և պետության շահերից բխող առաջնահերթությունները, նպատակներն ու թիրախները, պատասխանում է շատ կարևոր մի հարցի՝ ինչ հասարակություն ենք կերտում, որն է նրա արժեքային համակարգը, որքանով է այդ արժեքային համակարգը նպաստում է համահայկական միասնական շահերին, հոգևոր, տեղեկատվական դաշտի ամրապնդմանը:
Փաստորեն, չունենալով ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, փորձ է արվում վերաձևել դպրոցը, մեր հասարակությունը, մեր ապագան: Պարզից էլ պարզ է՝ անհնար է և անթույլատրելի կրթական ծրագրերի բովանդակություն և շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ՝ պետական կրթական չափորոշիչ սահմանել, երբ չկա պետության կողմից հաստատված ծրագիր-նպատակ-խնդիր: Սա համարժեք է, օրենքը չգոյության պայմաններում նորմատիվ ակտ սահմանելուն: Առատորեն պարգևավճար ստացող նախարարն ու թիմը այս անելու համար ավելի քան երկու տարի ժամանակ ունեին…
Կարդացեք նաև
Սա ըստ էության հենց այն առանցքային թերացումն է, գուցե և հատուկ մտածված բացը, որի վրա կառուցվում են հետագա սխալները, իսկ ավելի ճիշտ՝ կասկածելի և վտանգավոր նպատակադրումները:
Եվ այսպիսի իրավիճակում և մթնոլորտում շատ բնական է չափորոշիչներ մշակող աշխատանքային խմբերում որոշ պատահական «մասնագետների» թափանցում-ընտրությունը, կամայական և հայեցողական վերաբերմունքը, ոչ պրոֆեսիոնալիզմը, օրիգինալ, աննախադեպ ու տարաշխարհիկ երևալու մարմաջը և իհարկե՝ ազգային բաղադրիչի մերժումը, նսեմացումն ու արհամարհումը: Այս վերջին տենդենցն արդեն շատ առարկայական է և անհերքելի:
Վերջին օրերին հանրային քննարկման առարկա են դարձել հատկապես Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ես և իմ հայրենիքը» «Հայոց լեզու» և «Գրականություն» բաժիններն, ինչը շատ բնական է: Հենց այս առակայախմբի տիրույթում է հիմնականում ձևավորվում ազգային դպրոցը և հենց այս առարկայախմբի չափորոշիչներում են աղետալի բացթողումներ, «վերաձևումներ» արձանագրվել: Բնական էին և գնահատելի մեր ակադեմիական շրջանակների՝ ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն ներկայացնող գիտական հանրույթի հրապարակային տեսակետներն ու եզրակացությունները:
Մի քանի անդրադարձ կատարեմ «Հայոց լեզու» և «Գրականություն» բաժիններին, թեև տարակուսելի է՝ արդյոք իմաստ ունի քննարկել օրենքի խախտումով մշակված մի փաստաթուղթ…
Նախ, գրականության և լեզվի ուսուցման նպատակ հետապնդող առարկայական չափորոշիչները և օրինակելի ծրագիրը շարադրված է այնպիսի ցածրորակ լեզվամտածողությամբ, քերականական և ոճական այնպիսի աղաղակող սխալներով, որ տպավորություն է, թե թարգմանական անհաջող ձեռնարկ է, խնդրին անտեղյակ, սիրողական մի խմբակի մտավարժանք: Իսկ փաստաթղթի սևագիր լինելու հեղինակների արդարացումը որքան անլուրջ է, նույնքան՝ ամոթալի…
Անհնար է հավատալ, որ հայ գրականության և մշակույթի երևելիներ Մաշտոցը, Ագաթանգեղոսը, Խորենացին, Բուզանդը, Եղիշեն, Նարեկացին և Քուչակը անփութաբար են մոռացվել:
Իսկ, այնուամենայնիվ, եթե մոռացվել են, այդ դեպքում, կարելի՞ է արդյոք չափորոշչի մշակում վստահել մի խմբի, որը մեր ինստիտուցիոնալ հիշողության կրողը չէ և մեր ինքնության մի քանի դարի ու դարաշրջանի վրայով կարող է այդպես չիմացյալ ցատկ կատարել: Մի՞թե կարիք կա հաստատելու, որ հանրակրթության շրջանակներում առանց վերոհիշյալ մեծությունների արժևորման անկարելի է ամբողջական հայ մարդ, անհատականություն, ազգային նկարագիր և աշխարհայացք ձևավորել: Ոչ, դուք մտածված եք աղքատացնում ձևավորվող անհատականության, հայ աշակերտի մտահորիզոնը, նեղացնում նրա ինքնության շրջանակը:
Հավանաբար հենց այս նպատակադրումով էլ ողջ ծրագրում ժամանակագրական և ժանրային խառնաշփոթ է, հեղինակների և թեմաների անտրամաբանական հաջորդականություն:
«Հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների հայոց լեզու ծրագիր» վերնագրի ներքո՝ հետագա շարադրանքում հայտնվում է Հանրակրթական դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսումնառության ՀԱՅԵՑԱԿԱՐԳ-ի (նախագիծը): Կամ պետք է զատել առարկաները, կամ՝ վերնագիրը փոխել:
Անհասկանալի է և անտրամաբանական, թե ինչու է իբրև միասնական առարկա դիտվում հայոց լեզուն և առհասարակ գրականությունը, ոչ թե՝ հայ գրականությունը:
«Հայոց լեզվի և գրականության ուսումնասիրության հիմնական նպատակը բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է», սահմանում է նախագիծը: Այս խիստ մակերեսային, սահմնափակ և նեղ մոտեցմամբ, առանց վարանելու կասեի՝ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ մոտեցումով է ներկայացվում լեզվի և գրականության ուսումնասիրության նպատակը, մինչդեռ լեզուն և գրականությունը աշխարհայացք են, մտածողություն, արժեքային համակարգ, աշխարհընկալում: Լեզուն ամենամեծ մշակույթն է, չկա լեզվից դուրս ոչինչ…
Նույնքան մակերեսային և խոցելի է գրական երկի ուսումնասիրության նպատակի սահմանումը: Նախ, իբրև առաջնային նպատակ շեշտված է երկի ենթիմաստի բացահայտումը: Իսկ հետո բախվում ես հետևյալ անհասկանալի, ոչ գրագետ շարադրանքին՝ «Տարբեր ոճերի տեքստերի մանրազնին ուսումնասիրումը կհանգեցնի գլխավոր նպատակադրման իրականացմանը, այն է՝ բանավոր և գրավոր խոսքի առկայություն, մշտական զարգացում և կատարելագործում»:
Հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարաններում հայոց լեզվի և գրականության ուսումնառության և ոչ մի փուլում հայ գրականությունն իբրև առանձին առարկա ներկայացված չէ: Ահա, այսպես է իրականացվում ազգային դպրոց ունենալու օրենքի պահանջը…
Հասկացություններում և ընդհանրապես ողջ տեքստում չկա ազգային արժեհամակարգ կամ ազգային ինքնություն հասկացությունը: Խնդիրն այն է, որ կոնցեպտուալ իմաստով պարզապես չկա այդպիսի նպատակադրում և խնդիր: Այս չափորոշիչը և ծրագիրը ուղղված են ազգային ինքնագիտակցության թույլ պատկանելությամբ աշխարհաքաղաքացու ձևավորմանը: Այս պատճառով է, որ տեքստում ոչ ինքնություն և ոչ էլ՝ մշակույթ հասկացությունների կողքին ազգային բնութագրիչը չի հանդիպում:
Ժամանակակից հայ գրականության ներկայացվածությանն ու գործերի ընտրությանը արդարացիորեն շատերն են անդրադարձել, քննադատել: Կարևոր մի բացթողումի մասին ևս չի կարելի լռել. ինչպե՞ս կարելի է կրթական ծրագրում չներառել xx դարը ներկայացնող սփյուռքահայ գրողների:
Արտասահմանյան գրականության անհասկանալի ընտրությունն ու մասնավորապես ռուս գրականության բացակայությունը երևի նույնպես անմեղ մոռացումի շարքում է:
Լեզվի և գրականության ծրագրից պարզ է դառնում, որ իբրև ուսուցման կազմակերպման մեթոդաբանություն ընտրվել է ամերիկացի մանկավարժ Բենջամին Բլումի աստիճանակարգում՝ «Բլումի տաքսոնոմիա» անունով հայտնի մեթոդը, որ մշակվել և գործադրվել է անցյալ դարի 1960-ականներին, ԱՄՆ-ում և ներկայումս գործադրման նեղ շրջանակ ունի:
Հ.Գ. Մտքերս շարադրում եմ և ավելի կարծրանում համոզումիս մեջ՝ հնարավո՞ր է արդյոք առաջարկություններով և դիտողություններով բարեփոխել մի փաստաթուղթ, որը մշակվել է հստակ հանձնառությամբ՝ խաթարել ազգային արժեհամակարգն ու թուլացնել մեր ինքնության իմացական հիմքերը: Իսկ որ բազմաթիվ գրանտային ծրագրերով, օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության և գրականության դասավանդման բովանդակության վրա, փաստ է:
https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/3179061642170428
Հերթական վայնասուն բարեփոխումների դեմ: Տասնամյակներ շարունակ կրթուտյան ոլորտը տնօրինում էր ՀՅԴ նախարարը: Այս պահի դրությամբ ունենք բոլոր տեսանկյուններից՝ ազգային, մասնագիտական, գեղագիտական և այլն ավերակ կրթական ոլորտ: Այսօր դուք բaրոյական իրավունք չուննք ձայն բարձրացնել, առավելևս քննադատել զերոյից մեկնարկող նշված ոլորտի բարեփոխման գործընթացները: