Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
Նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող ընթացիկ ծրագրերը:
Նախարար Պապիկյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է խորհրդակցության հրատապությանն ու կարևորությանը: Նախարարի խոսքով թեպետ արտակարգ դրության ժամանակ աշխատանքը տարածքային կառավարման բնագավառում ընթացել է բնականոն կերպով, այնուամենայնիվ, երկարատև ընդմիջումից հետո նմանօրինակ ձևաչափով աշխատանքային հանդիպումը հնարավորություն է տալիս առավել մանրամասն քննարկել 2020թ. առաջին կիսամյակում արձանագրված ընդհանուր խնդիրները և դրանց համակարգային լուծումները:
Խորհրդակցության օրակարգային հարցերի թվում հատկապես կարևորվել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը:
Կարդացեք նաև
«Այս տարի հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն 44,7 մլրդ դրամ է, որից պետության համաֆինանսավորումը կազմում է 24,8 մլրդ դրամ: Սա խոսում է այն մասին, որ կառավարություն-համայնք համագործակցության շրջանակում դեռ նախորդ տարիներին մեր կողմից սահմանված նշաձողերին հասնելու ուղղությամբ շոշափելի քայլեր են արվել, ներկայացված հայտերի առումով համայնքները ցուցաբերել են աննախադեպ ակտիվություն, ինչի արդյունքում այս տարի ունենք հաստատված 701 սուբվենցիոն ծրագիր: Համեմատության համար պետք է նշել, որ 2018 և 2019թ. միասին հաստատվել էր 618 հայտ»,- ասել է նախարար Պապիկյանը:
Նախարարը մարզպետների ուշադրությունն է հրավիր ծրագրերի մրցութային գործընթացների կազմակերպման վրա և հորդորել հետևողական լինել մեկնարկող շինարարական աշխատանքների ընթացքի ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև նախորդ տարի հիմնականում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով հետաձգված ծրագրերին: Հանձնարարվել է կապալառուների կողմից ստանձնած պարտավորությունների և փաստացի կատարողականի հիման վրա ամփոփել ավարտական արդյունքները:
Նախարար Պապիկյան մարզպետների հետ քննարկել է նաև 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։ Արձանագրվել է, որ 2020թ. առաջին կիսամյակում հավաքագրվել է 8,2 մլրդ դրամ, ինչը 1,3 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ Նշվել է, որ ցուցանիշների անկումը մեծապես պայմանավորված է եղել համավարակի տնտեսական հետևանքներով։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև մարզպետարանների օպտիմալացման հարցը, ընդգծվել է, որ նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները բխելու են մարզպետարանների գործառույթային առանձնահատկություններից և միտված են լինելու այդ գործառույթների առավել լիարժեք իրականացմանը։ Նախատեսվում է, որ մարզպետը կունենա մեկ տեղակալ:
Ի թիվս վերոշարադրյալի՝ խորհրդակցության շրջանակներում քննարկվել են օրակարգային այլ հարցեր ևս, որոնք առնչվել են շարժական սպանդանոցներին, Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մարզերում գրանցված վնասներին և առաջիկայում այս համատեքստում խնդիրների լուծման տարբերակներին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հասարակայնության հետ կապերի բաժին