Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սարկիսով․ «Ես դիմել էի ադրբեջանական եւ հայկական սփյուռքին՝ կոչ անելով նպաստել Մոսկվայում անկարգությունների դադարեցմանը, եւ դրանում, ի թիվս այլ գործոնների, դեր խաղաց նաեւ իմ դիմումը»․ «Ազգ»

Օգոստոս 01,2020 10:10

«Ազգի» բացառիկ հարցազրույցը Սերգեյ Սարկիսովի հետ

– Հարգարժան պարոն Սարկիսով, վերջերս Մոսկվայում հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բախումների առնչությամբ դուք հանդես եկաք հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով փոխհատուցելու հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասները: Ձեր հայտարարությունից ի վեր աշխարհասփյուռ հայության կողմից համացանցը բառացիորեն ողողված է բուռն քննարկումներով, կարծիքներով եւ գնահատականներով, եւ արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ այդ գնահատականների գերակշիռ մասը բացասական է, եւ, փաստորեն, ձեր արարքը հայ հանրության կողմից չի խրախուսվում:

Ձեր մեկնաբանությունը:

– Այո, տեղյակ եմ հայ հանրության կողմից համացանցում շրջանառվող քննարկումներին եւ գնահատականներին, եւ շատ կցանկանայի հուսալ, որ իմ ընտանիքի հոգու խորքից անկեղծորեն բխած խնդրո առարկա մարդասիրական քայլի վերաբերյալ բացասաբար արտահայտվողների մեծ մասը այն մարդիկ են, ովքեր պարզապես մինչեւ վերջ չեն ընթերցել կոչը, այլ սահմանափակվել են միայն լրատվական գործակալությունների կողմից մատուցված հայտարարության վերնագրերին հպանցիկ հայացք նետելով՝ «Սարկիսովների ընտանիքը կփոխհատուցի Մոսկվայում ադրբեջանական բիզնեսին հասցված վնասները», «Միլիարդատեր Սարկիսովը պատրաստ է փոխհատուցել ադրբեջանցիներին», եւ այլն:

Մինչդեռ իմ կոչի իմաստը շատ հստակ է. մեր ընտանիքը ստանձնում է պատասխանատվություն փոխհատուցել այն վնասը, եթե հասցվել է, ադրբեջանցի գործարարներին հայերի կողմից, որոնք մոլորության մեջ հայտնվելով՝ համարում են, որ իսկական տղամարդը նա է, ով ավելի բարձր է գոռում կամ փշրում ապակին։ Հիշեցնեմ, որ տղամարդը նա է, ով, նայելով աչքերի մեջ, հետ է մղում իրեն կամ իր ընտանիքին վիրավորած անձին։ Նա է, ով պաշտպանում է իր հայրենիքը ոչ թե օտար, այլ իր նախահայրերի հողում։ Եվ ըստ այդմ ասում եմ. պարոնայք, ձեզ պահեք տղամարդկանց պես, այլ ոչ թե խուլիգանների, չի կարելի կոտրել ափսեներն այն օջախի, որը ձեզ հյուրընկալել է, կամ, ինչպես հայերս ենք սիրում ասել՝ մի պղտորիր այն առուն, որից ջուր ես խմել, չի կարելի Հայրենիքի սահմաններից դուրս անկարգություններ հրահրել, Հայրենիքը պետք է պաշտպանել նախնիների հողի վրա, Հայրենիքի սահմանին, մենք եկել ենք Ռուսաստան ստեղծելու եւ արարելու, այլ ոչ թե ոչնչացնելու…

Մի՞թե մարդկային այս փաստարկները բանական մարդու մեջ կարող են ժխտողականության եւ քննադատության արժանանալ կամ դժգոհություն առաջացնել: Կարծում եմ, որ՝ ոչ:

– Նման որոշում կայացնելիս դուք եւ ձեր մտերիմները մտավախություն չունեի՞ք դեպքերի այսօրինակ զարգացումների, սպասելի չէ՞ր, որ ձեր քայլը կարժանանա ամենատարբեր պիտակավորումների:

– Ես գիտեմ, որ դեռ վաղնջական ժամանակներից մինչեւ օրս հայ ժողովրդի մշտական եւ անփոփոխ ուղեկիցներից են կառուցող, արարող, շենացնող, ստեղծագործ, տաղանդավոր եւ բազում այլ պատվաբեր բնորոշումները, եւ հանգամանքների բերումով աշխարհի որ ծայրում էլ ապաստան է գտել հայ մարդը՝ արարել եւ շենացրել է՝ հաճույք եւ ուրախություն պատճառելով ոչ միայն իր ընտանիքին եւ հարազատներին, այլ նաեւ տվյալ երկրի մարդկանց, իր շրջապատին, լայն հանրությանը: Այսպիսին է հայի խաչը, եւ ես չեմ հավատում, որ հայը, իմ իմացած պարկեշտ, առաքինի եւ ինչպես մեզանում է ընդունված ասել՝ պատվի մեռած հայը, երբեւէ կարող է որեւէ անարդար եւ խղճին դեմ քայլ կատարել, վնասել, ջարդուփշուր անել, ավերել:

