Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել Իլհամ Ալիեւի՝ Նիկոլ Փաշինյանի 7 առաջարկները մերժող հայտարարությունից հետո. Վահրամ Աթանեսյան

Հուլիս 31,2020 21:21

«Մենք շատ բախտորոշ փուլ ենք մտել եւ անպատասխանատու անփութություն կլինի, եթե ԼՂ կարգավորման հարցում չհասնենք միասնական-կոնսենսուսային հայեցակարգի եւ չկենտրոնանանք այդ օրակարգն իրացնելու վրա: Սա ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Նիկոլ Փաշինյանի հարցը չէ: Սա պետության ապագայի հարցն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանն՝ անդրադառնալով Տավուշում, Ադրբեջանի սադրանքից հետո առաջացած իրավիճակին եւ կողմերից հնչող հայտարարություններին:

Հուլիսի 23-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 7 կետ նշեց, որոնք հստակեցնում էին հայկական կողմի դիրքորոշումները՝ սահմանային լարվածության, ԼՂՀ հարցի բանակցային գործընթացի մասով: Դրանցից մեկն էլ վերաբերվում էր Արցախի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների ուղիղ բանակցություններին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր, Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը տված հարցազրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած 7 պայմաններից եւ ոչ մեկը Բաքվի համար ընդունելի չեն: Արցախի հանրապետության ներկայացուցիչների հետ բանակցություն վարելու մասին Իլհամ Ալիեւն ասել է. «Դա անհնար է: Բազմիցս ենք այդ մասին հայտարարել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի… Եթե Հայաստանը խիզախություն ունի, թող ճանաչի ԼՂՀ-ն»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ բանակցությունները, փաստորեն, կրկին փակուղում են եւ հարցին՝ այս իրավիճակում ո՞րը պետք է լինի պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, Վահրամ Աթանեսյանը պատասխանեց. «Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրն օրերս ասաց, որ աշնան սկզբին նախատեսվում է 3+2 ձեւաչափով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ, հանդիպում, եթե երկու երկրների հարաբերությունները եւ կորոնովիրուսով պայմանավորված իրավիճակը նման հնարավորություն ընձեռեն: Ռուսաստանի ԱԳՆ, արդեն պաշտոնական տեղեկատվությունն ասում է, որ Մոսկվան շարունակում է հայ-ադրբեջանական երկխոսության վերսկսմանն ուղղված ջանքերը: Սրանք, թեև նկատելիորեն անորոշ, բայց, համենայնդեպս, ազդակներ են, որ խաղաղ կարգավորման «պատուհանը լիովին փակված» չէ:

Պետք է ուշադրություն դարձնել, որ թեեւ արտաքուստ կոշտ, իրականում Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունը որոշակի առումով տարբերվում էր մինչ տավուշյան սրացումը հնչեցրածներից: Ալիեւն արդեն չի խոսում Երեւանի, Սյունիքի «պատմական թյուրքական հող լինելու» մասին: Հայկական բանակի հարվածն, անկասկած, սթափեցնող է: Ալիեւն ասել է, որ աչք չունեն ուրիշի տարածքի վրա, բայց «իրենցն» էլ չեն տա: Միաժամանակ, նա հերքել է, թե երբեւէ քննարկել է Լեռնային Ղարաբաղին անկախություն շնորհելու հարցը: Դա նման է սեփական հանրության առջեւ արդարանալու փորձի: Բայց կարեւորն այն է, որ, նա ըստ էության, անուղղակիորեն հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը բանակցային գործընթացի մի փուլում քննարկվել է: Եւ դա՝ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում»:

Այս հանրագումարում, մեր զրուցակիցը, պաշտոնական Երեւանի դիրքորոշման մասով, առաջարկում է առաջին հայացքից արտառոց թվացող գաղափար. «Քանի դեռ բանակցությունները վերսկսված չեն, ներհայկական համաձայնություն պիտի կայանա, թե ինչպե՞ս է պատկերվում հայկական պետականության ապագան առհասարակ: Գեներալների խնդիրն է՝ միշտ պատրաստ լինել պատերազմի: Քաղաքական գործիչները պարտավոր են արժանապատիվ խաղաղություն բերել երկրին եւ ժողովրդին: Եւ, եթե կարողանանք հասնել ազգային համաձայնության, ապա բանակցությունների կգնանք, կարծում եմ, այս կոնցեպցիայով՝ եթե Ադրբեջանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ չի սկսում նրա հետ քննարկել պատերազմի հետեւանքների վերացման հետ կապված հարցեր, ապա Հայաստանը հռչակագրում է Արցախի իրավական միավորումը եւ անցնում Ադրբեջանի հետ սահմանազատման շուրջ բանակցությունների: Սա իրացնելի սցենար է, եթե, երկրորդեմ՝ մենք գանք ներազգային համաձայնության եւ բացառենք օտար շահերի սպասարկման նույնիսկ տեսական հավանականությունը»:

Մեր զրուցակիցն առաջարկում է ներազգային քննարկման հետեւյալ ձեւաչափը՝ Հայաստանի երեք նախկին նախագահներ, ՀՀ վարչապետ, գործող նախագահ, Արցախի նախագահ, Ամենայն Հայոց կաթողիկոս, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս, Կոստանդնուպոլսի պատրիարք, Երուսաղեմի պատրիարք, Հայ Յեղափոխական Դաշնակցություն: Նախաձեռնությունը պետք է լինի Ամենայն Հայոց կաթողիկոսինը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Դաշնակցությու՞նն ինչ ցավս էր էստեղ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031