Այս օրերին ընթացող Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժություններն առնչվում են ոչ միայն երկու երկրների հարաբերություններին եւ Հայաստանին հասցեագրված ուղերձներին, այլեւ տարածաշրջանի այլ խաղացողների, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Իրանի շահերին, որոնց վերաբերյալ «Առավոտ»-ը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ:
– Պարոն Վարդանյան, եթե փորձենք հերթական զորավարժությունների փաստին մի փոքր ավելի լայն դիտանկյունից նայել, ապա ձեր գնահատմամբ՝ դրանք բացառապես ռազմավարական գործընկերությա՞ն շրջանակում են տեղավորվում, թե բխում են, օրինակ, Թուրքիայի հետապնդած տարածաշրջանային կարեւոր նպատակներից:
– Նախ, տնտեսական տեսանկյունից գաղտնիք չէ, որ Կասպից ծովի ածխաջրածնային գրեթե բոլոր ռեսուրսներն անցնում են Թուրքիայի տարածքով։ Այս առումով Հարավային Կովկասը, բացի ռազմավարական նշանակությունից, Թուրքիայի համար ունի նաեւ ֆինանսական հոսքեր ապահովող կարեւորություն։ Որոշ տեսակետների համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է ոչ թե որպես իր ռազմավարական գործընկեր, այլ որպես համաշխարհային էներգետիկ կենտրոնում իր կցորդ, եկամուտներ ապահովող կենսատարածք։ Այս տեսակետը հաստատող կողմնակի ցուցիչ է նաեւ այն, որ Արդբեջանում երբեմն-երբեմն շրջանառության մեջ են դրվում մի շարք էթնիկ-քաղաքական գաղափարախոսություններով հագեցած այնպիսի թեզեր, որոնց հեղինակներն անգամ պահանջում են Թուրքիայի հետ մեկ միացյալ պետական կազմավորման ստեղծումը եւ այլն։ Իհարկե, ինչքան էլ նման տեսակետները անիրական լինեն եւ առասպելական թվան, բայց եւ այնպես, դրանց առկայությունն Անկարային հնարավորություն է տալիս նման հայեցակարգերի շուրջ միավորել Ադրբեջանի որոշ կուսակցությունների եւ քաղաքական ղեկավարության վրա ճնշումներ գործադրելով՝ տնտեսական մեծ օգուտներ ստանալ։
– Տավուշյան վերջին սրացման հետեւանքներն ակնհայտ էին Ադրբեջանի եւ Թուրքիայի հասարակական եւ քաղաքական գործընթացներում, երբ բազմամարդ ցույցերում եւ պաշտոնյաների հայտարարություններում թիրախավորվել էին ոչ միայն հայկական կողմը, այլեւ Իրանն ու Ռուսաստանը: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ արդյունք է սա եւ ի՞նչ նպատակ է հետապնդում:
Կարդացեք նաև
– Ինչպես հայտնի է, հուլիսյան մարտերին զուգահեռ Ադրբեջանի պանթյուրքիստական կամ թուրքամետ կուսակցությունները Բաքվի կենտրոնում բազմահազարանոց ցույցերի ընթացքում պատերազմական կոչեր հնչեցնելուն զուգահեռ նաեւ Թուրքիայի դրոշներն էին բարձրացրել եւ հակահայկական կոչերի հետ մեկտեղ՝ հակաիրանական ու հակառուսական կարգախոսներով տարածաշրջանային երկրների նկատմամբ թշնամություն էին հրահրում, ինչի հետեւանքը մինչեւ այժմ տեսնում ենք երկրագնդի տարբեր կետերում: Ինչեւէ, պետք է շեշտել, որ այս քաղաքական գիծը ճիշտ այն ուղղությունն է, որի ձեւավորման համար Թուրքիան տարիներով կապիտալ է ներդրել եւ որի համար նաեւ վերջին ամիսներին, չնայած ոչ ուղղակի, բայց «միջնորդավորված» անձամբ Իլհամ Ալիեւի կողմից քննադատության է արժանացել։ Մասնավորապես, 2020 թգի հունիսին Ալիեւը իր ելույթներից մեկի ժամանակ առաջին անգամ պատմական մակարդակում խիստ տոնով քննադատության գրոհի ենթարկեց «Ժողովրդավարական ճակատ» ու «Մուսավաթ» կուսակցություններին՝ իրենց ղեկավարներով։ Աշխարհաքաղաքական ուժերի տեսանկյունից դիտարկելով այս ամենը՝ պետք է նշել, որ Թուրքիայի նմանատիպ քաղաքականությունն այս տարածաշրջանում իր էությամբ ինչքան որ հակահայական է, այնքան էլ հակաիրանական ու հակառուսական, ինչը չափազանց հետաքրքիր հնարավորություն է տալիս՝ ՌԴ-ՀՀ-ԻԻՀ բավականին արդյունավետ առանցք ձեւավորելու համար։
– Ալիեւի նշյալ քննադատությանը զուգահեռ՝ թուրք-ադրբեջանական եղբայրությունը փաստ է, հետեւաբար, ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի նշյալ մոտեցումը տարածաշրջանային համատեքստում:
– Այո, չնայած վերը թվարկած հակասություններին, Թուրքիայի ու Ադբեջանի համագործակցությունը էլ ավելի սերտորեն է շարունակվում, քանի որ տարածաշրջանային ներկա իրողությունները ստիպում են, որպեսզի Թուրքիան փորձի իր հնարավորությունների սահմաններում ուժեղացնել Ադրբեջանին՝ նրան տրամադրելով տարատեսակ օգնություն՝ սկսած զինատեսակներից, մարդկային ռեսուրսից, խորհրդատվությունից, վերջացրած տեղեկատվական եւ քարոզչական տիրույթով: Թուրքիայի այս գործելակերպը, իմ կարծիքով, ունի մի քանի պատճառ։ Առաջին. նման մեթոդաբանությամբ փորձ է կատարվում տարածաշրջանում սեփական ազդեցությանը մեծացնել եւ Ադրբեջանի էներգակիրների հաշվին այս հարցում նույնպես փորձել մրցակցել Ռուսաստանի հետ: Երկրորդ. Թուրքիան նպատակ ունի Երեւանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա գտնվող Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում վերջնականապես եւ ազդեցիկ կերպով հաստատվել, ունենալ լուրջ ռազմաբազա, որով բացի Հայաստանից, կկարողանա սպառնալ ինչպես Իրանի իսլամական հանրապետությանը, այնպես էլ Հայաստանի միջոցով՝ Ռուսաստանին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.07.2020