Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախանձություն չկա իմ մեջ այնպես, ինչպես մարդը թռչունի թեւ չունի»

Օգոստոս 01,2020 13:00

Հարցազրույց բուժման նպատակով Ֆրանսիայում բնակվող բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ

– Այսօր, երբ մենք զրուցում ենք,  ֆրանսիացիները նշում են Բաստիլի գրավման օրը: Ինչպե՞ս են տոնում ֆրանսիացիներն իրենց ազգային տոները:

– Ամեն շաբաթ երեկո, երբ հաջորդ օրը աշխատանքային չէ, կարծես տոն է: Ամեն գույնի ջահելները գինի են խմում, երգում են փողոցում, մետրոյում եւ այլուր: Պետական տոների օրերին սովորաբար քաղաքային իշխանությունները ինչ-որ միջոցառում են ձեռնարկում, եւ փողոցները լեփ-լեցուն են, սակայն պատուհանները միշտ «լուռ» են: Անցնում ես բազմաբնակարան շենքի կողքով եւ չես զգում բնակեցվա՞ծ է, թե՝ ոչ: Ուրիշ կերպ ասած՝ տոնի նկատմամբ չկա անհատական վերաբերմունք, ամեն ինչ մեքենայացված է: Իսկ մենք սովոր ենք եկեղեցի գնալ, երբ սիրտդ եւ հոգիդ քեզ տանում են… Քրիստոնեությունից բարեգործության ինստիտուտը պետության եւ քաղաքացու գիտակցության մեջ ընդգծված գոյություն ունի, ապաշխարելունը՝ պետք է նայել ժնեւյան կոնվենցիայի մարդու իրավունքների համապատասխան հոդվածները:

– Արդյոք հետեւո՞ւմ ես հայաստանյան անցուդարձին:

– Եթե նկատի ունես քաղաքական անցուդարձը, ես այդ ամենից շատ հեռու մարդ եմ, սակայն իբրեւ հայ ես այսօր էլ այս մոլորակում առավելապես այդտե՛ղ եմ, բա էլ ուրիշ ո՞ւր պիտի լինեի: Իրողությունները, որ այսօր կան՝ պատմական են եւ անշրջելի: Չի կրկնվի, ինչը եղել է: Մենք հասել էինք եզրին… Ժողովուրդները Աստծո կամքով են ստեղծվում եւ հենց այնպես չեն կարող վերանալ պատմության թատերաբեմից: Այս անգամ էլ գործեց տեսակը պահպանելու բնազդը, որ Երկինքն է դնում մարդու մեջ: Անկախ նրանից՝ դա հեղափոխություն էր, թե իշխանափոխություն. պղտորված գետը մի կետից պետք է սկսեր զուլալվել: Ես համարում եմ, որ տասնութ թվականի «թավշյա, ոչ բռնի», կամ ինչպես որ անվանում են՝ իրողությունը ներքին հեղափոխություն էր, որով մենք հրաժեշտ տվեցինք հետխորհրդային մտածողությանը: Հիմք դրվեց ոչ թե նոր Հայաստանի, այլ նոր աշխարհըմբռնման, եւ դա Փաշինյանի մեծ վաստակն էր: Ինչպես այդ օրերին մեր գրողներից մեկը նկատեց. «Նիկոլը դրեց իր արձանը»: Ես կարծում եմ, որ նա դրանով սպառեց իր պատմական առաքելությունը: Բանաստեղծ պետք է լինել անելու այն անկարելին, որ նա արեց, սակայն բանաստեղծները (կայացած թե ոչ) նորմալ, սովորական ըմբռնման գիտակցություն չունեն (ես դա իմ օրինակով գիտեմ): Բավական է միայն նայել, թե ում է հավաքել շուրջբոլորը: Նա պետք է հեռանա՝ հետը տանելով պարող փոքրիկ Արփիին, «մշակութասեր», գիտության եւ կրթության, առողջապահության, կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած նախարարներին, ինչ-որ անհասկանալի պաշտոն վարող պարետին, SAS-ի արտակներին ինդուլգենցիա բաժանող-վաճառող, ժայռերի ծերպերին (հանկարծ չընկնի) զինվորական շորերով կեցվածքներ ընդունող տիկնոջը եւ ազգային ժողովի բրեժնեւյան ոգով քվեարկող այդ 89 «անդեմ աներձագներին»: Ես իբրեւ հայ մարդ ամաչում եմ այդ պատկերից: Մի՞թե որեւէ Ալեն Սիմոնյան առավել մխիթարական է, քան Գալուստ «ոսկեբերանը» (նա գոնե զվարճացնում էր): Կաշառք չե՞ն վերցնում (դա էլ է հարաբերական), ազնի՞վ են, ի՞նչ անենք: Ինչպես Վանո Սիրադեղյանն էր մեր քաղաքապետներից մեկի մասին ասում. «քյարփինջն էլ է ազնիվ»: Բարձրագույն ազնվություն է, երբ մարդը զարդարում է պաշտոնը եւ ոչ հակառակը: Փաշինյանն այսօր սպառել է իր անելիքը: Պատմությունը այդպիսի օրինակներ գիտի. Դը Գոլը, Չերչիլը եւ այլք: Այսօր թող հեռանա, որ վաղը, եթե իր կարիքը պատմականորեն զգացվի, կարողանա վերադառնալ: Այսօր ուրիշ մարդիկ պիտի գան. հայ ազգի արգանդը ամուլ չէ: «Ո՞վ» հարցին դեռ երեկ պատասխան չկար: Այսօրվա վարչապետն էլ երեկ դեռ «Նիկոլ» էր: Այսօր Փաշինյանը դեռ նախկինների դեմ կուտակված ժողովրդական ատելության ալիքի կատարին է: Չկա տնտեսություն, չկա ոչ մի ծրագիր եւ շահերի բարեկամ պետություն: Երկրի ներսում էլ բոլորի հետ հարաբերություններ է փչացնում՝ չհասկանալով, որ միայն «քայլած» այդ ամորֆ զանգվածի շեֆը չէ, այլ երկրի վարչապետը: Հաջորդ քայլը չպատկերացնող մարդու տպավորություն է թողնում:

