Պետական անվտանգության հարցերը որեւէ երկրում չեն դրվում ո՛չ հանրաքվեի, ո՛չ էլ հանրային քննարկման: Դրանք վճռվում եւ որոշումները կայացվում են պետության էլիտաների կոնսենսուսի միջոցով՝ Խորհրդարան, Անվտանգության խորհուրդ եւ այլն (նայած՝ ո՛ր երկրում դրա համար ի՛նչ կառույցներ են նախատեսված): Առավել եւս հանրային քննարկման ենթակա չեն պետական անվտանգության միջուկը հանդիսացող հոգեւոր անվտանգության հարցերը:
Ցանկացած գիտության մարդ կվկայի, որ ո՛չ սիզիփոսյան աշխատանքի սկիզբը խնդրի ճանաչումն ու ձեւակերպումն է: Որո՞նք են մեր 30-ամյա պետության խնդիրները (չշփոթել հիմնախնդիր անվանվող մարտահրավերների հետ): Իհարկե, ամբոխահաճորեն եւ ալարկոտ կարելի է ասել, որ դրանք ձեւակերպված են Սահմանադրության մեջ, ու գլուխն ազատել: Այդ դեպքում, ինչո՞ւ է մեզանում ամեն ղեկավար ձեռնարկել հենց սահմանադրությա՛ն փոփոխություններ: Կնշանակի՝ կա անբավարարվածություն. եւ միայն առաջին հայացքից է այդ անբավարարվածությունը դետալների կամ լեգիտիմության պատճառով: Իրականում այն հենց խնդրի առաջադրման եւ ձեւակերպման ճգնաժամից է: Եվ այդ ճգնաժամը նոր չէ մեզանում. այն սկիզբ է առնում դեռեւս աշխարհի ամենաառաջին սահմանադրությունից՝ մեր «Նոր տետրակ, որ կոչի հորդորակից», որ նախորդել էր ամերիկյանին 15 տարով: Մադրասյան խմբակի այդ սահմանադրությունից մինչեւ հայ առաջին քաղաքական կազմակերպությունների յուրօրինակ սահմանադրությունները՝ ծրագրերը, Հայաստանի 1995թ. Սահմանադրությունից մինչեւ «արժանապատիվ ապագա», «բարգավաճ Հայաստան», «ազատ եւ երջանիկ Հայաստան» կարգախոսները չեն բավարարել հայության շատ շերտերի, քանի որ հայ փիլիսոփայական ու գեղարվեստական մտքի կողմից վերջին հարյուրամյակների ընթացքում գոնե մոտավոր սահմանված չեն եղել՝ շփման ընդհանուր տիրույթ ապահովելով, ռենեսանս չեն ապրել՝ վերասահմանվելով, հիերարխիկ սանդղակում դասդասված չեն եղել, հայ մարդու համար կենսական անհրաժեշտության չեն հասցվել հենց «ազատ» ու «անկախ», «արժանապատվություն» ու «բարգավաճ», «լուսավոր» ու «երջանիկ»… արժեքները, սերմանված չի եղել դրանց հանդեպ «ոգու սովի» զգացողությունը, այն բավարարելու պահանջը: Իսկ այն, ինչն առ այսօր հաջողված եզակի փորձ եղավ սահմանելու ազգային իղձերն ու սկզբունքները՝ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության Հռչակագիրը, աստիճանաբար խամրեց արցախյան պատերազմի կրակների ու մեր ազգային հոգեւոր երկվության բեռան տակ՝ արժեքային աստիճանակարգման ու համակարգման ենթարկվելու, հարազատելու ու հավատո հանգանակ դառնալու փոխարեն:
Ամենից երկար՝ 2008-2018թթ. ապրած կարգախոսը՝ «Ազատ, անկախ Հայաստան», դժվարացավ ապրել, քանի որ Միքայել Նալբանդյանից հետո Ազատություն արժեքը էվոլյուցիա չէր ապրել, մինչդեռ նույնիսկ հարաբերականորեն կոնստանտ արժեքները, եթե անընդհատ զարգացման ընթացքի մեջ չեն լինում ու զգայելի չեն դառնում, ապա կարծրանում ու ձեւականության են վերածվում: Եթե սրան հավելենք խորհրդային շրջանում երկաթե վարագույրի եւ միակ-գաղափարախոսական մամլիչների տակ Ազատության արժեքի ճզմումն ու բացառապես ազգային գոյապահպանական երանգով մեր դարավոր բնազդային ընկալումը, ապա պարզ կդառնա, որ անհուսորեն հետ ենք ընկել մարդկային մտքի ու հոգու համաշխարհային ձեռքբերումներից, եւ տիտանական ջանքեր ու աներեւակայելի խոյանք են պետք ինչ-որ բան փրկելու, վերստին ինքնագտնվելու համար:
