Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հայտ են եկել տվյալներ 10 տարվա կտրվածքով 114 ապօրինի որդեգրված երեխայի մասին․ «Հայկական ժամանակ»

Օգոստոս 01,2020 11:15

«Երեխաների ապօրինի որդեգրումների թեման բավականին զգայուն է. այստեղ ահռելի աշխատանք է կատարվել, բայց առայժմ այն չի կարող ներկայացվել հանրությանը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց, որ եթե բացահայտումների մասին առաջին հաղորդագրություններում խոսվում էր 2 տարվա ընթացքում 30 երեխայի ապօրինի որդեգրման մասին, ապա որոշ ժամանակ անց ի հայտ եկան տվյալներ 10 տարվա կտրվածքով 114 ապօրինի որդեգրված երեխայի մասին: Սակայն Մարտիրոսյանի խոսքով, այս պահին այդ բոլոր գործերն իրավական տիրույթում են, եւ որեւէ մանրամասն հրապարակել առայժմ հնարավոր չէ:

Երեկ հայտնի դարձավ, որ 2018 թվականին Արմավիրի մարզի 28-ամյա մի բնակիչ, որ փաստացի ամուսնական կապի մեջ է գտնվել Գյումրու մի բնակչի հետ, վերջինիս ՌԴ-ում գտնվելու ընթացքում ծննդաբերել է աղջիկ երեխայի, ամուսնուն եւ սկեսրոջը խաբել, թե երեխան մահացել է, և իր մոր օգնությամբ 1.2 մլն դրամի դիմաց վաճառել երեխային Երեւանում բնակվող ամուսնական զույգի: Տեղեկանալով, որ թոռնուհին ողջ է եւ երեւանաբնակ զույգի մոտ է, նրանց էր զանգահարել սկեսուրը, պահանջել, որ վերադարձնեն երեխային: Զույգը համաձայնել էր, սակայն՝ 1.2 մլն դրամ գումարը ետ ստանալու պայմանով:

Հիմա ո՞ւմ պիտի տրվի վաճառված երեխայի խնամակալությունը՝ կենսաբանական տատիկի՞ն, հո՞րը, որ չգիտեր նրա գոյության մասին եւ աշխատում էր արտերկրում, գնող-որդեգրող զույգի՞ն, թե՞ մանկատանը. այս հարցին ի պատասխան Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ առանձին դեպքերի մասին խոսել չի կարող. «Սակայն սովորաբար նման պարագաներում (վատ բառ պիտի օգտագործեմ) գնորդի մոտ է մնում երեխան, որովհետեւ պատկերացնում եք, իհարկե, փոքրիկը 2 տարի արդեն մեծացել է այդ ընտանիքում, հիմա սկսվել է դատական գործընթաց, որ հայտնի չէ, թե որքան կտեւի, եւ հայտնի չէ, թե արդյունքում՝ ինչ կորոշվի: Երեխային կրկնակի սթրեսի չենթարկելու համար սովորաբար որոշվում է, որ նա շարունակի ապրել այդ ընտանիքում մինչեւ գործընթացի ավարտը»:

Սոնա Մարտիրոսյանն ընդգծեց, որ երեխաների ապօրինի որդեգրումների-վաճառքի արատավոր շղթան հիմնվել է անկախացումից ի վեր, եւ տասնամյակներ շարունակ գործել արդեն մշակված մեխանիզմներով: Ըստ այդմ, կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկայում կրկին ականատես կլինենք նման բացահայտումների, քանի որ որոշակի պահանջարկ-առաջարկ է եղել, կայուն գործարքների համակարգ եւ դրանք իներցիայով ընթանում են՝ մեր դիտարկմանը Մարտիրոսյանը լավատեսորեն հակադարձեց. «Ոչ, կարծում եմ՝ մարդիկ կխուսափեն, քանի որ արդեն իսկ տեսնում են, որ ինչ-որ օր արդարադատությունը հասնելու է իրենց»:

 

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31