Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Քեշիշյան․ Կրթության օրենքը մի մասով հիշեցնում է հռչակագիր, մյուս մասն էլ հիշեցնում է երթեւեկության կանոններ ու նշաններ․ «Ազգ»

Օգոստոս 01,2020 10:45

Մշակույթի, կրթության, դրանց դերի եւ ԿԳՄՍ նախարարության առաջարկած կրթական նախագծերի մասին զրուցել եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դպիր Արմեն Քեշիշյանի հետ:

– ԿԳՄՍ նախարարությունում կարծես, այսպես ասած, լավ աչքով չեն նայում հայագիտությանը, միտում տեսնո՞ւմ եք:

– Լավ օրենքներն անհրաժեշտ են, բայց օրենք պետք է գրե՛լ, այլ ոչ թե արտագրել, օրենքները պիտի նմանվեն դիպուկ կրակոցների, որոնցով գիշատիչները խոցոտվեն, փախչեն ու չմոտենան գառներին, պետք է նման լինի դեղերի, որոնցով բուժվում է հիվանդը, օրենք գրելը նոր շարժիչ նախագծելու կամ եղածը բարեփոխելու պես մի բան է: Չինական իմաստնությունն ասում է՝ որքան նվազում է բարոյականությունը, այնքան երկարում են օրենքները… Բայց «խելոքներն» ասում են՝ բարոյապես բարեփոխելը, ըմբռնումներն ու դիրքորոշումներ փոխելը շատ դժվար գործ է, դա շատ երկար ճանապարհ է, արի՛ օրենքի երկիր դառնանք… ով օրենքը խախտի, կաշին քերթենք, հրապարակում կախենք… մարդիկ կվախենան, կսկսեն կատարել օրենքը, հետո կվարժվեն, կընտելանան, կդառնա սովորական բան, եւ գրված օրենքներն աստիճանաբար կդառնան մտքում ու սրտում գրված սկզբունք ու համոզմունք….

Մի ուրիշ հանգամանք էլ կա. հաճախ այն մտածելակերպն ու ապրելակերպը, ինչը մատուցվում է որպես ամերիկյան ու եվրոպական, շատ քիչ կապ ունի իսկական ամերիկյանի ու եվրոպականի հետ: Կեղծ արեւմտյանի դեմ պայքարել պետք է ճշմարիտ արեւմտյանի մատուցմամբ, ընդ որում առանց իդեալականացնելու: Բանն այն է, որ երբ կռվարար տղային բռնցքամարտ են սովորեցնում, նա դառնում է ինքնավստահ ու շատ ավելի հանգիստ ու խաղաղասեր, քան առաջ: Այդպես էլ մենք պետք է տարածենք ճշմարիտ պատկերացումներ՝ Արեւմուտքի մասին, եւ այդ գործը չթողնենք սորոսական «իրավապաշտպաններին» ու վարձու լրագրողներին: Առհասարակ, հայերս ապրում ենք շատ մեկուսի ու անտեղյակ միջազգային կյանքից ու հոգսերից, խնդիրներից ու հարաբերություններից հեռացած, վերացած… Եվ դարձյալ հնչում է զգոն ու սթափ «հայրենասերի» խոսքը՝ ինձ միայն Հայաստանս է հետաքրքում, ինձ միայն ազգս է մտահոգում, մյուսների հետ գործ չունեմ…

Հաճախ էլ այն, ինչ ներկայացվում է որպես ավանդական հայկական, պարզապես մահմեդական դժնդակ լծի մնացորդն է մեր աշխարհընկալման, մտածելակերպի ու ապրելակերպի մեջ: Բոլոր դեպքերում, ավանդո՛ւյթն է մարդու համար, այլ ոչ թե մարդն ավանդույթի:

Մեր բոլոր օրենքներում, նաեւ «Կրթության մասին» օրենքում, կա ուժգին ձգտում՝ ամեն ինչ կշռելի, չափելի դարձնելու: Ջանում ենք օրենքներից դուրս մղել ողջախոհությունը, ամեն ինչ բանաձեւելու, կշռելի, չափելի դարձնելու անհնարին ու անմիտ գործին ենք լծվել: Սա յուրօրինակ վերածնունդն է մեխանիստական տեսության, որը վաղուց ծագել է Եվրոպայում եւ հենց Եվրոպայում էլ վաղուց հերքվել է ու մերժվել:

Մարդկային բազմակողմանի, բազմաշերտ հարաբերությունները հանգեցնելու իրավունքի ու պարտականության, կա միտում՝ մարդկային գործունեությունը, հարաբերությունները կանոնակարգելու սոսկ որպես իրավունքի իրացում եւ պարտականության կատարում: Մարդկային հարաբերությունները շատ ավելի բարդ են ու բազմաշերտ են, քան ամենամանրամասն պայմանագիրը կամ օրենսգիրքը:

– Որեւէ կերպ կարելի՞ է արդարացնել հայոց լեզվի` բուհերից դուրսմղումը:

– «Կրթության մասին» օրենքում չի երեւում ամենակարեւոր մարդը կրթության ոլորտում՝ ուսուցիչն ու դասախոսը: Կրթության օրենքը մի մասով՝ ավելի շուտ հիշեցնում է հռչակագիր, մյուս մասն էլ հիշեցնում է երթեւեկության կանոններ ու նշաններ: Մինչդեռ պետք էր կարգավորվեին հարաբերությունների խրթին մասերը, ենթադրյալ ու հավանական խնդրահարույց իրադրությունները, այլ կերպ ասած՝ խաչմերուկները, այլ ոչ այն, թե ինչպես պետք է վարել ավտոմեքենան ուղիղ ու ազատ ճանապարհով… Կարելի է բարեփոխումներ առաջարկել՝ այս հոդվածի մեջ այս բառն ավելացնել, այն հոդվածի մեջ այդ բառը փոխարինել այսինչ բառով. ցավոք, առանցքն է ծուռ, մեր իրականությունից ու մեր խնդիրներից, մեր մշակույթից օտարված է:

Ոչ բավարար չափով տեսական է, որ տեսություն կոչվի, ոչ էլ բավարար չափով առարկայական է, որ ուղեցույց կոչվի: Անհասկանալի է մնում նաեւ այն, թե գործնական մասը ընդհանուր, հռչակագրային դրութների իրականացման հետ ի՞նչ կապ ունի: Այն, ինչ հռչակվում է սկզբում՝ ընդհանուր դրութներում, դրան հաջորդող օրենքներն ինչո՛վ եւ ինչպե՛ս են իրականացնում, կյանքի կոչում դրանք:

Ամեն ինչ թվացյալ չափելի ու կշռելի դարձնելով՝ ընդգծված է գլխավոր միտումը՝ ուսուցչի ու դասախոսի դերի նվազեցումը, իբր թե իդեալականն այն է, երբ ուսուցիչներն ու դասախոսները կլինեն սոսկ գիտելիքներ արտաբերող ու սխալներ ուղղող խելացի ռոբոտներ:

Դասախոսը՝ ուսանողներին, ուսուցիչը՝ աշակերտներին միայն գիտելիք չի հաղորդում, առավել եւս՝ գիտելիքները միայն բառերով չի հաղորդում, այլ նաեւ դեմքի արտահայտությամբ, հայացքով, շեշտադրությամբ, ընդ որում այն, ինչ հաղորդվում է առանց բառերի, բառերի արանքում, նույնպե՛ս գիտելիք է, բայց յուրահատուկ՝ բարոյական, փիլիսոփայական գիտելիք է՝ կրթված մարդու կենսափորձի, նշանակալից անձի ընդհանրացված դիրքորշումն է կյանքի նկատմամբ: Գիտելիքը միայն բանաձեւերը եւ սահմանումները չեն, նկարագրություններ չեն, միայն տեղանուններ, անձնանուններ, տարեթվեր չեն:

Վատ է այն դասախոսը, որը միայն դատողություններ արտաբերող մեքենա է. իզուր չեն ասում՝ այս համալսարանի պատերն անգամ կրթող, դաստիարակող ներուժ ունեն:

Այսօր կա դասախոսների մակարդակի անկում եւ պայմանականորեն ասած՝ ռոբոտացում. թերուս դասախոսները փորձում են «ճշգրիտ գիտելիքներ բարբառողի», կեղծ «ինտելեկտուալի» կերպարի հետեւում թաքնվել եւ թաքցնել իրենց գրագիտության պակասը: Դասախոսը դառնում է բեմական կերպար, ինչպես, ասենք, այսօրվա քաղաքական, պետական գործիչները:

Նախադրյալներն ու բարենպաստ գործոններն ինքնին չեն ստեղծում լավ արդյունք: Տարածքի, շինանյութերի, շաղախի, տեխնիկայի, բանվորների ու ինժեներների առկայություն դեռ չի նշանակում նպատակահարմար ու ամուր շինություն: Այդ ամենը պե՛տք է, բայց բավարար չէ: Հարուստ բառապաշար, քերականության լավ իմացությունն ինքնին չի ենթադրում խորաթափանցություն, դիտողականություն եւ համապատասխանաբար բովանդակալից մտքերի ձեւակերպում: Լավ օրենքներն ինքնին չեն ապահովում արդարադատություն, քանի որ արդարադատությունն ավելին է, քան սոսկ օրենքի կիրառումը:

 

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31