Լրահոս
Օրվա լրահոսը

«Կսթափեցնի, չի սթափեցնի, խնդիրն այն է՝ անձանց իրավունքները խախտվել են: Պահանջում ենք հերքում և ներողություն». Արամ Օրբելյանը՝ Խաչատրյանների ՝ընդդեմ Մանե Գևորգյանի և Նիկոլ Փաշինյանի գործի մասին

Հուլիս 31,2020 17:19

Հուլիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Սարգիս Երիցյան) տեղի ունեցավ Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիներն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակ Մանե Գևորգյանի գործով առաջին դատական նիստը:

Խաչատրյանները պահանջում են Մանե Գևորգյանից զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել ու ներողություն խնդրել:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը պատասխանել էր Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին: Նա, մասնավորապես նշել էր. «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով՝ Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը»:

Խաչատրյանների ներկայացուցիչ Արամ Օրբելյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ իրենց պահանջը նույնն է մնացել. «Հերքել, վիրավորանքի համար ներողություն խնդրել: Գումարային պահանջ չկա»: Հարցին, քանի որ գումարային պահանջ չկա, հնարավո՞ր է սա ուղղակի սթափեցնող հանգամանք է վարչապետի խոսնակի և վարչապետի հայտարարությունների հետ կապված, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Իրավական պաշտպանության գործիք է: Հիմա՝ թե կսթափեցնի, չի սթափեցնի, խնդիրն այն է՝ անձանց իրավունքները խախտվել են, նրանք ցանկանում են այդ իրավունքները պաշտպանել: Թե ավելի լայն օրակարգում ինչ նպատակներ կան, չկան, կազդի, չի ազդի, դրա մասով, եթե նպատակահարմար գտնի ավելի լայն համատեքստում մեկնաբանություններ տալ, կարծում եմ իմ վստահորդը կտա»:

Այսօրվա դատական նիստը կարճ տևեց: Կողմերը ներկա էին, սակայն նախագահող դատավորը դատավորների ընդհանուր ժողովի հետ կապված՝ չէր կարող նիստը երկար վարել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031