Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեպի պատմության նորանուն Բաբաջանյան

Օգոստոս 01,2020 12:00

Նյութիս հերոսը մի երիտասարդ է, ում մասնագիտության ընտրության հարցը նույնքան հետաքրքիր է, ինչքան իր անձն ու ներաշխարհը։

Արմատներով Գետաշենից է Մովսես Բաբաջանյանը, եւ ինչպես ինքն է ասում` յուրաքանչյուր գետաշենցի  փափագում է հետ վերադարձնի իր պապական հողերը։ 2007-ին իր ուժերը փորձեց որպես դաշնակահար, սակայն զգաց, որ իրենը չէ։ Դրանից հետո կլարնետի դասընթացների հաճախեց ու սկսեց խորանալ փողային գործիքների աշխարհում, որին  մեծապես նպաստել է մանկավարժ եւ ավագ ընկեր Արմեն Սահակյանը, ում երախտապարտ է Մովսեսը։ Նա չի սահմանափակվել կլարնետով։ Կլարնետի հետ նվագել է նաեւ սաքսոֆոն։

Բավական հետաքրքիր նպատակ էր դրել իր առաջ, որ  ապագայում լինի հայ ազգի պատմության 3-րդ Բաբաջանյանը (զինվորական Համազասպ Բաբաջանյանից, ով նրա ազգակիցն է, ու երաժիշտ Առնո Բաբաջանյանից հետո)։

2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո նա որոշեց, որ պետք է ընտրի զինվորական դիրիժորի մասնագիտությունը։ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այդ  բաժինը 2015 թվականին փակվել էր ու  միայն 2016 թվականին  բացվեց։ Ցավալի է, որ այսօր էլ այդ բաժինը փակ է։

Մովսեսն այս օրերին պետք է համալրեր մեր բանակի շարքերը, սակայն առողջական որոշ խնդիրների պատճառով հետաձգվեց երիտասարդի համար անչափ սպասված ծառայությունը։ Նա դեռ չի դադարում իր մեջ նոր գաղափարներ որոնել ու իր հետագա ծառայության հետ կապված ծրագրեր է մշակում։

«Ցանկանում եմ Ազգ-Բանակ կապն ամրապնդող օղակ լինի հենց նվագախումբը։  Ուզում եմ, որ փողային համերգներն այգիներում հնչեն,  ինչպես ժամանակին է եղել, կազմակերպվեն  դիմակահանդեսներ կամ ուղղակի պարահանդեսներ, իսկ  մենք լինենք դրա կազմակերպիչն ու կատարողը»,- ասում է Մովսես Բաբաջանյանը։ Ցանկանում է ծառայության մեջ նվագախմբի դերը բարձրացնել, ու դրան զուգահեռ գրվեն եւ հնչեն  նոր ստեղծագործություններ։

Մովսեսն օրեր առաջ ավարտեց  Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Ավարտական դիպլոմային աշխատանքը, որը  գործիքավորում էր, նա որպես նյութ ընտրել էր Առնո Բաբաջանյանի «Էլեգիան» ու իր  հերթին նվիրել էր Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին ու, որ ամենակարեւորն է` հաղթանակը կերտած մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին։ Հարկ եմ համարում նշել, որ Մովսես Բաբաջանյանը տարբեր տարիների մասնակցել է համերգների եւ իր փայլուն կատարումներով զարդարել է բեմերը։

Ոգեշնչման աղբյուրների պակաս չուներ ուսումնառության առաջին տարիներից, եւ հիմա էլ փաստում է, որ էլ ավելի է խորացել ու հասկացել, որ իրականում զինվորական դիրիժորությունը մեծ աշխարհ է։

Ոգեշնչման աղբյուրներից մեկը, ով նաեւ Մովսեսի ամենասիրելիներից էր`  որպես զինվորական  դիրիժոր,  Ռուսաստանի գլխավոր զին. դիրիժոր Վալերի Խալիլովն էր։ Նրա  կյանքն ու գործունեությունը ոգեշնչեց Մովսեսին, որ հաստատ որոշեց այս  մասնագիտության մեջ խորանալ եւ կայանալ։

«Զինվորական դիրիժորությունն ու առհասարակ զինվորական նվագախումբը կոնկրետ ինձ համար մեծ նշանակություն ունի։ Այն յուրատեսակ արվեստ է»,- մեր զրույցի ընթացքում ասել է Մովսեսը։

Դիրիժորության «նահապետ» Յուրի Դավթյանի մոտ է ուսում ստացել Մովսեսն ու մեծ ցավ է ապրում, որ սիրելի վարպետն այսօր ֆիզիկապես բացակայում է։ Մովսեսն անկեղծանում է, որ լավագույնների օրինակին հետեւում է։ Այդ լավագույններից է ՀՀ գլխավոր զինվորական դիրիժոր Արմեն Պողոսյանը, ումից շատ բան է սովորել։

Մովսեսը շատ է ցանկանում, որ մշտական խաղաղություն հաստատվի եւ միայն  մեր զինվորների դեմքը փայլի, ինչպես հիմա է։ Նրա կերպարի մեջ խտացված է  զինվորականի եւ դիրիժորի, մարդու եւ հայրենապաշտի, տաղանդավորի եւ պոզիտիվի ամենամաքուր գծերը, որոնցով վաղը կկերտի իր նվիրական նպատակն ու կասենք` կեցցե՛ հայ զինվորական դիրիժորը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Արցախ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31