2018-ին փորձ արվեց փոխարինել կարգախոսի «անկախ»-ը՝ ձեռք չտալով «անվնաս» ու միայն որպես բառ գոյող «ազատ»-ին: «Անկախ»-ը մե՛կ դարձավ «արդար», մե՛կ՝ «երջանիկ»՝ դարձյալ առանց բովանդակության: «Երջանիկն» ու «արդարը» ամեն մեկը հասկացավ յուրովի ու ելավ «հեղափոխության», իսկ երբ եկավ դրանք բովանդակությամբ նյութականացնելու ժամանակը, երեւաց մեր ընկալումների բացառապես անհատական լինելը, ու խռովեցինք միմյանցից, խռովեցինք աշխարհից ու ինքներս մեզնից, լցվեցինք կասկածներով ու չարությամբ:
Կարդացեք նաև
Թե ինչո՛ւ պետք է սլաքն ուղղվեր «անկախ»-ին, հասկանալի է յուրաքանչյուր բանական հայի. թեեւ հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ երբ 2008-ին դժվարությամբ ու մեծ հաջողությամբ վերաշրջանառեցինք հայրիկյանական այդ գեղեցիկ կարգախոսը, դարձյալ այն «պարապ էր ու անձեւ», անհատական էր ու վայրիվերո, քանի որ Անկախության արժեքի վերասահմանումներ էին եղել աշխարհում այն պահից ի վեր, երբ հնչակյանները 1888-ին առաջին անգամ Անկախությունն օգտագործեցին իրենց ծրագրում: Արժեքային այդ չհամակարգվածությունն ու վերասահմանված չլինելը, մանավանդ՝ հոգեւոր ակունքներից կտրելն են հիմնական պատճառները, որ մի կողմից՝ փորձ է արվում խուսափել «անկախություն» բառից, իսկ մյուս կողմից՝ այն 21-րդ դարում մեզանում ընկալվում է բացառապես ռուսական ռազմաբազան վռնդելու մարգինալացող մանտրայով: Մենք, ինչպես ամեն բան, ընկալում ենք միայն ծայրահեղությունների մեջ՝ սեւ եւ սպիտակ: Ու երբ հայտնվում ենք ծայրահեղ վիճակներում, միայն այդ դեպքում ենք լուծումներ գտնում՝ մեր ծայրահեղականությանը համապատասխան – կա՛մ աներեւակայելի հաղթանակ ենք տանում Սարդարապատում ու Շուշիում, կա՛մ դարձյալ աներեւակայելի բռնում ենք գաղթի ճամփան Դեր-Զոր կամ Մոսկվա-Լոս:
Սրանց արանքում կորսվում է բնականոնը՝ կառուցողականը, խաղաղը: Արտաքին հարաբերություններում մտքի տեղաշարժ, կարծես թե, կա. եւ մեր երկրի վարչապետը շատ դիպուկ արձանագրում է, որ Ռուսաստանի դաշնակիցը Քոչարյանը, Սարգսյանը, Փաշինյանը… չեն, այլ Հայաստանի ժողովուրդը, որը ճիշտ այնքան է, ինչքան Ռուսաստանում պաշտոնապես գրանցված թմրամոլները եւ պաշտոնապես հաշվառված մարմնավաճառները: Բայց չէ՞ որ դա ամենեւին չի նշանակում, թե մեր դաշնակիցը հենց թմրամոլներն ու մարմնավաճառներն են:
