Այս օրերին Թուրքիան եւ Ադրբեջանն այդ թվում Նախիջևանում ու Բաքվում համատեղ լայնածավալ զորավարժություններ են իրականացնում, որոնք կշարունակվեն նաեւ օգոստոսի առաջին տասնօրյակում: «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, թուրքագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ այս զորավարժությունները հերթականն են: «Բնույթով եւ ձեւաչափով դրանք չեն տարբերվում նախորդ տարիների վարժանքներից: Մասնավորապես, 2019թ.-ի համատեղ զորավարժություններում եւս Թուրքիան ներգրավվել էր իր ռազմաօդային ուժերով՝ ուղղաթիռներով, ինքնաթիռներով: Այս տարի էլ, ըստ էության, նույն ձեւաչափը պահպանվել է, ուստի զորավարժությունների անցկացման առնչությամբ որեւէ նորություն չկա»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Տարոն Հովհաննիսյանը:
Նրա բնորոշմամբ. «Այլ է հարցը, որ ադրբեջանական կողմից քարոզչական բաղադրիչն այս տարի ավելի լայն ծավալներ ունի: Ադրբեջանը զորավարժությունների փաստն իր հանրության շրջանում փորձում է օգտագործել բարոյահոգեբանական վիճակը բարելավելու եւ ցույց տալու համար, թե Թուրքիան իր կողքին է եւ վերջինիս հետ ինքն «անպարտելի» է…մյուս կողմից, փորձում են զորավարժությունների անցկացմամբ որոշակի հոգեբանական ճնշում գործադրել հայկական հողմի եւ հանրության վրա, ինչը, կարծում եմ, արդյունավետ չի ստացվում: Հուլիսյան գործողություններում Ադրբեջանն արձանագրեց լուրջ ձախողում: Լոկալ գործողությունների ընթացքում, կարող ենք ասել, Ադրբեջանը պարտություն կրեց, եւ այս պահին բարոյահոգեբանական խնդիրներն առկա են հենց Ադրբեջանի հասարակության շրջանում, ոչ թե Հայաստանում: Ադրբեջանի հասարակությունն ավելի խոցելի է, եւ դա դրսեւորվում է նաեւ հակահայկական քարոզչության եւ հակաիշխանական բնույթ ընդունած ցույցերի ձեւով: Ադրբեջանը քարոզչական դաշտում փորձում է այս զորավարժությունների անցկացումն ավելի վառ եւ պատկերավոր ներկայացնել, սակայն դրանում նորություն եւ տարբերություն չկա»:
Նշենք, որ այս զորավարժությունների առնչությամբ հայաստանյան փորձագիտական-քաղաքական շրջանակներում մտահոգություններ են հնչում, թե Թուրքիան կներխուժի Հայաստան. վկայակոչվում է Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման փաստը: Տարոն Հովհաննիսյանը նման համեմատություններն անհեթեթ եւ անթույլատրելի է որակում եւ ընդգծում. «Իրողությունները տարբեր են: Սիրիայի խնդիրն ու կարգավիճակն այլ է, Հայաստանի հետ կապված հարցերը՝ այլ: Համեմատության եզրեր, առհասարակ, չկան: Թուրքիան Սիրիայի տարածք մտավ առաջնահերթ այն պատրվակով, որ Սիրիայի իշխանությունը չի վերահսկում իրավիճակը, եւ քրդական «ահաբեկչական» կառույցներն են վտանգում Թուրքիայի անվտանգությունը: Պատրվակ էր նաեւ միլիոնավոր փախստականների հարցը: Այսինքն, պատճառներ կային, շահերի համընկնում, որոնք օգտագործելով՝ Թուրքիան կարողացավ ներխուժել Սիրիայի տարածք: Նույնը եւ Լիբիայի դեպքում: Իսկ ՀՀ-ի տարածք Թուրքիայի կողմից ներխուժումը գրեթե բացառված է, որովհետեւ այս տարածաշրջանում կարգավիճակն ու շահերն այլ են, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի եւ հենց Թուրքիայի շահերը: Այս հատվածում լայնածավալ պատերազմը ձեռնտու չէ վերջինիս՝ ռիսկերի հաշվարկման տեսանկյունից: Թուրքիան չի կարող ռիսկերի հաշվարկն իրականացնել այնպես, որ իրավիճակից շահած դուրս գա եւ ՀՀ-ի դեմ ուղիղ հարձակում իրականացնելու որոշում կայացնի: Դա կնշանակի ուղիղ ընդհարում եւ շահերի բախում՝ համաշխարհային եւ տարածաշրջանային այլ խաղացողների հետ, ինչին, կարծում եմ, Թուրքիան պատրաստ չէ: Այլ է հարցը, որ հայտարարությունների մակարդակում եւ ռազմատեխնիկական ոլորտում Թուրքիան միշտ օգնել եւ օգնում է Ադրբեջանին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Պարոն Հովհաննիսյան,որքան գիտեմ,1924Թ.Մոսկվայի պայմանագրով Նախիջևանի տարածք երրորդ պետության զորքերի մուտքը արգելված է և Ռուսաստանը որպես այդ պայմանագրի իրավահաջորդ պետք է Թուրքային թույլ չտար թեկուզ մեկ զինվոր մտցնելու նշված տարածք…