Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրիզմի ոլորտը մնացել է մեն-մենակ՝ ֆինանսական ճգնաժամի հետ

Հուլիս 31,2020 17:54

«Ասել՝ տուրիզմի ոլորտն անկում է ապրում, բավականին մեղմ է ասված: Հայաստանում այս ոլորտը եւ նրա հետ փոխկապակցված բոլոր ոլորտները գտնվում են աղետալի վիճակում, բայց ամենավատ վիճակում զբոսաշրջության ոլորտն է»,-ասում է «Planet Travel Club» տուրիստական ընկերության ղեկավար Արմեն Երանոսյանը: Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցչի խոսքով՝ ամենավատն այն է, որ չգիտեն ու չեն պատկերացնում՝ ինչպես պետք է դուրս գան այս վիճակից:

Այսօր պարոն Երանոսյանը «Փաստարկ» մամուլի ակումբում ներկայացրեց բոլոր այն խնդիրները, որոնց լուծումներն այդպես էլ կառավարությունը չի գտնում: Նրա խոսքով՝ բիզնեսը զարգացնելու, երկիրը գովազդելու համար շատ տուրընկերություններ վարկային միջոցներ են ներգրավել եւ այսօր չեն կարողանում այդ պարտավորությունները կատարել:

«Եթե արտակարգ դրությունից հետո մնացած ոլորտները, ինչ-որ չափով, թեթեւակի կարողացան վերականգնել իրենց դրությունը՝ այսինքն՝ որոշակի գումարներ ներգրավել, աշխատել, մենք պահպանեցինք աշխատատեղերը, բայց հայտնվեցինք հիմար իրավիճակում:
Արտակարգ դրության ժամանակ հայտարարված վարկային արձակուրդից հետո, մայիսի 25-ից սկսած, այդ ամբողջ գումարները վերաբաշխվեցին, տոկոսադրույքները նույնպես պահպանվեցին, և չնայած զբոսաշրջության ոլորտը չի աշխատում, բայց բանկերը պարտադրում են գործընկերություններին վճարել ե՛ւ այդ տոկոսները, ե՛ւ մայր գումարները»:

Արմեն Երանոսյանի խոսքով՝ անգամ շանս չունեն, որեւէ մի աղբյուրից գումարներ ներգրավել, որպեսզի բանկերի նկատմամբ պարտավորությունները կատարեն. «Քանի որ չկան եկամուտներ, ամեն մի տուրիստական կազմակերպության համար վճարել այդ գումարները՝ պատուհաս է: Ստիպված են սեփական միջոցներից վճարել, սակայն դրանք էլ չկան»:

Գործընկերությունները դիմում են բանկերին՝ որոշ զիջումների գնալ, սակայն, ըստ Արմեն Երանոսյանի, բանկերը պարտադրում են մարտ ամսից սկսած՝ մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածը ե՛ւ մայր գումարը, ե՛ւ տոկոսները վճարել, ինչը հսկայական գումար է կազմում. «Այլապես՝ սպառնում են գցել «սեւ ցուցակ» եւ դասակարգել: Երբ պահանջում ենք վերավարկավորել մեզ, այսինքն՝ մարել նախկին վարկը, նոր վարկ տալ, որի մի մասը կուղղենք մեր գործունեությանը, որպեսզի ոտքի կանգնենք, նրանք տուրիզմը համարում են անհուսալի ոլորտ եւ մերժում են»:

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու կառավարության աջակցության ծրագրերն էլ այս ոլորտի ներկայացուցիչների համար անհասանելի են: Ինչպես պարոն Երանոսյանն է ասում, ծրագրերով նախատեսված սուբսիդավորումը կամ համաֆինանսավորումը բանկերի տրամադրության ներքո է, հետեւաբար, որպես անհուսալի ոլորտ՝ տուրընկերությունների դիմումները այս ծրագրերով էլ մերժվում են:

«Ոլորտը մնացել է մեն-մենակ՝ ֆինանսական ճգնաժամի հետ: Եվ պետք է լուծի իր խնդիրները իր հնարամտությունների շնորհիվ»,-ասաց պարոն Երանոսյանը՝ հույս ունենալով, որ պետությունը գոնե այսուհետ կտա ճանապարհային քարտեզ՝ ինչպես է պատկերացնում հետագան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Տեսանյութը՝ «Փաստարկ» մամուլի ակումբի յութուբյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031