Ոչ, դա մերը չէ: Եվ այս իմաստով, պատասխանելով ձեր հարցին, թե մտավախություն չե՞մ ունեցել, որ իմ դիմումը կարժանանա ամենատարբեր պիտակավորումների, ասեմ, որ այո, ես հասկանում էի, որ իրենց ազգային պատկանելության հարգը չիմացողներն ու չգնահատողները, ժողովրդական լեզվով ասած՝ «բարբարոսները», ինձ չեն հասկանա, բայց ես դիմում էի նորմալ մարդկանց, բիզնեսի եւ մտավորականության ներկայացուցիչներին, եւ ստացված բազմաթիվ դրական արձագանքներից ելնելով կարող եմ ասել, որ այդ մարդիկ ինձ ճիշտ հասկացան: Եվ, հավատացեք, եթե անկարգությունները չդադարեին, եւ իրադարձությունների զարգացումը միանգամայն այլ ընթացք ստանար, ապա հայերի համար, այն նորմալ մարդկանց համար, ովքեր աշխատում եւ սովորում են այստեղ, միգուցե Ռուսաստանում ապրելը դժվարանար եւ ավելի վտանգավոր դառնար:

– Ձեր հայտարարությամբ դուք դիմել էիք նաեւ հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին՝ կոչ անելով հրաժարվել բռնությունից ու կանգնեցնել նրանց, ովքեր, արտասահմանում գտնվելով, անկարգություններ են սադրում:

Այս առնչությամբ որեւէ արձագանք ստացե՞լ եք:

– Այո, շատերն ինձ շնորհակալություն հայտնեցին, գրեցին, որ «վաղուց էր պետք այդ ամենի մասին բարձրաձայնել»: Եվ ինչպես տեսաք, առաջին օրերի թշնամանքի ալիքը մարեց, սադրանքները դադարեցին, եւ դրանում, ի թիվս այլ գործոնների, կարծում եմ, դեր խաղաց նաեւ իմ դիմումը, ինչի համար ուրախ եմ: Իսկ ես դիմել էի ադրբեջանական եւ հայկական սփյուռքին՝ կոչ անելով նպաստել Մոսկվայում անկարգությունների դադարեցմանը, նշել էի, որ ամաչում եմ այն մարդկանց համար, որոնք բարբարոսական գործողություններ են կատարել նացիոնալիզմի ֆոնին՝ ծեծելով կամ սպանելով մարդկանց պարզապես այն պատճառով, որ նրանք ունեն ուրիշ ազգություն։ Երկու ժողովուրդների ներկայացուցիչներին կոչ էի արել կանգնեցնելու նրանց, ովքեր Ռուսաստանի սահմաններից դուրս հրահրում են իրենց հայրենակիցներին կատարել ծայրահեղական քայլեր եւ բռնություն այստեղ՝ Ռուսաստանում, քանզի դա ապերախտության եւ անհարգալից վերաբերմունքի անընդունելի դրսեւորում է տեղացիների՝ տանտերերի նկատմամբ, հորդորել էի անմիտ եւ չմտածված քայլերով չխայտառակել սեփական ժողովուրդներին եւ նախնիներին։

Ես վստահ եմ, որ ադրբեջանցի մտավորականներն ու գործարարները եւս համաձայն են ինձ հետ, ինչի արտահայտությունները վերջին օրերին հասանելի դարձան նաեւ համացանցում:

– Տեղյա՞կ եք, ադրբեջանական համայնքի կողմից ինչպե՞ս է ընդունվել ձեր հայտարարությունը: Ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչների կողմից եղե՞լ է պատրաստակամությունՙ ընդունելու ձեր աջակցությունը:

– Ես չեմ շփվել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է նրանց, ում բիզնեսները տուժել են հայտնի իրադարձություններից, ապա արձագանքները տարբեր էին. ոմանք համաձայն էին, ոմանք վախենում էին իրենց հայրենակիցների բացասական արձագանքից: Մարդիկ տարբեր են …

Ես եւ եղբայրս ծնվել ու մեծացել ենք Մոսկվայում։ Ես շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ, որոնք հրաշալի մարդիկ են, եւ որոնց հետ ընկերությունն ինձ համար թանկ է։

 

Գոհար ԲՈՏՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31