Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բեգոյան. «Մաշտոցի պուրակի ծառերը շատ կենսունակ էին, դրանք դարձել են անկենսունակ տեխնիկայի վնասելուց հետո ու քաղաքապետի գրչի հարվածով»

Օգոստոս 01,2020 17:26

«Մաշտոցի պուրակի ծառերը շատ կենսունակ էին, դրանք դարձել են անկենսունակ, երբ ծանր տեխնիկան դրանք վնասեց, եւ ապա քաղաքապետի գրչի մի հարվածով դարձան անկենսունակ»,-Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց  «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը: Դեռ գարնանը  ահազանգ էր եղել, որ Մաշտոցի պուրակի սկզբնամասում, որտեղ սրճարանի կառուցապատման շինարարություն է ընթանում, ծառեր են հատվում: Այդ ժամանակ պարոն Բեգոյանը դեռ ՀՈԱԿ-ի տնօրենն էր, եւ ավագանու մի քանի անդամների հետ այցելել են տարածք, կանգնեցրել շինարարությունն ու պարտադրել ծանր տեխնիկայով վնասած ծառերը վերականգնել:  Սակայն այսօր Մաշտոցի պուրակում հատված ծառերն էին արդեն բեռնում մեքենաները:

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այսօր հայտարարություն է  տարածել. «Մաշտոցի պուրակի սկզբնամասում բարեկարգվող սրճարանի սեփականատերը գրավոր պարտավորվել է հատված 4 թեղիների փոխարեն տարածքում տնկել 9 արեւելյան սոսի (չինարի): Հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին եւ ոչ կենսունակ: Տնտեսվարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո: Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ»:

Մաշտոցի պուրակի սկզբնամասում բարեկարգվող սրճարանի սեփականատերը ԳՐԱՎՈՐ պարտավորվել է հատված 4 թեղիների փոխարեն տարածքում…

Gepostet von «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» am Freitag, 31. Juli 2020

«ՀՈԱԿ-ի ո՞ր մասնագետների գնահատմամբ են որոշվել, որ ծառերն անառողջ ու ոչ կենսունակ էին: Որքան տեղյակ եմ, մասնագետների  մի զգալի մասը լքել է ՀՈԱԿ-ը: Այստեղ խնդիրը քաղաքապետինն է, նրա թույլտվությունից հետո այնտեղ աշխատել է ծանր տեխնիկա,  դրանցով ծառերի հիմքերը փորելուց հետո, այո, այդ թեղիները շատ ուժեղ վնասվել էին, մեքենան քշել էին ու ծառերի կեղեւը հեռացրել էին, փորել էին կովշով ու արմատները կտրել էին:  Հիմա՝ թեղիները անկեսունա՞կ էին, թե քաղաքապետի մեկ գրչի հարվածով դարձան անկեսունակ»,- ի պատասխան ՀՈԱԿ-ի հայտարարության ասաց պարոն Բեգոյանը:

Նա վստահեցրեց՝ թեղիները կենսունակ էին, գարնանն այդ տարածքը ստուգել էին. «Որովհետեւ այդ տարածքում շուրջ հիսուն արծաթափայլ եղեւնի ենք տնկել, մնացած թեղիները, որոնք հիմա են կտրել, մենք այդ վնասված ծառերի համար ասացինք հողալցրեք, մեր մասնագետը դեղերի անուններ տվեց, որպեսզի հետ բերեինք ծառերը: Եվ ստացվեց: Հիմա խնդիրն այն է, որ  որ ծառերը նորից կտրվել են, իսկ այդ «անկենսունակություն» գլուխգործոցը, որ հայտարարել են, եթե այդպիսի բան են գրել, իրենց ասեմ՝ ծառերն անկեսունակ են դարձրել, իհարկե, դրանիցից երկուսը, հինգ-վեց սոճի էլ, որոնք կարմիր գրքում են եւ շատ թանկարժեք, Երեւանի խորհրդանիշն է, նույնիսկ այդպիսի ծառի արմատներն էին բացվել: Եվ ես չեմ բացառում, որ մենք  եթե այնտեղ չհասնեինք, գուցե ծառերը հեռացնեին: Բայց մենք ամեն ինչ արեցինք վերականգնելու ամենը»:

Պարոն Բեգոյանը պատմեց, որ գարնանը, երբ ահազանգի հետքերով այցելել էին պուրակ, շինարարությունը դադարեցնելուց հետո, սեփականատիրոջը հրավիրել էին քաղաքապետարան, որտեղ նաեւ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության մասնագետներն էին ներկա, պարզել է, որ նշված տարածքում շինթույլտվության նախագծում ծառեր նշված չէին. «Ինձ ամենաշատը հետաքրքրում էր, թե  ինչպես կարելի է Մաշտոցի պուրակում թույլ տալ շինարարություն, որի համար այդքան պայքարել են, եւ հիմա ինչ են անում: Պարզվեց, շինթույլտվության տակ դրված էր մի քարտեզ, որտեղ ծառեր չկան: Ստացվում է, թե պուրակում ծառեր չկան: Լավ, ասենք տարիներ առաջ բացթողում է եղել, բայց ստորագրողը՝ քաղաքապետը, երբ  ստորագրում է մի փաստաթուղթ, որտեղ նշված է կանաչ տարածք չկա, բա պուրակ բառը բան չի հուշում, դու չգիտե՞ս, որ դա կանաչ տարածք է նշանակում,  որ դա Մաշտոցի պուրակն է: Հիմա երբ ՀՈԱԿ-ը նման հայտարարություն է անում, ուղղակի հրահանգել են լղոզել, իրենք էլ լղոզում են»:

Պարոն Բեգոյանն ասաց նաեւ, որ այն ժամանակ, երբ տարածքում շինարարությունն արգելեցին ու պարտադրեցին ծառերին ձեռք չտալ, նաեւ պայմանավորվեցին, որ  2 հատ արժեքավոր տեսակի ծառեր պետք է տնկեն, 5-6 տարեկանից բարձր, դրանք պետք է տնկվեին ՀՈԱԿ-ի ցուցումով եւ ընտրությամբ եւ այն տարածքում, որտեղ կլիներ ՀՈԱԿ-ը. «Բայց այդ ծառերը պետք է տնկվեին ոչ ի փոխարինումն նրա, որ պետք է հեռացնեին ծառերը, նման խոսք չի եղել, այլ մենք ասել էինք՝ նախագիծը պետք է փոխվի, ծառերը պետք է շրջանցել: Այն ժամանակ ծառերը կենսունակ էին եւ պետք է մնային»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31