Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական ցուցանիշները։
Համաձայն պաշտոնական վիճակագրության, հունվար-հունիս ամիսներին, այսինքն տարվա առաջին կիսամյակում, Հայաստանի տնտեսական ակտիվության անկումը կազմել է 4,7 տոկոս: Նկատի ունենալով, որ գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ, ապա վեց ամիսներին ցուցանիշները առավել ընդգրկուն են ներկայացնում տնտեսական ցուցանիշները: Սակայն ընդգրկուն դեռ չի նշանակում օբյեկտիվ, եւ խոսքը այստեղ հատկապես գյուղատնտեսության ցուցանիշներին է վերաբերում:
Վերջին տարիներին գյուղատնտեսությունը գտնվում է անկման մեջ: 2018 թ.-ի առաջին ամիսներին այն աճի նշաններ ցույց տվեց, բայց «թավշյա հեղափոխության» բացասական հետեւանքները այն կրկին թաղեցին շատ ավելի խորը ճգնաժամի մեջ: Ոլորտն այս վիճակից դուրս բերելու ուղղությամբ գործնական քայլեր ներկայիս կառավարությունը չի իրականացնում: Ավելին, դադարեցվեցին գյուղացիներին վառելիքով, պարարտանյութով սուբսիդավորման, սերմացուների տրամադրման նախորդ իշխանության ծրագրերը եւ փակվեց գյուղատնտեեսության նախարարությունը: Եվ այս ամենից հետո, վիճակագրական կոմիտեն «հանկարծ» գյուղատնտեսության մեջ այս տարվա առաջին վեց ամիսներին «ֆեյք» (կեղծ)՝ 1,7 տոկոս աճ է ցույց տալիս: Սա այն դեպքում, երբ այս տարվա բերքն էապես ավելի քիչ է, քան նախորդ տարվանը՝ մոտ կրկնակի ավելի քիչ է արտահանվել, իսկ Հայաստանում էլ միրգն ու բանջարեղենը շատ ավելի թանկ գներով են վաճառվում, քան անցյալ տարի այս ժամանակահատվածում: Այսինքն, ակնառու են գյուղատնտեսությունում անկում ցույց տվող միտումները, որոնք վիճկոմի հնարքով վերածվում են աճի: Նպատակը նույնն էՙ հնարավորինս ցածր տնտեսական անկում «ստանալ»:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, մյուս ճյուղերից արդյունաբերությունում արձանագրվել է 1,5 տոկոս աճ: Դա տեղի է ունեցել բացառապես հանքարդյունաբերության շնորհիվ: Սակայն արդյունաբերությունում աճի տեմպն աստիճանաբար նվազում է:
Կարդացեք նաև
Շինարարությունում ամենամեծ անկումն է՝ 23,4 տոկոս: Սա այն ոլորտն է, որտեղ վարչապետ Փաշինյանը անցյալ տարվա սկզբին «բում» էր խոստանում:
Հիշեցնենք, որ այս տարվա համար կառավարությունը կանխատեսել է 2 տոկոս տնտեսական անկում: Տարվա առաջին կիսամյակում այն արդեն 4,7 տոկոս է: Ակնհայտ է, որ անկման անգամ ներկայիս տեմպի պահպանման դեպքում տարեկան տնտեսական անկման ցուցանիշը կգտնվի առնվազն 8-10 տոկոսի սահմաններում, դժբախտաբար:
Մանուկ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջութամբ՝ «Ազգ» թերթի այս համարում