– Ո՞րն է քո կյանքում ամենաերջանիկ ժամանակահատվածը:

– Երջանիկ մարդիկ բանաստեղծություն չեն գրում, որովհետեւ նրանց ընկալմամբ աշխարհը կատարյալ է: Ամենաերջանիկ ժամանակը՝ երբ ծնողներս, եղբայրս ապրում էին, եւ եթե չլիներ հույսը, որ մի օր երկնքում հանդիպելու եմ մորս, ես այսօր կնախընտրեի մեռնել: Ասում եմ՝ կենդանի օրինակներով գիտենալով, որ երբեմն երկնքի «ականջները բաց» են, եւ թե ինչ մոգական ուժ ունի խոսքը: Նոր էր հրատարակվել գիրքս, եւ «Հրապարակ»-ի խմբագրատանը Գայանե Բաբայանը հարցազրույց էր ձայնագրում: Ինչ-որ չէր ստացվում: Գայանեն անտրամադիր էր: Պատահում է, երբ ոչ շատ մտերիմի մոտ մարդն անկեղծանում է: Նա խոսում էր իր դժվար կյանքից ու հանկարծ ասաց. «Հոգնել եմ, չես պատկերացնում՝ ինչպես եմ ուզում մեր Տերն իջնի երկնքից ու ինձ տանի»: Որոշեցինք հարցազրույցը շարունակել հաջորդ օրը: Սրճարանում էի, երեսուն րոպե էլ չէր անցել, լսվեց բոթը՝ Գայանեն ավտովթարի զոհ էր դարձել:

– Ճի՞շտ ես համարում, որ գրողը ամեն ինչի մասին պետք է գրի:

