Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք ղեկավարների հրահրող հայտարարությունները խախտել են տարածաշրջանի արդեն իսկ փխրուն խաղաղությունը. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Հուլիս 31,2020 20:25

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հոդվածը Newsmax ամերիկյան լրատվական կայքում

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի ներգրավվածությամբ վերջին սահմանային բախումները ցույց են տալիս, որ հիբրիդային պատերազմի սխալ հաշվարկները կարող են հանգեցնել քաղաքական և ռազմական լուրջ հետևանքների։ Վերջին շաբաթների ընթացքում ականատես եղանք Հայաստանի հարևան Ադրբեջանի կողմից ագրեսիայի մեծ աճի։

Հուլիսի 12֊ին ադրբեջանական ուժերը անսպասելի հարձակվեցին հյուսիսային հատվածում գտնվող Տավուշի մարզի հայկական դիրքերի վրա։ Ագրեսիայի հետևանքով մահերի թվի աճին զուգահեռ, Ադրբեջանի կառավարությունը խրախուսեց հակահայկական ատելությունը և նույնիսկ սպառնաց հրթիռակոծել Հայաստանի ատոմակայանը։

Այդ սպառնալիքը միջազգային իրավունքի ու մարդասիրական չափորոշիչների խախտում է, որը հիշեցնում է 20֊րդ դարի սկզբի կոտորածները։ ԵԱՀԿ հովանու ներքո ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից առաջնորդվող միջազգային հանրության որոշիչ գործողությունները կարող են հստակ տարբերակման հանգեցնել՝ կամ վերադառնալ լարված ռազմական գործողությունների, ներառյալ լայնածավալ պատերազմ կամ հակառակը՝ էսկալացիայի թուլացման։ Այս առումով արժե անդրադառնալ հակամարտության վերջին լարվածությանը:

Հուլիսյան ռազմական ընդհարումները, ներառյալ հատուկ նշանակության գործողությունները, հրետանային մարտերը, անօդաչու սարքերի օգտագործումը և կիբերպատերազմը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից նախաձեռնված ավելի մեծ հիբրիդային պատերազմի մաս են կազմել։ Ռազմավարությունը մանրակրկիտ նախագծվել է Ադրբեջանի կողմից 2011թ Լեռնային Ղարաբաղին վերաբերող կազանյան փաստաթուղթը մերժելուց ի վեր։ Այդ փաստաթուղթը խաղաղության առաջարկը էր, որ ամենաբարձր մակարդակով ներկայացրել էին ԱՄՆ, Ֆրանսիան ու Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի կողմից վարվող հիբրիդային պատերազմը ստացել է էլ ավելի ինտենսիվ բնույթ։

Մինչ վերջերս, հրադադարի խախտման գագաթնակետը 2016 թվականի ապրիլն էր, երբ ադրբեջանական զինուժը նախաձեռնեց լայնածավալ հարձակում՝ նպատակ ունենալով նվաճել Լեռնային Ղարաբաղը։ Այդ ժամանակ բանակցությունները հաջողությամբ չպսակվեցին, քանի որ Ադրբեջանը որդեգրեց առավելապաշտական դիրքորոշում, որը պահանջում էր միակողմանի զիջումներ հայկական կողմից։

Ակնհայտ է, որ այդ «հարկադրանքի դիվանագիտությունը» չաշխատեց։ Ադրբեջանական նավթային բռնապետությունը ստիպված էր բացատրել այդ ձախողումը իր սեփական ժողովրդին, ինչը հեշտ չէր։ Այդպիսով, Բաքվի ղեկավարությունը ուշադրությունը շեղելու համար դիմեց վտանգավոր քայլերի՝ առավել ակնհայտ ռազմական սադրանքների և ավելի ռազմատենչ հռետորաբանություն Հայաստանի հանդեպ:

Մինչդեռ հուլիսյան հարձակումները հաջողությամբ հետ են մղվել առ այսօր, սակայն Ադրբեջանը շարունակում է իրականացնել խախտումներ: Շաբաթվա սկզբին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից սպանվել է հայ զինվոր և ադրբեջանական զինուժը սկսել է լայնածավալ ռազմական վարժանքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններին: Միևնույն ժամանակ, Թուրքիան սպառնում է «պատժել» Հայաստանին:

Այս զարգացումները ցույց են տալիս, որ վերջին հրադադարը դեռ չափազանց փխրուն է: Տարիներ շարունակ բռնապետական կառավարման հետևանքով զայրացած և հակահայկական քարոզչությամբ ռմբակոծվող բնակչությանն առերեսվելով, ադրբեջանական կառավարությունը դեռ գայթակղված է էլ ավելի լայնածավալ ռազմական բախումներ նախաձեռնելով:

Թուրք ղեկավարների հրահրող հայտարարությունները խախտել են տարածաշրջանի արդեն իսկ փխրուն խաղաղությունը: Նրանք ոչ միայն շարունակում են համառորեն ընդդիմանալ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլև սպառնում են շարունակել այդ հանցագործության ժառանգությունը՝ ոգևորելով Ադրբեջանի ագրեսիան:

Որո՞նք են այն քայլերը, որ միջազգային հանրությունը կարող է ձեռնարկել այժմ տարածաշրջանում վտանգավոր ռիսկերը կանխելու համար: Հայ-ադրբեջանական սահմանի և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծի երկայնքով վստահություն և անվտանգություն ապահովող գործուն մեխանիզմները կարող են կանխարգելել առանձին խախտման դեպքերի վերահսկողությունից դուրս գալը: Բոլորի շահերից է բխում նվազագույնի հասցնել պատերազմի հավանականությունը, որը կարող է բռնկվել սխալների արդյունքում:

Միջազգային հանրությունը պետք է աջակցի միջնորդների գործունեությանը և ճնշում գործադրի ավելի վերահսկելի վստահության մեխանիզմների, ներառյալ՝ հետաքննության մեխանիզմների ներդրման համար, որոնք կօգնեն պահպանել հրադադարը: Հայաստանը, որն ընդամենը երկու տարի առաջ է ունեցել խաղաղ, ժողովրդավարական հեղափոխություն, կշարունակի գործել բարի կամքով և զուսպ, մինչդեռ իրեն վերապահում է իրավունք պաշտպանել իր սահմանները և ապահովել իր բնակչության համար խաղաղություն ու կայունություն: Ադրբեջանը պետք է անցնի այդ ճանապարհի իր հատվածը, չպետք է փորձարկի Հայաստանի վճռականությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, ով հայտարարեց, որ հակամարտության ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների, այնպես էլ Ադրբեջանի ժողովրդի համար:

Փոխադարձության դուռը դեռ բաց է և խաղաղությունն առավել նախընտրելի է պատերազմից, հատկապես այնպիսի պատերազմից, որը հիմնված է վտանգավոր ու սխալ հաշվարկների ու թյուրընկալումների վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031