Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ լուրջ ու անհապաղ միջոցառումներ պետք է իրականացվեն Սևանա լճի փրկության համար․ «Ժամանակ»

Օգոստոս 01,2020 13:17

Սևանա լճի «կանաչելու» խնդիրը շարունակում է արդիական մնալ հանրային-փորձագիտական քննարկման դաշտում:

Շրջակա միջավայրի նախարարությունն օրերս հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, որ Սևանում կրկին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է արձանագրվել: Նախարարության տեղեկացմամբ՝ կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսն են:

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց բնապահպան-փաստաբան Նազելի Վարդանյանի հետ:

– Տիկին Վարդանյան, նախ կխնդրեմ անդրադառնաք լճի կանաչելու խնդրին: Ձեր դիտարկմամբ՝ ի վերջո, ո՞րն է այս պրոբլեմի հիմնական պատճառը, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Այս խնդիրը պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Նախ՝ ափամերձ տարածքները չեն պատրաստվել ջրի մակարդակի բարձրացման համար։ Պետք է նախօրոք կոճղահան արվեին ծառերն ու թփերը և մաքրվեին շինություններից այն տարածքները, որոնք ջրի մակարդակի բարձրացման արդյունքում մնալու էին ջրի տակ, սակայն դա չի արվել։ Երկրորդ՝ լճի մակարդակի ցածր լինելը. արևի շողերը թափանցում են լճի հատակ և խթանում են բուսականության աճին։ Երրորդ՝ ջրի բացթողումները գյուղատնտեսության և էներգետիկ նպատակներով։ Չորրորդը Սևան թափվող գետերի վրա ՀԷԿ-երի կառուցումն է, Սևանա լիճ թափվող ջրի քանակի և որակի փոփոխությունը։

Հինգերորդը կլիմայի փոփոխությունն է, տաք ձմեռ՝ լիճը չի սառցակալում, և շոգ ամառ, վեցերորդ՝ լճի աղտոտված լինելը։ Կոլեկտորի բացակայության պայմաններում շրջակա բոլոր համայնքների և կառույցների կոյուղաջրերը լցվում են Սևանա լիճ, բացի այդ, ափերը աղբակալված են, ինչը նույնպես բացասական ազդեցություն ունի ջրի որակի վրա։ Վերջապես, ձկների համար մեծ քանակությամբ արհեստական կերի օգտագործումն է։

Այս բոլոր հանգամանքները նպաստել են Սևանա լճում Անաբենա (Anabaena flos aquae) տեսակի ջրիմուռների արագ զարգացմանը և լճի ծաղկման ու ճահճացման պրոցեսներին։ Անաբենա ջրիմուռը միկրոցիստին է արտանետում: Միկրոցիստինը թույն է: Բնականաբար, նման ջուրը չենք կարող օգտագործել խմելու, ռեկրեացիայի, ոռոգման նպատակով, չենք կարող օգտագործել նաև Սևանա լճի ձկնային և խեցգետնային պաշարը: Այն կլանում է նաև թթվածինը, ինչով վնասում է լճի կենդանական աշխարհին։

– Ինչպե՞ս կգնահատեք մարզպետի վերոնշյալ այն հայտարարությունը, որ Սևանը պետք է մեզ համար լինի երկրորդ կարևորագույն ուղղությունը, և դրա խնդիրների լուծման համար շատ մեծ գումարներ պիտի ներդնենք: Եթե համաձայն եք այս մտքի հետ, ապա այս առումով ի՞նչ եք կարծում՝ արդյոք այսօր հենց այդպե՞ս է արվում:

– Լիովին համաձայն եմ, նույնիսկ կասեի, որ սա առաջին խնդիրն է, քանի որ եթե կորցնենք Սևանը, չի լինի Հայաստանը, և պաշտպանելու անհրաժեշտությունն էլ կվերանա։ Շատ լուրջ ու անհապաղ միջոցառումներ պետք է իրականացվեն Սևանա լճի փրկության համար, մասնավորապես վերացվեն այն գործոնները, որոնք բացասական ազդեցություն են ունենում Սևանա լճի վրա։ Բացի այդ, պետք է խստորեն արգելվի նոր գործոնների ի հայտ գալը, մասնավորապես, պետք է արգելվի Սևանա լիճ թափվող գետերի վրա նոր ՀԷԿ-երի կառուցումը, պետք է արգելել Ամուլսարի, ինչպես նաև նմանատիպ այլ ծրագրերը, որոնք կործանարար ազդեցություն կունենան Սևանա լճի համար։ Դեռ լիովին չի գիտակցվում Սևանա լճի կարևորությունը և դրա կորստի անդառնալիությունն ու հետևանքները մեր երկրի համար։

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31