– Գրողը ամեն ինչի մասին պետք է կարդա: Արվեստագետի ստեղծագործական լաբորատորիան անհատական է: Ոչ մեկը չի կարող ասել, թե ինչի մասին, կամ ինչպես պետք է գրի: Գեղարվեստը կարող է ի հայտ գալ իբրեւ ժամանակի ձայն, ինքնապահպանության բնազդ, քաղաքակրթության լլկող իրականության ճահճից ձերբազատվելու ճիգ: Խորենացու «Ողբ»-ից մինչեւ Չարենցի «Մահվան տեսիլ»-ը ժամանակի զարկերակի վրա խաչվող ցավն է: Վերջերս կարդացի «Կորոնավիրուս» վերնագրով մի երկարաշունչ եւ «այժմեական» բանաստեղծություն… Խնդիրը վերնագիրը չէր: Ես այդ հեղինակից նաեւ հավանած գործեր ունեմ: Ուղղակի բանաստեղծությունը թույլ էր: Ավելի լիրիկական ներփակված պոետ, քան Տերյանը, գուցե չկա, բայց «Երկիր Նաիրի» շարքը, հոդվածները… Ստ. Զորյանը հանգիստ նստած ստեղծագործում էր, երբ մի քանի կիլոմետր այն կողմ նահատակվում էին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսները: Ստեղծագործությունն ու ստեղծագործողը ուրիշ տրամաբանական օրենքների ծիրում են գործում, եւ որքան մեծ է անհատականությունը, այնքան առանձին է այն համակարգը, որի ներքո պիտի քննել խնդիրը: Անկախ շոշափած նյութից՝ ստեղծագործությունը ներկայացնում է հայրենիքը եւ այդ հայրենիքում երջանիկ կամ դժբախտ քաղաքացուն: Մի խնդիր եւս. վերջերս հայ գրականության դասագրքեր կազմելու կապակցությամբ քննարկվում էր ընթացիկ գրականության մեկ լավագույն օրինակի եւ դասականի թույլ, երկրորդական ստեղծագործության խնդիրը: Քննարկողները չէին գիտակցում, որ մեծ արվեստագետի նույնիսկ թույլ գործը ստեղծագործության ընդհանուր պատկերում կարող է ունենալ իր բացահայտող կարեւորագույն տեղը:

– Անատոլի, Սիրադեղյանը մի անգամ նկատել է. «Խամացել եմ մշակույթի մասին խոսել», իսկ դո՞ւ…

– Վերջին տասը տարում ես շատ էլ ակտիվ ընթերցող չեմ, եւ դա ինձ բարդույթավորում է: Լավ է, որ մինչ այդ կարծես հաղթահարել էի կրիտիկական սահմանը, որից հետո թվում է՝ մեկ գիրք ավել կամ պակաս, շատ բան չի փոխում, բայց այդպես միայն թվում է: Վերջերս կարդացի Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը»: Առաջին զգացողությունը այն էր, որ լավ էր՝ չմեռա, այդ գիրքը կարդացի: Չնայած վրան եղած մարկեսյան շաղին՝ հանճարեղ գիրք է: Առաջին տպավորությունը, որ մեր սերնդի ոչ մի հայ մարդ այդպիսի գիրք չի գրելու:

– Ինչպե՞ս ես պատկերացնում քո վերադարձը Հայաստան:

– Մի բանաստեղծություն ունեմ, որ հարցիդ ճշգրիտ պատասխանն է: Թույլ կտա՞ս արտասանեմ. «Վերադառնում եմ՝ մտովի, Եվ փողոցներն ու սրճարանները, Անծանոթներն ու բարեկամներս Դիմավորում են՝ Համր կինոյի հերոսների Զարմանքից ծռմռված բերաններով: Նրանց պարզված թեւերը Վաղուց չված թռչուններ են… Երազի այդ թալանված թանգարանում Ես թափառում եմ, Իբրեւ խելագարված ուրվական, Խարխափող կույր ստվեր, Որ փնտրում, չի գտնում տիրոջը… »:

– Անատոլի, ո՞րն է ստեղծագործական ամբիցիայի չափը եւ ի՞նչ նշանակություն ունի արվեստագետի կայացման գործում:

– Առանց ստեղծագործական ամբիցիայի չկա արվեստագետ, սակայն ամբիցիայի չափը պետք է համազոր լինի տաղանդի չափին, հակառակ դեպքում… Հակառակ օրինակները աչքի առաջ են… Հիշենք Աշուղ Շիրինի եւ Ջիվանու փոխհարաբերությունները: «Աստծուն Ասպատուր չասող» Եղիշե Չարենցը իր փոթորկահույզ, հակասական կյանքի ողջ ընթացքում Թումանյանին վերաբերվեց մեծագույն պատկառանքով: Շատերը գիտեն, թե ինչ աննպաստ կարծիք ուներ Փափազը Խորեն Աբրահամյանի մասին: Մի անգամ մեծ դերասանին ասացի. – Վարպե՛տ, իմ կարծիքով, Ձեր սերնդի լավագույն դերը Դուք եք խաղացել: Իմիջիայլոց հարցրեց՝ «Սարոյան եղբայրնե՞րը»: Պատասխանեցի՝ ոչ: – Բա ո՞րը,- նայեց զարմացած ու հետաքրքրված: Ասացի՝ «Կորիոլանը» (այդ տարիներին Երեւանում անցկացվում էին շեքսպիրյան փառատոներ): Ասացի, որ վրացիների աշխարհը ցնցած «Ռիչարդ III»-ը ոչինչ է «Կորիոլանի» համեմատ: Փնչաց գոհունակությամբ, հետո դադար տվեց ու հարցրեց. – Քանի՞ անգամ ես դիտել: – Երեւի՝ մի տասը, – ու ավելացրի, – եթե Փափազյանը այդպես է խաղացել, ուրեմն ես գիտեմ, թե ինչ ասել է հանճարեղ խաղ: Խորեն Աբրահամյանը մի պահ լռեց եւ ասաց. – Գիտես՝ ինչ-որ չափով շնորհքով արվեստագետի, տաղանդավոր արվեստագետի պարագայում «Կորիոլան» մեկ անգամ կարող է լինել, իսկ Փափազը այդպես խաղում էր, երբ ուզեր …

