«Մոռանում ենք, որ հակամարտությունը երեսուն տարի ընթանում է, եւ Ադրբեջանի նոր սերունդը չի ապրել հայերի հետ: Նա լսել է հայերի մասին, բայց չունի փորձ, որն ունի իմ սերունդը: Իմ սերունդը մի հանրապետությունում (նկատի ունի՝ ԽՍՀՄ-ում.-խմբ.) է ապրել, ունի փորձ եւ տեսել է պատերազմը, ի տարբերություն նոր սերնդի»,-«Հոդված 3» մամուլի ակումբի կազմակերպած՝ «Հարավային Կովկասը հայ-ադրբեջանական մարտերից հետո. Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության սահմանները» թեմայով տեսաքննարկման ժամանակ այսօր ասաց կոնֆլիկտաբան, պատմաբան, Հոլանդիայում գտնվող ադրբեջանցի քաղաքական էմիգրանտ Արիֆ Յունուսովը՝ անդրադառնալով տավուշյան էսկալացիայի վերաբերյալ ադրբեջանական հանրության արձագանքներին:
https://www.facebook.com/article3club/videos/2916864965091807
Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանի հասարակությունը շատ է հոգնել արցախյան հակամարտության անպտուղ բանակցություններից եւ Ալիեւի խոստումներից. «Ալիեւն իր խոսքերը կրկնում է արդեն 17 տարի եւ ասում ՝«եթե պետք լինի»…Մարդիկ հարցադրում են անում՝ նա ե՞րբ է ի վերջո խոստացածն անելու: Այսինքն, Ադրբեջանի հանրությունը ծայրահեղացված է, ինչը տեսանք նաեւ տավուշյան իրադարձությունների ժամանակ: Կորուստները, ի տարբերություն ապրիլյան դեպքերի, այդքան մեծ չէին, բայց հանրության ռեակցիան ավելի ուժեղ էր: Կարող ենք որպես պատճառ նշել նաեւ այն, որ մարդիկ հոգնել են Ալիեւի իշխանությունից, համավարակից, բայց նոր սերունդը եւս հոգնել է ու այդ սերունդն է առաջնագծում, ոչ թե իմը»:
Մեկնաբանելով տավուշյան դեպքերի առնչությամբ Թուրքիայի կոշտ արձագանքները՝ Արիֆ Յունուսովը նշեց, որ Թուրքիայի համար իրականում ավելի կարեւոր է ոչ թե կովկասյան տարածաշրջանը, այլ Մերձավոր Արեւելքը, որտեղ իր անվտանգության համար սպառնալիք կա. «Իսկ կովկասյան տարածաշրջանի դեպքում Թուրքիան սպառնալիք չի տեսնում Հայաստանի կամ Արցախի կողմից: Սա աշխարհաքաղաքական խաղ է պարզապես: Ես համաձայն չեմ, որ մեծ պատերազմ կլինի»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Էլմար Մամեդյարովի՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականին՝ բանախոսը համոզմունք հայտնեց, որ Մամեդյարովը բանակցային գործընթացում գլխավոր դեր չուներ, քանզի վերջին խոսքն Ալիեւինն է. «Նրա համար վերջին շրջանում իրավիճակը բարդ է, եւ Մամեդյարովի հրաժարականը բանակցությունների վերաբերյալ դժգոհության արտահայտում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից «Մադրիդյան սկզբունքների» առաջադրման առնչությամբ»:
Յունուսովը նկատեց՝ երբ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Ադրբեջանում մեծ հետաքրքրություն էր ՀՀ-ի հանդեպ. «Շատերը, այդ թվում՝ քաղաքական շրջանակներում, առաջին անգամ հետաքրքրությամբ էին հետեւում հայաստանյան իրադարձություններին: Անգամ Իլհամ Ալիեւն այդ ժամանակ ՀՀ-ում իշխանության փոփոխության իրավիճակից չօգտվեց: Կար հույս, որ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ: Այո, Սարգսյանը շատ վատ հարաբերություններ ուներ Ալիեւի հետ: Հույս կար, որ Փաշինյանի հետ իրավիճակը կփոխվի: Սկզբնական շրջանում եղան հետաքրքիր բանակցություններ, բայց Ադրբեջանում իրավիճակը կտրուկ փոխվեց (ՀՀ-ում դա դեռեւս չեն հասկանում), երբ Փաշինյանն այցելեց Արցախ եւ հայտարարեց, որ Արցախը ՀՀ-ի մաս է: Դա պայթեցրեց Ադրբեջանի հասարակությանը եւ խաղաց այնպիսի դեր, ինչպիսին ունեցավ Ալիեւի՝ Երեւանի մասին հայտարարությունը»:
Արիֆ Յունուսովը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի նշյալ հայտարարությունը պոպուլիստական էր եւ ուղղված սեփական հանրությանը, նույնը եւ Ալիեւի հայտարարությունը, բայց երկու կողմերն էլ այդ հայտարարությունը բացասական քողի ներքո ընկալեցին. «Հարցադրումը հետեւյալն էր՝ եթե Ղարաբաղը Հայաստանի մասն է, այդ դեպքում էլ ի՞նչ խոսակցություն ծավալեն Հայաստանի հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