Սրան հակառակ՝ ներքին կյանքում մենք դեռ անկյունադարձ չենք էլ փորձում կատարել, քանի որ խնդիրը ձեւակերպված չէ: Այդ հիմնական պատճառով էլ մեր ամեն նախաձեռնություն դատապարտված է ձախողման: Եվ այդ ձախողման մեջ ամենեւին էլ առաջին պատասխանատուն ներքին կյանքի ոլորտների ղեկավարների անփորձությունը կամ տհասությունը չէ: Մենք ուզում ենք բարելավել, ասենք, գրականության դրվածքը դպրոցում՝ առանց հստակ ձեւակերպելու, թե Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ է ակնկալում դպրոցից, ի՞նչ ելքային տվյալներով, ի՞նչ չափաբաժիններով: Չէ՞ որ անհնար է, որ որեւէ հաստատություն ապահովի 100 տոկոսանոց բարեկիրթ, 100 տոկոսանոց արդի գիտելիքների կրող, 100 տոկոսանոց էսթետ, 100 տոկոսանոց պատրիոտ, 100 տոկոսանոց հումանիստ, 100 տոկոսանոց ազատ, 100 տոկոսանոց ավանդապաշտ… «իդեալական» շրջանավարտ: Այդ 100-ն ընդամենը մե՛կն է, եւ անհրաժեշտ է նախ՝ սահմանել մեր իդեալները, ապա՝ աստիճանակարգել ու, ըստ այդմ, տեղավորել միակ 100-ի մեջ: Միայն դրանից հետո է, որ հնարավոր է հասկանալ, ասենք, Չարենցը պե՞տք է այդ ելքային տվյալներն ապահովելու համար, եւ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի՞ն» է պետք, թե՞ նույն հանճարի՝ որոշ հայհոյախառն, բայց դարձյալ բարձրակարգ քերթվածները: Իսկ հիմա անկանոն խառնել ենք կրթական ու միջավայրի չափորոշիչներ, առարկայական ծրագրեր, մեթոդներ ու մեթոդիկա եւ էլի հազար ու մի բան, եւ հետեւանքը նույնն է, ինչ այսօրվա բազմախառն ու սրտխառնուք առաջացնող «հայկական» երգը, որ ոչ մի կապ չունի ո՛չ հայկականության, ո՛չ էլ ընդհանրապես երգի հետ:
Սրանց մի մասն, իրոք, հանրային քննարկման նյութ է, գուցեեւ՝ հանրաքվեի, բայց մի մասն էլ բացառապես գիտակարգերի պրոֆեսիոնալների, ուսուցիչների, հոգեբան եւ մանկավարժ գիտնականների համատեղ որոշելիքն է: Իսկ ո՞վ է ընտրում նրանց, ի՞նչ սանդղակով: Նաեւ՝ չէ՞ որ այսօր հանրային քննարկման չի դրվում, թե ուզում եք՝ երեխան կրթություն ստանա՞, թե՞ ոչ. ընտրելու իրավունք ունեն միայն կրթօջախը, բայց ոչ երբեք կրթություն ստանալ-չստանալը: Չէ՞ որ այսօր հանրային լսումների չի դրվում, թե մարդասպանին դատել պե՞տք է, թե՞ ոչ. ընտրել կարող են միայն դատապաշտպանին, նույնիսկ՝ դատավորին, բայց ո՛չ դատել-չդատելը: Եվ ամեն ոլորտում է մեր մտային այս քաոսը շարունակվում. քաոս չլինելու դեպքում՝ չէր լինի նաեւ դիմորդների միանգամայն արդարացի ընդվզումը:
Խնդիրն է, որ ընկալված չէ, խնդիրն է, որ առաջադրված չէ: Ցավոք: Դա՛ է հիմնական պատճառը, որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու համար առյուծի բաժինը հասել է գավառամտորեն ընկալված ու հնարավորինս լլկված, Ազատության որեւէ հայտնի ըմբռնման հետ որեւէ աղերս չունեցող «ազատությանը»: Ժողովրդական իմաստնությունն ասում է. «Էշի խրտնածը ձիուց արագ է վազում»: Չարժե ո՛չ հայտնի կենդանին լինել, ո՛չ էլ խրտնածությունն է լավ բան, մանավանդ որ վազքի ճամփան էլ չի սկսվում Գյումրիից ու չի ավարտվում Երեւանում: Եվ եթե պատկերացնում ենք Հայաստան պետության ու հայության առաքելություն-դերակատարումն աշխարհում եւ մեր տարածաշրջանում, իրոք սթափվել է պետք. դատարկ տարածքներ չե՛ն լինում, մանավանդ որ այն լցնելու պատրաստակամություն հայտնածները հասել են մեր քթի տակ՝ այնտեղ, ուր Նոյն առաջին անգամ որթատունկի բերքը ճաշակեց:
Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ
«Առավոտ» օրաթերթ
31.07.2020