– Ինչի՞ մասին ես գրում: Փոխվե՞լ ես դու, քո աշխարհընկալումը:

– Աշխարհընկալումը չի փոխվում, կարող է ժամանակի ընթացքում բյուրեղանալ: Ինձ պաշարած հիվանդությունները ուղեղս աչքաթող են արել, դա էլ մի ուրիշ պատիժ է: Ժամանակի ընթացքում մարդը կամաց-կամաց կորցնում է տեսողությունը եւ շարունակում է «տեսնել» սիրելիի դիմագծերն առանց կնճիռների: Սա էլ Աստծո ստեղծած ներդաշնակության դրսեւորումներից է: Ես դուրս եմ մնացել այս տրամաբանությունից, գուցե նաեւ այն պատճառով, որ ստեղծագործող մարդը, ինչպես դու ես սիրում ասել, «տարբերվող է»: Երբեմն նայում եմ «շատերի միջից այն քչերին», որ ժամանակի ընթացքում մնացել են կողքիս, եւ մտածում եմ, որ դա էր Աստծո տվածը: Մնացածը պատրանք էր հաճախ, փոքրոգիորեն իմ ստեղծածը, որ հնարավոր լիներ ապրել… Չեմ գրում, երեւի կուտակումների շրջան է, միշտ էլ մեծ ընդհատումներով եմ գրել: Ուղղակի այս անգամ չգիտեմ կտեսնե՞մ գրելու ժամանակը: Խմբագրում եմ Շուշան Ղազարյանի նոր գիրքը: Այն, ինչ անում է Շուշանը, գրականություն չէ, որովհետեւ գրականության հետապնդած նպատակը այլ է, սակայն ո՞վ կարող է ասել, որ իտալական վերածննդի վարպետների իրողությունը բացառում էր Դյուրերի «Ապոկալիպսիս» հանճարեղ շարքը: Շատ եմ գնահաում Շուշանին, եթե նույնիսկ հաճախ չեմ կիսում նրա քաղաքական հայացքները:

– Դու պոեզիայի հետ քո «հաշիվները» ավարտե՞լ ես, էլ չե՞ս գրում:

– Ես երբեք այդ առումով «հաշիվ» չեմ ունեցել: Յուրաքանչյուր բանաստեղծություն ինձ թվացել է վերջինը, չնայած Զահրատը ասում է, որ բանաստեղծը դատարկ ալյուրի պարկի է նման, որքան թափ տաս՝ ալյուր կթափվի: Գրելը ինձ երբեւէ հաճույք, կայֆ չի պատճառել, դա իմ համար վիճակից դուրս պրծնելու ճանապարհ է եղել: Ես ինքս իմ մասին շատ բարձր չեմ մտածել: Երբեք, երբեք ոչինչ էլ չեմ մտածել: Այլ խնդիր է, որ իբրեւ ընթերցող՝ խստապահանջ եմ եւ քիչ բան եմ հավանում: Սա հիմք է տվել շատերին կարծելու, որ մեծամիտ եմ: Ինձ ուղղակի առաջնորդել է սերն առ գրականություն: Նախանձություն չկա իմ մեջ այնպես, ինչպես մարդը թռչունի թեւ չունի: Ուրիշի գտած տողով կարող եմ երջանիկ լինել: Վերջին տարիներին մտածում եմ. դե եթե չեմ տառապում գրողական դաշտը ողողած հիվանդություններով, ուրեմն գուցե ինչ-որ բան արժե՞մ: Լիրիկական պոետը առավելագույնս երկու գիրք է: Ես գրել եմ իմ երկու գիրքը, արել եմ, ինչ կարող էի …

Հարցազրույցը վարեց

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31